Թուրքական գրկախառնություն Արարատի փեշերին

1734
Azerbaijani president Haydar Aliyev (L) is welcomed by Turkish President Suleyman Demirel (R) May 5 in Ankara's Esenboga airport. At far right is a Turkish State Minister Abdullah Gul attending the welcoming ceremony for the visiting Azeri President in Ankara. TURKEY

Հատված ԿԱՆԱՉ եւ ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

1992թ. մայիսի 28-ին թուրք-նախիջեւանյան սահմանում` Արաքսի ձախ ափին, Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հավաքված հազարավոր ադրբեջանցիներին դիմում, բացականչում էր. ՙՍիրելի’ ադրբեջանցի թուրքեր, սիրելի’ նախիջեւանցի թուրքեր: Մենք այստեղ ենք` ձեզ ասելու, որ միայնակ չեք: Արազի վրայով այսօր մենք բացում ենք հույսի կամուրջը, որն Էգեյան ծովից մինչև Չինաստան ճանապարհ բացելու առաջին քայլն է՚:

Ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցն ականատեսի աչքերով գրում է. ՙՕդանավի դուռը բացվեց, երևաց Դեմիրելն իր նշանավոր ֆեդորայով: Նա իջնում էր աստիճաններով` դեպի Հեյդարի գիրկը: Տասնյակ լուսանկարչական ապարատներ և տեսախցիկներ արձանագրում են պատմական պահը. վերջապես Դեմիրելն ու Ալիևը միասին են: Կան համառ ասեկոսեներ, թե Ադրբեջանի իշխանական ու անվտանգության համակարգում Ալիևի վերելքը նախատեսված էր ՊԱԿ-ի ՙԿապույտ աչքեր՚ գործողության իրականացման հեռանկարով` 1960-70-ական թվականներին Թուրքիայի քրդերի շրջանում հրահրել ապակայունություն եւ անհանգստություն: Նայելով Հեյդարի կոկորդիլոսի անթարթ աչքերին` հասկանալի է, թե որտեղից է գալիս ՙԿապույտ աչքեր՚ անվանումը: Եվ ահա այստեղ` Արարատ լեռան ստվերի տակ, Դեմիրելն ու Ալիևը կազմակերպել էին պանթուրքական տոնակատարություն՚:

Նախիջևանը Ղարաբաղի և Զանգեզուրի հետ 20-րդ դարի սկզբներից համարվել է վիճելի տարածք Հայաստանի առաջին հանրապետության և մուսավաթական Ադրբեջանի միջեւ: 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջևկնքված պայմանագրի երրորդ հոդվածում ասվում էր. ՙԵրկու պայմանավորվող կողմերը համամիտ են, որ Նախիջևանի մարզը…  կազմի ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության՚:

Նույն տարվա հոկտեմբերի 13-ին կնքվեց Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջևմի կողմից և Թուրքիայի միջեւ` մյուս կողմից, Ռուսաստանի մասնակցությամբ: Հինգերորդ հոդվածում ասվում էր. ՙԹուրքիայի կառավարությունը և Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի երրորդ հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամակալության ներքո՚:

1924թ. Նախիջևանը, որտեղ հայ բնակչությունը նոսրացել էր, ինքնավար հանրապետության կարգավիճակ ստացավ Ադրբեջանի կազմում: 1988թ. Նախիջևանում հայ բնակչության թիվը կազմում էր երկու տոկոսից պակաս: Խորհրդային տարիներին Նախիջևանով էին անցնում Հայաստանի համար կենսական ճանապարհները, առաջին հերթին` երկաթուղին` Երևան-Բաքու, Երևան-Կապան, Երևան-Ջուլֆա-Թավիրզ: Դարերի ընթացքում Հայաստանը տասնյակ հազարավոր կիլոմետր տարածքներ է կորցրել, սակայն ամենաանարդարը Նախիջևանի` Հայոց միջնաշխարհի, կորուստն էր 20-րդ դարի առաջին տասնամյակներում:

Մուդրոսի զինադադարով Թուրքիան 1918թ. հոկտեմբերի 30-ին անձնատուր եղավ և Անգլիայի ճնշման տակ պարտավորվեց իր զորքերը դուրս բերել նաև Անդրկովկասից ու Հայաստանից: Մինչեւ 1919թ. հունիս Հայաստանի սահմանների մեջ են մտնում, որոշ դեպքերում առանց դիմադրության, Լոռի-Փամբակը, Ալեքսանդրապոլի գավառը, Էջմիածնի գավառի մնացած մասը, Սուրմալուն, Շարուրը, Նախիջևանը, Կարսի նահանգը:

Հայկական ուժերը 1918-ի դեկտեմբերին Շարուրում հանդիպեցին մահմեդականների դիմադրությանը: Ջաֆար Ղուլի խանը Նախիջևան ում հռչակել էր, այսպես կոչված, Արաքսի հանրապետությունը: Հայկական զորքերին հաջողվում է Նախիջևան  քաղաքը վերցնել 1919թ. մայիսին` անգլիական զորքերի աջակցությամբ: Հայաստանի կառավարությունը ծրագրեց Շարուր-Նախիջևանը հանրապետության կազմի մեջ մտցնել որպես առանձին նահանգ` ենթաբաժանված Գողթանի (Օրդուբադ), Նախիջևանի և Շարուրի շրջանների` Ագուլիս, Նախիջևան և Բաշ-Նորաշեն վարչական կենտրոններով: Գևորգ Վարշամյանը նշանակվեց նահանգապետ: Մի հատուկ հանձնախումբ, որի կազմի մեջ մտան Վարշամյանը, վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, զորավար Դրոն ևւ զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյանը, ավարտեց միացման մանրամասները, թեև գործընթացի վերաբերյալ կարծիքների միասնականություն չկար, գրում է ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը:

Դրոն պնդում էր, որ ամբողջ ճակատով սրբող-մաքրող հարձակումը Նախիջևանի վրա միակ միջոցն է, որի շնորհիվ Երևանը կկարողանար ազատվել ապստամբության և անջատման մշտական սպառնալիքից, և որի շնորհիվ մահմեդական բնակչությունը կհակվեր կառավարության հետ խաղաղություն պահպանել: Կառավարությունն առարկում էր` պաշտպանելով Կարսում նահանգապետ Ստեփան Ղորղանյանի որդեգրած քաղաքականությունը. զգուշավոր, խաղաղասիրական մոտեցում մահմեդականների հնազանդությունն ու հավատարմությունն ապահովելու համար:

Հայաստանի իշխանությունը Նախիջևանի վրա տարածելու համաձայնագիրը հրապարակվեց 1919թ. մայիսի 3-ի հռչակագրով, որը ստորագրել էին Դրոն եւ որպես վկա` գեներալ Դեյվին: Դաշնակիցների և  հայկական կառավարության որոշմամբ, երեւանյան զորամասի ջոկատները Դրոյի գլխավորությամբ պետք է անցնեին Նախիջևան` բոլոր բնակիչների համար ապահովելու կյանքի խաղաղ պայմաններ: Մայիսի 13-ին Խատիսյանը, Դեյվին և Վարշամյանը գնացքով շարժվեցին դեպի Նախիջևան, որտեղից Խատիսյանը և Դեյվին ուղեւորվեցին հարավ` մինչևՊարսկաստանի սահմանը: Այս կենսական ճանապարհը դեպի արտաքին աշխարհ վերջապես բացվում էր Հայաստանի համար: Ջուլֆայից Խատիսյանը հեռագիր հղեց Պարսկաստանի վարչապետին, ի պատասխան Վոսուղ էդ Դոուլեն ողջունեց և դրվատեց հայ-պարսկական կապերը: Խատիսյանը մայիսի 16-ին վերադարձավ Երևան, չորս օր անց հայկական զորքերի առաջին վաշտը մտավ Նախիջևան:

Սակայն Նախիջևանը ընդամենը երկու ամիս, այն էլ ոչ լիովին, մնաց Հայաստանի վերահսկողության տակ: ՙ1919թ. հուլիսին հայկական իշխանությունը ծանր անհաջողություն էր ունեցել Նախիջևանում, որտեղ հաստատված էր հայ նահանգապետություն, կային փոքրաթիվ հայ զորքեր, բայց ազգաբնակչությունը, որ գրեթե ամբողջությամբ կազմված էր մահմեդականներից, գտնվում էր տաճիկների և ազրբեջանցիների ազդեցության տակ՚,- գրում է Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը:

Հայաստանի նախարարներից Արտաշես Բաբալյանը հավելում է. ՙ1919թ. գարնանը անգլիական զորքերը գրավեցին Շարուրն ու Նախիջևանը և այդ երկու գավառների իշխանությունը ևս հանձնեցին մեզ: Հազիվ երկու ամիս կարողացանք պահել. տեղական թաթար ազգաբնակչությունը, ղեկավար ունենալով տաճիկ սպաներին, հուլիսի 23-ին ապստամբեց մեր իշխանության դեմ, և մեր զորքերը ստիպված եղան մեծ կորուստներ տալով նահանջել դեպի Երևան: Ապստամբության ժամանակ անգլիական զորքեր չկային, և դա եղավ պատճառը, որ նախիջեւանցիները գլուխ բարձրացրին և  հարձակվեցին մեր զորքերի վրա և խլեցին իշխանությունը մեր ձեռքից: Զուր էին մեր կառավարության դիմումներն ու թախանձագին խնդրանքները որոշ ժամանակով ևսպահելու անգլիական փոքրաթիվ զորքը Նախիջևան ում՚:

Հեյդար Ալիևի վերադարձը

Քաղբյուրոյից հեռացվելուց և մի քանի տարի Մոսկվայում բնակվելուց հետո Հեյդար Ալիևը վերադարձել էր ծննդավայր, 1991թ. սեպտեմբերին դարձել ինքնավարության խորհրդարանի նախագահը, որը Նախիջևանում բարձրագույն պաշտոնն է: Ալիևը լավ հարաբերություններ էր հաստատել Իրանի և Թուրքիայի հետ: Ղարաբաղյան երեքամյա ռազմական գործողությունների ընթացքում Նախիջևանը, բացառությամբ սահմանային մի քանի ընդհարումների, չներքաշվեց արյունալի պատերազմի մեջ: Սրանում քիչ չէր նաև Ալիևի ներդրումը:

Նախքան Ալիևի` Նախիջևանում իշխանության գալը, երբ դեռ Խորհրդային Միությունը չէր փլուզվել, ՀՀ-Նախիջևան  սահմանում տեղի էին ունեցել զինված բախումներ: 1990թ. հունվարի 12-13-ը հայկական ուժերը գրավել էին վարչականորեն Նախիջևանին պատկանող, Արարատի շրջանում ՙկղզյակի՚ վերածված Քյարքի գյուղը (Տիգրանաշեն): Մոտ մեկ շաբաթ անց հայ-ադրբեջանական բախումներ էին տեղի ունեցել Երասխ-Սադարակ հատվածում, փոխհրաձգության ընթացքում զոհվել էր Հայաստանի անկախության պայքարի նվիրյալներից Մովսես Գորգիսյանը:

Հայաստանի առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը 1992-1993թթ. ընթացքում հեռախոսային կապ էր պահպանում Ալիևի հետ: Նա նկատում է. և’ Հայաստանը, և’ Նախիջևան ն ունեին իրենց շահագրգռությունները, որ նոր ճակատ չբացվի: ՙԱլիևն ինչ-որ իմաստով այդ տարածքի արքան էր: Էլչիբեյը շատ կուզենար նրան հեռացնել, բայց անհնար էր, քանի որ Ալիևը վայելում էր ժողովրդի հարգանքը, եւ նրան ձեռք տալը դժվար էր: Ալիևը շահագրգռված էր, որ Նախիջևանում չլինի պատերազմ, մենք զգացինք այդ շահագրգռությունը: Բացի այդ, Նախիջևանը խոցելի էր, պատերազմ սկսվելու դեպքում ամբողջ շրջանը կվերածվեր ռազմադաշտի: Մեզ էլ պետք էր զերծ մնալ երկրորդ ճակատ բացելուց: Գնալով խոր առճակատման Նախիջևանում, մեծ վտանգ էր ստեղծվում Թուրքիայի հնարավոր միջամտության իմաստով, մանավանդ, որ նման միջամտության քայլեր Թուրքիան արել է: Տարբեր կարգի օգնությունների հետ Նախիջևանն ստանում էր նաև Թուրքիայի ռազմական օգնությունը, այնտեղ սկսեցին տեղափոխվել Թուրքիայի ռեզերվիստները` կամավորների տեսքով՚:

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Արա Սահակյանը 1992թ. ընթացքում մասնակցել է հայ-նախիջևանյան հանդիպումներին: Նա ասում է, որ սահմանի այդ հատվածում խաղաղությունը ձեռնտու էր Հայաստանին, և հնարավոր եղավ խուսափել երկրորդ ճակատից: ՙԱյս հանդիպումների նախաձեռնությունը Տեր-Պետրոսյանինն էր, իսկ մանրամասնումը եւ մշակումը կատարում էր Մանուչարյանը: Հայաստանի իշխանությունները նախիջևանյան ուղղությունը չէին անտեսում: Համարվում էր, որ ինչ-ինչ հանգամանքներում այդ ճակատում պատերազմը կարող է պարտադրվել: Այս հարցում խանգարող մի խութ կար. Թուրքիան ու Նախիջևանի իրավական կարգավիճակը: Մենք հասկանում էինք, որ ռազմական գործողությունները Նախիջևանի տարածք փոխադրելով` Թուրքիային կներքաշեինք հակամարտության մեջ: Մեր հիմնական քաղաքական ուղղությունը Թուրքիային չեզոքացնելն էր և թույլ չտալը նրա ներքաշումը հակամարտության մեջ՚:

1992թ. Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթը, կառավարությանը նախազգուշացնելով Խոջալուից հետո Նախիջևանի վրա հայերի հնարավոր հարձակումից, պահանջեց պաշտոնապես հայտարարել, որ որևէ հարձակում Նախիջևանի վրա կդիտվի հարձակում Թուրքիայի վրա: Լաչինի գրավման առիթով մայիսի 18-ին խորհրդակցություն հրավիրվեց թուրքական բանակի գլխավոր շտաբում, ապաª կառավարությունում: ԱՄՆ-ում ապաքինվող նախագահ Թուրգութ Օզալը հայտարարեց, որ Թուրքիայի համբերությունը նույնպես սահման ունի: Հետեւեց ԱՊՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար, մարշալ Եվգենի Շապոշնիկովի նախազգուշացումը` եթե ևս մեկ պետություն միանա ղարաբաղյան հակամարտությանը, ապա ՙմենք կարող ենք հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին՚:

1992թ. մայիսի 20-ին հատուկ հայտարարություն է անում նաև Հայաստանի նախագահը. ՙՎերջին շրջանում Նախիջևանի տարածքից անընդհատ փորձեր են արվում ապակայունացնելու իրադրությունը սահմանի վրա, եւ առաջ է քաշվում այն մտացածին վարկածը, թե Հայաստանը ռազմական գործողություններ է սկսել Նախիջևանի դեմ: Ակնհայտ է, որ սա տեղի է ունենում երրորդ ուժերի դրդմամբ ևւ նպատակ է հետապնդում ստեղծել քաղաքական պատրվակ` ուղղակի միջամտության համար: Հայաստանը հայտարարում է, որ հենց այսօր էլ պատրաստ է Նախիջևանի հետ կնքել համակողմանի համագործակցության պայմանագիր` Հայաստանի և Նախիջևանի սահմանը լիակատար անվտանգության եւ կայունության գոտու վերածելու նպատակով՚:

Շուշիի և Լաչինի մարտերի ընթացքում Անկարայի ուշադրության կենտրոնում Նախիջևան ն էր: 1992-ի մայիսի կեսերին Հեյդար Ալիևն օգնության խնդրանքով դիմել էր Թուրքիային: Մայիսի 25-ին պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել Դեմիրելը, ռուս-թուրքական բարձր մակարդակով բանակցություններում առանցքային թեմաներից էր ԼՂ-ում ստեղծված վիճակը: Մայիսի վերջերին ուժգնանում են փոխհրաձգությունները սահմանի Երասխ-Սադարակ հատվածում: Ալիևի պնդումներին, թե Հայաստանը Նախիջևանի նկատմամբ ունի ագրեսիվ մտադրություններ, Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանեց. ՙԱդրբեջանական կողմը սահմանի այդ հատվածում ռազմական գործողություններ է հրահրում` նպատակ ունենալով արդարացնել երրորդ պետության հնարավոր միջամտությունը՚:

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչները 1992-ի հունիսի 19-ին հրավիրվեցին արտգործնախարարություն, որտեղ նրանք տեղեկացվեցին Զանգելանից և Օրդուբադից սպառնացող հավանական զինված հարձակման մասին: Նույն օրը երեկոյան Տեր-Պետրոսյանը հեռուստատեսությամբ հայտարարեց. ՙԱդրբեջանի առավել արմատական քաղաքական շրջանակները սկսել են իրականացնել Հայաստանի հարավային սահմանների գրավման և Հայաստանի ու Իրանի միջև ընդհանուր սահմանի վերացման վաղօրոք մշակված ծրագրերը: Ադրբեջանի աննախադեպ ռազմական ակտիվությունը ԼՂ-ում, Մեղրիի սահմաններում կենտրոնացած ուժերը և  ռազմական միջոցները վկայում են, որ նման ծրագրերը բարձրացվում են պետական քաղաքականության աստիճանի: Օրդուբադի ևւ Զանգելանի շրջաններում կենտրոնացված է Ադրբեջանի ռազմական ուժերի առնվազն տասը մոտոհրաձգային վաշտ` համալրված մեծ քանակությամբ հրանոթներով և զրահատեխնիկայով եւ պատրաստ է հարձակում սկսել Հայաստանի վրա՚:

Տեր-Պետրոսյանի հրամանագրով արտակարգ դրություն է հաստատվում Մեղրիի և Կապանի շրջաններում: Մի քանի ամիս անց լարվածությունը մեղմվում է, օգոստոսից սկսվում և ավելի քան կես տարի շարունակվում են հայ-նախիջևանյան շփումները սահմանի մեկ հայկական, մեկ նախիջևանյան հատվածում: Մանուչարյանը հիշում է. ՙՄենք հատուկ հարաբերություններ էինք հաստատել Նախիջևանի հետ: Ես չեմ ուզում անտեսել ակնհայտ հիմնախնդիրը` Ալիևը ներկայացնում էր հակառակորդ կողմը, և դա իր հետ բերում էր բարդությունների ողջ փունջը: Իմ և Ալիևի երկամյա հարաբերությունների ընթացքում ոչ մեկը մեզանից դիմացինին ո’չ խաբել, ո’չ էլ հարվածի տակ է դրել: Իմ և Ալիևի միջևհեռախոսային ամենօրյա կապ կար, կային նաև անձնական հանդիպումներ, որոնց մեծ մասը մամուլի համար փակ էր՚:

1992թ., ի պատասխան Հայաստանի և ԼՂ շրջափակման, Երևանը շրջափակում է Նախիջևանը` փակելով Մեղրիի երկաթգիծը, որով իրականացվում էր բեռնափոխադրում Ադրբեջանի և Նախիջևանի միջեւ, հիշում է Սահակյանը: ՙՀակասություններ առաջացան Իրանի հետ, որովհետև մոտ 3000 վագոն բեռ էր կուտակվել Ադրբեջանի տարածքում, ու սա պատրվակ էր օգտագործվում, որ երկաթուղին բացվի: Մեղրիի պաշտպանության ամենապարզունակ ձևը հենց երկաթուղու չգործելն էր: Եթե վերաբացվեր երկաթուղին, ապա կարող էր ռազմական նպատակներով օգտագործվել: Իրանցիները երկաթուղու բացման խնդիրը կոշտ էին դնում: Մենք կարողացանք դիմադրել, մինչև ականապատվեցին համապատասխան վայրերը, մասնավորապես Օրդուբադի շրջանում, և ադրբեջանցիները հասկացան, որ այս ճանապարհը փակ է, իսկ իրանցիները ձեռնամուխ եղան Արաքսի աջ ափով զուգահեռ ճանապարհ կառուցել` Նախիջևանի հետ շփվելու համար՚:

Մյուս կողմից, Երևանը բոլոր տեսակի շրջափակումները վերացնելու նախաձեռնություններով դիմում է Բաքվին և Նախիջևանին, քանի որ շրջափակումներից ամենամեծ տուժողը հենց Հայաստանն էր: 1992թ. ամռանը և աշնանը ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում անգամ, քննարկվել է երկաթուղիների ապաշրջափակման խնդիրը: ՙՄենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեր երկաթուղիների հատվածները` Իջեւան-Ղազախ, Այրում-Գյումրի, Մեղրի-Նյուվադի (Նռնաձոր), բացել ադրբեջանական եւ ամեն տարանցիկ բեռների համար, փոխարենը` նույնը պահանջել ադրբեջանցիներից, որպեսզի նրանց երկաթուղիները բացվեն մեզ համար: Նախիջևանը նոր էր սկսել զգալ էներգետիկ ճգնաժամի հետևանքները, նրանք պատրաստ չէին դրան եւ շատ զիջող էին գազամատակարարման հարցում: Ժամանակ առ ժամանակ գազը բաց էր թողնվում: Նախիջևանը երաշխավորում էր, որ գոնե օրական 5 մլն խորանարդ մետր գազ բաց թողնվեր Հայաստանի համար, որի մի մասը մենք թողնում էինք Նախիջևանին՚,- հիշում է Սահակյանը:

Եղե՞լ է պահ, երբ պաշտոնական Երևանի կամ հայկական քաղաքական շրջանակների մոտ առաջանար գայթակղություն նոր ճակատ բացել Նախիջևանում` համարելով, որ դա բնիկ հայկական տարածք է, և ժամն է ԼՂ-ի հետ այդ հարցն էլ լուծել: Արա Սահակյանն ասում է, որ 90-ական թթ. սկզբներին հստակ ձևակերպված քաղաքական նման պահանջ չկար, բայց կային տրտունջներ մասնավոր, անձնական զրույցներում. ՙԱյսօր է դա ներկայացվում քաղաքական մեծ վրիպում, թե Տեր-Պետրոսյանը չգրավեց Նախիջևանը, երբ կար հարմար պահ: Ինձ ուրախացնում է նման քննադատությունը, որովհետև դրանից կարելի է գոնե եզրակացնել, որ Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների ուղղությունը, տեմպերը որոշում էր Տեր-Պետրոսյանը՚:

Աշոտ Մանուչարյանը նշում է, որ Նախիջևանից խորհրդային բանակի եւ սահմանապահների դուրս գալուց հետո եթե որևէ մեկի մտքով նման բան անցել է, ապա դա արկածախնդրություն է. ՙԹուրքիան, հենվելով գոյություն ունեցող պայմանագրերի և չհրապարակված իր մտադրությունների վրա, կարող էր լուրջ վտանգ ներկայացնել Հայաստանին` իր կործանարար հետևանքներով: Պատմական ամեն մի պտույտ հնարավորություն է ընձեռում կամ չի ընեռնում լուծել կամ չլուծել առանձին խնդիրներ: Որևէ կասկած չկա մեր պատմական տարածքների մասին, բայց ամեն հարց ունի իր պահը, ժամը, ձևը՚:

Յուրաքանչյուր պատերազմ ողբերգություն է, բայց ունի նաև լուսավոր երես` զավեշտալի դեպքերով, մարդկային պատմություններով, հակասություններով ու հումորով:

Աշոտ Մանուչարյանը հիշում է դրանցից մեկը. ՙԿարող էր ուշ գիշերային ժամին սկսել փոխհրաձգություն, և Ալիևն ինձ փնտրում, սակայն չի գտնում: Այդ դեպքում զանգեր էին հնչում մեր տուն: Մի անգամ մայրս է վերցնում հեռախոսը, այդ ժամանակ երկաթուղային կապի միջոցով էր, լսում է մի հեռավոր ձայն:

-Աշոտին կարելի՞ է,- հարցնում են ռուսերեն:

-Աշոտը տանը չէ:

-Իսկ ո՞վ է խոսում:

Մայրս մտածում է, որ ընկերներիցս մեկն է զանգում Ռուսաստանից.

-Լենան է:

-Բարեւ Ձեզ, մորաքույր Լենա, Ալիևն է խոսում: Այստեղ սահմանում, սկսել է փոխհրաձգություն, անհրաժեշտ է անհապաղ կրակը դադարեցնել: Աշոտին ասեք, որ հայկական կողմից դադարեցնեն:

-Հենց որ գա տուն, կասեմ,- պատասխանում է մայրս:

-Ուրեմն, ես հրաման եմ տալիս, որ մեր կողմից դադարեցնեն հրաձգությունը,- ասում է Նախիջևանի առաջնորդը:

Ալիևը, չնայած ուշ ժամին, զանգահարում է Տեր-Պետրոսյանին, ասում, որ Մանուչարյանին չի գտել և մորաքույր Լենայի հետ է պայմանավորվել, կրակը դադարեցնում են: Տեր-Պետրոսյանը պատասխանում է` եթե մորաքույր Լենայի հետ պայմանավորվել եք, էլ ի՞նչ խնդիր, ես հիմա հրաման եմ տալիս դադարեցնել կրակը: Հաջորդ օրը նախագահի ապարատը հռհռում էր՚: