Հայ տառերի գյուտի ստույգ թվականը. Հրաչյա Աճառյանի հոդվածը, 1944թ․, «Էջմիածին»

977

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է հրապարակումների շարքը՝ նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալների գործունեությանը Խորհրդային Միության տարիներին, ինչպես նաև՝ հայագիտական, պատմագիտական, եկեղեցական, կրոնական հոդվածներ: Առանց մեկնաբանությունների՝ կներկայացնենք հրապարակումներ, որոնք տեղ են գտել Մայր Աթոռի ԷՋՄԻԱԾԻՆ պաշտոնական ամսագրում՝ 1944-ից ի վեր:

ԱՆԻ կենտրոն

Հայ տառերի գյուտի ստույգ թվականը

Հայերեն տառերի գյուտի թվականը համարվել է սովորաբար 404 թ.: Այս տեսակետի դեմ մի ցնցող հոդված հրատարակեց Գալուստ Տեր-Մկրտչյանը «Արարատ» ամսագրում, 1912 թ., էջ 499-514, որով հերքում է այդ թվականը և հայերեն տառերի գյուտը դնում է ութից մինչև տասներկու տարի ավելի ուշ, 412-16 թվերին: Նա հիմնվում է Եդեսիայից ասորոց եպիսկոպոս Ռաբուլասի վրա: Այս նշանավոր մարդը գահակալեց 412 թվին: Եթե Մեսրոպը Եդեսիա գնալով ընդունվեց Ռաբուլաս եպիսկոպոսից, այդ ընդունելությունը կամ հանդիպումը չէր կարող 412 թվից առաջ լինել, բայց այդ կարող էր լինել նաև 412 ից հետո: «Այդ թվականից առաջ, մեր ունեցած տեղեկությունների հիման վրա, անհնար է դնել մեսրոպյան տառերի գյուտը: Թերևս այդ գյուտը ասորական հետևյալ տարումն է (412 սեպ.-413 սեպ.), բայց հավանորեն ոչ դրանից ավելի ուշ» («Արարատ», էջ 513)։ Չորս տարի էլ հաշվում է Սամոսատ գնալու, Հռոփանոսին պնակիտը պատրաստել տալու և Առակաց գիրքը թարգմանելու համար և վերջապես 416-ին վերադարձնում է Հայաստան:

Այսպիսով, ըստ Գալուստ Տեր-Մկրտչյանի, բուն մեսրոպյան գրերի գյուտի թվականն է 412-416 քառամյակը («Արարատ», էջ 513): Այս 416  թվին է, որ Մեսրոպը վերադարձավ Հայաստան:

Հակառակ Տեր-Մկրտչյանի ենթադրության, ես պահում եմ 404 թիվը հետևյալ պատճառաբանություններով: Կորյունի մեջ Բաբիլասի անունը հետին հավելված է: Կորյունը՝ չնայած որ մի քանի անգամ առիթ է ունենում հիշելու այդ եպիսկոպոսին, բայց միայն մի անգամ է տալիս նրա անունը. «Ընդդէմ լինէր սուրբ եպիսկոպոսացն (որոց առաջնոյն Բաբիլաս անուն և երկրորդին Ակակիոս), հանդերձ կղերականօքն և իշխանօքն քաղաքին պատահեալ» (Կոր․, էջ 19)։ Մյուս դեպքերում տեսեք՝ ինչ ձևերով է հիշում. «Եւ ապա հրաժարեալ յեպիսկոպոսացն սրբոց» «… և հրաժարեալ ի նոցանէ հանդերձ ամենայն իւրովքն, բերէր առ եպիսկոպոսն Ասորոց: Որ յորոց նախընկալն եղև, առաջի արկեալ նոցա զնշանագիրսն աստուածատուր. վասն որոյ բազում իսկ գովութիւնք յեպիսկոպոսաց սրբոց և յամենայն եկեղեցեաց բարձրանային»: Այս բոլոր խուսափուկ ձևերը հետաքրքիր են, մանավանդ երրորդը, «նա որոնցից որ առաջին անգամ ընդունվեց, նրանց ներկայացրեց գրերը»:

Մենք արդեն ցույց ենք տվել, որ Կորյունի մեջ հետին հավելված է Մելիտինեի Ակակիոս եպիսկոպոսի անվանումը: Այս խուսափուկ և տարօրինակ հիշատակություններն էլ ցույց են տալիս, որ Կորյունը նույն եպիսկոպոսների անունը չգիտեր: Եվ եթե առաջին հիշատակության մեջ էլ անկյունավոր փակագծի մեջ առնված մասը հանենք, նախադասությունը ամենևին չպիտի կաղար:

Իր ասածը հաստատելու համար Գալուստ Տեր-Մկրտչյանը մի հնարագետ միջոցի էլ է դիմում: Կորյունը Դանիելյան նշանագրերը բերված է համարում Վռամշապուհի հինգերորդ տարին, փորձարկության համար տալիս է երկու տարի, հետո Մեսրոպը մեկնում է Միջագետք Վռամշապուհի դարձյալ հինգերորդ տարում և վերադառնում է Վռամաշապուհի վեցերորդ տարում: Գալուստ Տեր-Մկրտչյանն ասում է, որ այս վեցերորդ ընթերցվածը շատ հին է և դժվար է փոփոխել կամ ջնջել: Այնուամենայնիվ ինքը փոխում է և վեցերորդը դարձնում է ԺԶ (16): Սրա համար էլ հիշում է մի ճառընտիր, ուր այս վեցերորդ բառից առաջ բաց տեղ է թողված, պակասը լրացնելու համար: Ենթադրենք, թե Կորյունի բնագրում բոլոր թվերը թվանշանով էին գրված և ոչ թե բառերով, որովհետև հակառակ պարագային կարելի չպիտի լիներ այնպիսի հեշտությամբ վեցերորդը վեշտասաներորդ դարձնել, ինչպես անում է Զ-ԺԶ: Բայց ի՞նչ է անում Մեսրոպը Միջագետքում ամբողջ ինն տարի: Գալուստ Տեր-Մկրտչյանը Դանիելյան գրերի Հայաստան բերելը դնում է 405 թվին, Վռամշապուհի հինգերորդ տարին: Երկու տարի փորձ է կատարվում, դառնում է 407՝ Վռամշապուհի յոթներորդ տարին, երբ Մեսրոպը մեկնում է Միջագետք: Վերադառնում է Վռամշապուհի ԺԶ =16-րդ տարին, այն է 416 թվին: 407-ից մինչև 416 ունենք ինն տարի, որից չորսը (412-416) գնում է Եդեսիայի և Սամոսատի աշխատանքների համար, իսկ մնացյալ հինգ տարիների վրայից լռությամբ է անցնում:

Ահա թե ինչպիսի՜ լաբիրինթոսի մեջ է գցում Ռաբուլասի 412-ը. ահա թե ինչպե՜ս է կործանվում և այդ հիմքի վրա մեծ խնամքով կառուցված շենքը:

Մեր մի հոդվածում, որը տպագրվել է Արմֆանի 1941 թվի տեղեկագրում (էջ 169-170), ցույց ենք տվել, որ Կորյունի Երդ-ը պետք է կարդալ ոչ թե հինգերորդ, այլ ինչպես գրված է՝ երրորդ: Երկու տարվա փորձից հետո կունենանք հինգերորդ, ինչպես որ գրված է: Մեսրոպը մեկնում է Վռամշապուհի հինգերորդ տարում և վերադառնում է վեցերորդ տարում: Ուրեմն Միջագետքում մնում է մեկ տարի. և այսքանը բոլորովին բավական է մի գրադարան այցելելու, մի այբուբեն հնարելու, մի պնակիտ պատրաստելու և Առակաց գրքի նման մի փոքրիկ գիրք (որն ունի ընդամենը 60 էջ ութածալ) չորս հոգով (Մեսրոպ, Հովհան, Հովսեփ, Հռոփանոս) հայերենի թարգմանելու և գրի առնելու համար:

Ակադեմիկոս Հ. Աճառյան

ԷՋՄԻԱԾԻՆ, թիվ 1, 1944 թ