Թուրք Ալին

776

Ձեզ ենք ներկայացնում խորհրդային 8 տարիների քաղկալանավոր Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» հատորից մի կտոր: Գիրքը այս տարվա մայիսին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը:

—-

Ալին թուրք է։ Աքսորավայրի առաջին ծանոթներիցս էր։ Հենց առաջին օրն այս փոքրամարմին մարդը՝ տեսնելով ինձ հանրակացարանի մուտքի մոտ, մոտեցավ եւ հայտարարեց՝ մեռանք սպասելով, էս ու՞ր ես՝ չկաս։

Տարակուսած հարցիս ի պատասխան տեղեկացրեց, որ մոտ մեկ ամիս առաջ չեկիստները եկել են հանրակացարան, ուսումնասիրել են տարածքը։

Նրանց գնալուց հետո «պարտորգը»՝ ավանի կոմունիստական կուսակցության քարտուղարը, հանրակացարանի բնակիչներին հենց հանրակացարանի տարածքում ժողովի է հրավիրել եւ տեղեկացրել, որ շուտով չափազանց վտանգավոր մեկի են բերելու, եւ որ այդ մեկը հենց այդ հանրակացարանում է բնակվելու, եւ պետք է ուշադիր լինել ու այդ մեկի ազդեցության տակ չընկնել։

Ալին այս ամենն ասաց առանց ավելորդ զգուշության, ու միասին ծիծաղեցինք։

Նա 70-ին մոտ մարդ էր եւ անցել էր ԳՈՒԼԱԳ-ով՝ Խորհրդային միության բանտային համակարգով։ Աներեւակայելի կենսագրություն ուներ։ Ծնվել էր Թուրքիայում։ Պատանեկության տարիներին՝ 15-16 տարեկանում, ծանոթացել էր Խորհրդային միության դեսպանատան աշխատակցի հետ, որը նրան անընդհատ պատմել էր, թե ինչքան լավ երկիր է Խորհրդային միությունը։ Ու Ալին վճռում է՝ եթե Խորհրդային երկիրն այդքան լավն է, ապա ինքը պետք է այնտեղ ապրի, ու Հայաստանի կողմից անցնում է ԽՍՀՄ-Թուրքիա սահմանը։

Հենց այստեղ էլ կալանավորվում է։ Բացատրությունը, որ եկել է այս երջանիկ երկրում ապրելու՝ բավարար չի համարվում, եւ Ալիին դատապարտում ու Սիբիր են ուղարկում։

Մի քանի տարի անց, երբ ազատ է արձակվում՝ փորձում է սահմանը նույնկերպ հատել եւ Թուրքիա վերադառնալ։ Կրկին կալանավորվում է ու այս անգամ արդեն շատ ավելի մեծ պատժաչափ են տալիս։ Պատիժը կրում է Մագադանում՝ Կոլիմայում։

Ազատ արձակվելուց հետո՝ արդեն հասուն 40-50 տարեկանում, տեղափոխվում է Հայաստան՝ Հոկտեմբերյանի շրջան, որ Թուրքիային մոտ լինի։ Նամակ է գրում հարազատներին, տեղեկացնում է, որ ողջ է։ Զարմանալի է, բայց նամակը տեղ է հասնում, ու պատասխան էլ է ստանում։

«Բայց Կոլիման, – ինչպես նա էր ասում, – ձգում էր»։ Եւ նա՝ թողնելով Թուրքիայի սահմանը, հետ է գալիս Կոլիմա։ Արդեն թոշակի էր անցել ու պատրաստվում էր հեռանալ այստեղից։ Նալչիկում տուն էր գնել, կին ուներ, որն այնտեղ էր ապրում։ Ալիին մնում էր միայն թոշակավորման փաստաթղթերը վերջնական տեսքի բերել։

-Շաբաթ օր բաղնիքի օր է, միասին բաղնիք ենք գնալու, – հանրակացարանի դռան մոտ կանգնած՝ բարձր-բարձր ձայնով ասում էր նա, – քո վրայից բանտի հոտը պետք է քերենք։

Ամեն օր մեկը ճաշարան էր հրավիրում։ Վստահ էի՝ Ալին էր կազմակերպել։ Ճաշարանում ուտելը մեծ գումար չէր պահանջում, բայց՝ չունեի։ Բոլորն էլ գիտեին սա։ Այնպիսի անմիջականությամբ էին հրավիրում, որ ինձ բոլորովին վատ չէի զգում։