Հայկական բանակի ռազմական օդանավակայան Կարսում. 1919-1920

1603
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում:

_______________________________

Ութերորդ գլուխ

Իմ վարչապետության շրջանը

նախորդ մասը կարդալ այստեղ

1918թ. ամռանից սկսած մինչև 1920թ. դեկտեմբեր ամիսը Հայաստանի կառավարության խորհուրդը կարելի է բաժանել երեք շրջանի:

Առաջին շրջանը՝ կառավարությունը նախագահությամբ Հովհաննես Քաջազնունու, պետական-կազմակերպչական էր, երկրորդ շրջանը՝ Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ եղած կառավարությունը քաղաքացիական-ստեղծագործական, և երրորդ շրջանը Համո Օհանջանյանի և Սիմոն Վրացյանի նախագահությամբ եղած կառավարությունները՝ արտաքին և ներքին թշնամիների հետ կռվի շրջան, որը վերջացավ դեկտեմբերի 2-ին Թուրքիայի հետ Ալեքսանդրապոլի դաշնագրով, և իշխանությունը բոլշևիկներին հանձնվեց:

Ներկա տեսությունը ամփոփում է երկրորդ շրջանը՝ 1919թ. սկզբից մինչև 1920թ. մայիսի 5-ը և տալիս է համառոտ հիշատակությունը այն կարևորագույն միջոցների, որոնց ձեռնարկել էր կառավարությունը Հայաստանի մշակութային-պետական զարգացման համար: Նկարագրության հարմարության համար ձեռնարկների տեսությունը դասավորված է՝ համաձայն առանձին նախարարությունների:

  1. Ներքին գործերի նախարարություն (նախարար՝ Աբրահամ Գյուլխանդանյան): Նախարարության գլխավոր մտահոգության առարկաները զեմստվային և քաղաքական հաստատությունների կանոնագրության մշակումն էր, որը հետո հաստատվեց Հայաստանի խորհրդարանում: Այդ օրենքների հիման վրա Հայաստանում մտցվեցին զեմստվային հաստատություններ, որոնք սկսեցին գործել զանազան գավառներում: Մշակվեց նաև քաղաքային կանոնագրություն, որը առաջին անգամ հաստատվեց Կարսում, Իգդիրում, Ղամարլույում, Դիլիջանում, Վաղարշապատում և Աշտարակում: Քաղաքական գործիչների համագումարի հիմքը դրվեց: Տեղական ինքնավարության վերաբերյալ օրինագծի հիմք ընդունվել էր նրա կատարյալ անկախությունը: Նրան հանձնված էին տեղական սահմաններում մի քանի գործառնությունները, պաշտոնները:

Զուտ վարչական շրջանում մատնանշենք հետևյալ ձեռնարկները. ոստիկանության բարեփոխություն, ոստիկանության պահեստի կազմակերպություն, հաստատվել է օտարացեղերի գործերի վարչություն և մշակվել է ռոճիկների բաշխման միաստեսակ դրություն:

  1. Զինվորական նախարարություն (նախարար՝ նախ զորավար Արարատյան, հետո՝ Ռուբեն Տեր Մինասյան): Զինվորական նախարարության և գլխավոր հրամանատարության գործունեությունը բաժանված էր երեք գլխավոր տեսակի՝ Ա. Պատերզմական գործակալներ, Բ. Զինվորական մասերի բազմացումը և վարժեցումը, Գ. Ռազմա-տնտեսական մասի կազմակերպում:

Աչքի առաջ ունենալով, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց գործակալների միջոցով անընդհատ խմորում և ապստամբություն էին կազմակերպում Հայաստանի սահմաններում, մասնավորապես Սուրմալուի գավառի, Նախիջևանի, Բոյուք Վեդիի, Զանգեզուրի, Ղարաբաղի, Զանգի Բասարի, Աղբաբայի շրջաններում, Կարսի նահանգում, Ջիվանշիրի և Քարվանսարայի գավառների սահմաններում, Հայաստանի զինվորական ուժերը ստիպված էին անընդհատ իրենց ժամանակը անցկացնել արշավանքների, կռիվների և ընդհարումների մեջ:

Գլխավոր շրջանները, որտեղ զորքերը ստիպված էին գործել Նախիջևանը, Բոյուք Վեդին, Զաբգի Բասարը, Կարսի նահանգը, Սուրմալուի գավառն էին: Զորքերի անընդհատ ռազմական գործը, որ հանգիստ չուներ, արգելք էր զորամասերի վարժեցման, նրանց կարգավորելուն, մշտական վարչական վայրերի հաստատման և զորքերի ու նրանց պաշարեղենի և տեխնիկական մասի կանոնավոր մատակարարման, ինչպես նաև գործունեության համար: Արշավանքների ընթացքում ամեն ինչ մաշվում էր, կորցվում, պատառոտվում և արագությամբ անպետք դառնում: Համենայն դեպս, շնորհիվ զորքերի կայունության, նրանց տոկունության և հավատարմության, հետզհետե ամրանում էր և պահպանվում պետության ամբողջությունը և հնարավոր լինում ճնշել ներքուստ պետությունը պայթեցնելու փորձերը:

Անվերջ կորուստների և բազմաթիվ հիվանդությունների հետևանքով, մանավանդ՝ մալարիա և տիֆ, հարկ էր լինում հաճախ զորահավաք անել և դա կատարվում էր զինվորական նախարարության և ներքին գործերի նախարարության անդամների միացյալ ջանքերով: Ժողովրդի հոգնածությունը, քաղցը և աշխատող ձեռքերի պակասը սաստիկ դժվարացնում էին զորահավաքի գործադրությունը: Մանավանդ, զգալի էր ձիերի սակավությունը, ինքնաշարժերի վատ դրությունը, բենզինի պակասը և երկաթուղային հաղորդակցության մեծ դժվարությունները շոգեկառքերի փչացման և մազութի բացակայության պատճառով:

Այս բոլոր հանգամաները իրենց արտահայտությունն էին թողնում ռազմական գործողությունների վրա, երբեմն չափազանց ծանր ու հոգնեցուցիչ դարձնելով զորքերի համար: Առանձնապես շատ դժվարություններ էր ներկայացնում հաղորդակցությունը Զանգեզուրի հետ, մանավանդ ձմռանը, երբ սառնամանիքին ստիպված էին ուղղակի ձեռքերով տեղափոխել փամփուշտները Ղարանլուղի լեռնանցքով:

Բայց անկախ ռազմական գործողություններից՝ զինվորական նախարարությունը ստիպված էր միևնույն ժամանակ հոգ տանել զորքի կազմակերպության, նրա կազմի մեծացման և կազմության վրա: Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերից գլխավորներն էին՝ հրետանու կազմի մեծացումը, հեծելազորի բրիգադի կազմակերպումը, կամավորական վճարովի գնդերի ստեղծումը տարիքավորների համար, երկու զրահակիր գնացքների կառուցումը, գլխավոր շտաբի դասընթացների բացումը, Սևանա լճում բեռնատար առագաստանավերի կառուցումը, 40 հազար հոգուց բաղկացած զորաբանակի նոր զինավորումը և զգեստավորումը Անգլիայից ստացված ռազմապաշարով, օդանավային գործի կազմակերպումը՝ օդանավակայան Կարսում և Փարիզից օդանավեր ստանալը, ռազմական հեծյալ մրցումներ Ալեքսանդրապոլում, պահակային գումարտակների կազմակերպում Երևանում, Ալեքսանդրապոլում և Կարսում ու սրանց անընդհատ վարժությունը:

Զորքերի կազմի մեծացումը և նրանց անընդհատ ռազմական գործողությունները մեծ չափով թուլացրեցին մատակարարման գործը: Մատակարարման գործը կարգավորելու համար ձեռնարկված հետևյալ միջոցներն էին՝ կազմակերպվել էին ռազմական նորոգման արհեստանոցներ, Քանաքեռում և Ալեքսանդրապոլում բացվել էին փամփուշտի գործարաններ, Ալեքսանդրապոլում հաստատվել էին ինտենտանտային արհեստանոցներ, ստեղծվել էին ալյուրի պահեստներ, որով զորամասերը ապահովվում էին մեկ-երկու ամսով:

Լուսանկարում՝ Կարսը մեր օրերում