Ռուս սահմանապահների քթի տակից հայ գյուղացու տրակտորը տարել են Թուրքիա. Ա1

2553

 

Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, տրակտորիստ  Գոռ Կարապետյանն անելանելի վիճակում է: Մի գիշերվա ընթացքում կորցրել է ապրուստի միջոցը:

Գոռ Կարապետյանը սեպտեմբերին խոտի հունձ է արել հայ-թուրքական սահմանի մոտակայքում, Գտաշեն համայնքին պատկանող հողատարածքում: Ինչպես Գոռն է նշում՝ գործը հեշտացնելու համար ամեն անգամ տեխնիկան չի տարել գյուղ եւ հետ բերել, իր МТЗ-82 մակնիշի տրակտորը եւ հակավորման սարքը թողել է սահմանին՝ ուղեկալի մոտ:

«Ամեն անգամ անցաթղթով հատել եմ հայ-թուրքական սահմանը, սահմանապահները ուղեկալում գրանցել են իմ եւ տեխնիկայի մուտք եւ նոր միայն թույլ տվել խոտհարքում խոտի հունձ իրականացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Գոռը:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Գոռ Կարապետյանը եկել է աշխատանքը շարունակելու եւ տեսել է, որ տեխնիկան չկա:

«Անմիջապես դեպքի մասին հայտնեցի ռուս սահմանապահներին: Սկզբում կատակով վերաբերվեցին ասածիս, բայց երբ պնդեցի՝ սկսեցին խառնվել իրար: Այդ մասին հայտնեցին ավելի բարձրաստիճան սպաների, նրանք եւս ժամանեցին»:

Ըստ Գոռ Կարապետյանի՝ տեխնիկան տարել են Թուրքիայի ուղղությամբ, այդ մասին վկայում են հետքերը:

«Ուղեկալում պարտադիր գրանցում են տեխնիկայի մուտքը եւ ելքը: Հիմա մուտքը գրանցված է, ելքը՝ ոչ, այսինքն տեխնիկան ուղեկալի տարածքից դուրս չի բերվել դեպի Հայաստան: Հողի վրա հետքերը մատնանշում էին տրակտորի ուղղությունը, որը դեպքի Թուրքիայի կողմն էր»,-նշում է նա:

Գոռ Կարապետյանի խոսքով, ռուս սահմանապահները կապ են հաստատել իրենց գործընկեր թուրք սահմանապահների հետ:

«Թուրքական կողմում տեղադրված է տեսախցիկ, որը հավանաբար ֆիքսել է, թե ինչ է կատարվել իրականում: Թարգմանչի միջոցով խոսակցություն ծավալվեց, բայց ինձ հեռացրին տարածքից, թույլ չտալով ներկա լինել խոսակցությանը: Ընդամենը ասացին, որ կտեղեկացնեն զրույցի մանրամասներից»:

Գոռ Կարապետյանին հետագայում հայտնել են, որ Թուրքիայում որոնողական աշխատանքները շարունակվում են եւ տրակտորը գտնելուն պես հետ կվերադարձնեն, բայց նա վաղուց է հույսը կտրել:

Գոռը մեղադրում է ռուս սահմանապահներին՝ պնդելով, որ թերացել են աշխատանքում:

«Ոնց կարող էին նրանց քթի տակից ծանր տեխնիկան տանել: Իսկ եթե հակառակորդը գար եւ մարդ սպաներ, էլի չէին նկատելո՞ւ, այդպե՞ս են պահում մեր պետական սահմանը»:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել` ՀՀ ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափի գողություն: Ըստ մեր զրուցակցի, իրեն հասցված վնասի չափը մեծ է՝  7,3 մլն դրամ տրակտորը եւ  2,5 մլն դրամ հակավորման սարքը:

«Իմ տունը այդ տրակտորով էի պահում, նաեւ գյուղին էի օգուտ տալիս: Հիմա չգիտեմ ինչ եմ անելու, նույնիսկ քաղած խոտը մնաց դաշտում, բերել չկարողացա: Հիմա մտածում եմ անասուները մորթելու եւ վաճառելու մասին»:

Գոռ Կարապետյանն ակնկալում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԱԱԾ եւ ուժային կառույցների միջամտությունը: