№37 կալանավայր. Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»

824

Ձեզ ենք ներկայացնում խորհրդային 8 տարիների քաղկալանավոր Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» հատորից մի կտոր: Գիրքը 2018-ին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը:                                                

№37 կալանավայր

Մեր ձգձգվող էտապի ընթացքում կալանավայրը լուսավոր երազանք էր դարձել։ Ճանապարհին հանդիպած քրեականների հետ ունեցած բազմաթիվ զրույցներից արդեն որոշակի պատկերացում ունեի կալանավայրի մասին։ Վերջինս պատկերանում էր գորշ ու անհյուրընկալ, բայց միաժամանակ վայր, որտեղ վերջապես կարելի է դադար առնել,  նամակներ գրել հարազատներին, որոնք, անկասկած, այս ողջ ընթացքում աներեւակայելի անհանգիստ են, շփվել նոր ու հետաքրքիր մարդկանց հետ ու ապրել քիչ թե շատ համակարգված կյանքով։

Բայց որքան մեծ էր զարմանքս, երբ ուղեկցող հսկիչն ինձ կարանտին կոչված խցից հանելով՝ կալանավայրի տարածքով ուղեկցեց դեպի կացարան։ Նախ՝ տպավորիչ էր կալանավայրի տարածքը։ Շատ մեծ չէր, բայց զբոսնելու համար լիուլի բավարար էր ու կոկիկ։ Կացարանն ինձ էլ ավելի զարմացրեց։ Շատ մաքուր, մեծ ու լայն լուսամուտներից թափանցած արեւի լույսով ողողված մեծ սրահում եռաշար մոտ 30 մետաղյա մահճակալներ էին շարված։ Ոչ այնպիսիք, որպիսիք եղել էին հանդիպածս բանտերում։ Այլ՝ փափուկ ու զսպանակավոր։

Յուրաքանչյուր մահճակալին կից կար մեկ ոչ մեծ պահարան եւ առանց հենակի աթոռակ։ Մահճակալները ծածկված էին մաքուր ծածկոցներով։ Ամենայն հավանականությամբ, պետք է որ սպիտակեղենն էլ մաքուր լիներ։ Այդպես էլ կար։ Հետո պարզվեց՝ ամեն շաբաթ սպիտակեղենը հավաքում ու լվանում էին։ Կացարանն ուներ փայտյա հատակ։ Տպավորված էի տեսածիցս։ Հսկիչը ցույց տվեց մահճակալս, որի վրա փակցրեց իմ ազգանվամբ պիտակն ու հեռացավ (յուրաքանչյուր կալանավորի մահճակալին կախվում էր նրա ազգանվամբ պիտակ)։ Կալանավայրի տարածքով անցնելիս հատուկենտ մարդ էի նկատել, իսկ կացարանում ընդամենը երկու տարեցներ էին։ Կալանավայրը դատարկ էր, որովհետեւ բնակիչները գտնվում էին աշխատանքային գոտում։ Անմիջապես դռան կողքի մահճակալի մոտ մեկը նստած՝ ցածրիկ պահարանին դրված գիրքն էր կարդում։ Նա, թվում էր, ոչ միայն ինձ, այլեւ շրջապատում կատարվող ոչինչ չէր նկատում։ Իսկ մյուս տարեցը՝ պարանով ծոծրակին կապած ջրասույզի ակնոց հիշեցնող, ապակիների փոխարեն երկու փոքրիկ՝ մոտ 6-7 մմ-անոց ու տարօրինակ անցքերով ակնոցով քայլում էր սրահի երկայնքով ու քայլքին համաչափ թափահարում ձեռքի պլաստմասե ամանը։ Զարմանալի տեսարան էր։ Հսկիչի հեռանալուց հետո երկրորդ տարեցը, ամանը թափահարելով, անշտապ մոտեցավ ինձ ու հարցրեց․

-Грузин?

Ասացի՝ հայ եմ։

-Կարագ եմ սարքում, կուզե՞ս, – ձեռքի ամանը ցույց տալով ասաց նա։

Տարեց ու հիվանդ մարդկանց մի կես լիտր կաթ էին տալիս։ Ծերուկն էլ որոշել էր այդ կաթից կարագ ստանալ։

Սկսեց հարցուփորձ անել։ Վրացի էր։ Նրա ռուսերենը վարժ էր ու զուրկ վրացական առոգանությունից։ Զրուցակիցս քաղաքական կալանավայրերի հնաբնակ բատոնո Վասոն էր՝ Վասո Ելիզբարաշվիլին։

Թուրք Ալին