Նրանք, որ ուժ և հնարավորություն ունեն, թող փոխեն Ալեքսանդրապոլի դաշնագրի պայմանները. Խատիսյան

1478
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ հրատարակում է Հայաստանում:

_______________________________

Տասնչորսերորդ գլուխ

Ալեքսանդրապոլի բանակցությունը և դաշնագրի կնքումը

Նախորդ հատվածը՝ այստեղ

Ես խորհրդակցության հրավիրեցի պատվիրակությունը ամբողջ կազմով՝ 16 հոգի, և հարց դրի. «Պարոններ, խորհրդային իշխանությունը պատվիրակության ամբողջ կազմին խոստանում է ազատություն, բայց չի երաշխավորում այն: Դուք կատարեցիք ձեր պարտքը: Այժմ ես, որպես պատվիրակության պետ, խնդրում եմ յուրաքնաչյուրիդ բոլորովին ազատ ընդունել իր վճիռը՝ գնալ Երևա՞ն, Թիֆլի՞ս, թե որևէ այլ տեղ»:

Առանց բացառության բոլորը հայտնեցին, թե գնում են Երևան:

Իմանալով, որ մեզանից մեկին բոլշևիկների կողմից կարող է սպառնալ առանձնապես ծանր վտանգ, նրան մի կողմ կանչեցի և ասացի. «Ես ձեզ հասկանում եմ: Պարտքի զգացմունքը ձեզ մոտ գերիշխում է, բայց ես ինձ վրա կվերցնեմ վճռել ձեր փոխարեն և ասում եմ ձեզ, որ դուք կարող եք հեռանալ ավելի ապահով կողմ: Ձեր ընտանիքի հոգսը ես կվերցնեմ ինձ վրա»:

Բայց նա պատասխանեց, թե ինչ կլինի, կլինի բոլորիս հետ:

Այսպես կայացավ մեր վճիռը՝ ամբողջ կազմով վերադառնալ Երևան: Մենք որոշեցինք անձամբ նոր կառավարությանը հանձնել մեր կնքած դաշնագիրը և նրան զեկուցել դաշնագրի կնքման պայմանների մասին:

Ժամը 3-ինտեղի ունեցավ պաշտոնական ճաշ, որի ընթացքում թուրքական զինվորական նվագախումբը նվագեց կտորներ իտալական օպերաներից, իսկ երեկոյան ժամը 9-ին նշանակված էր մեր մեկնումը:

Մենք հավաքեցինք մեր իրերը: բայց ժամը 6-ին Կարաբեքիր փաշայի մոտից ինձ մոտ եկավ գլխավոր սպայակույտի մի սպա՝ Բեհաետտին Շաքիր անունով: Նա խոսում էր գերմաներեն: Նա ինձ հայտնեց, որ Կարաբեքիր փաշան, աչքի առաջ ունենալով իմ համար Երևան գնալու վտանգը, առաջարկում էր գնալ Կարս, այնտեղից՝ Էրզրումի վրայով Տրապիզոն կամ Արդվինի վրայով Բաթում՝ անցնելու Պոլիս կամ Թիֆլիս՝ ըստ իմ ընտրության: Հայտնեց նաև, որ ճանապարհորդության բոլոր հարմարությունները իմ և իմ ընկերների համար ապահովված կլինեն: Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ պետք է մեկնեմ Երևան:

Բեհաետտին Շաքիրը Կարաբեքիր փաշայի կողմից նշանակված էր Անկարայի ներկայացուցիչ Երևանում,և ճանապարհվեց մեզ հետ նույն գնացքով:

Երբ ամեն ինչ պատրաստ էր մեկնելու համար, Կարաբեքիր փաշան իր սպաներով եկավ դեպի մեզ՝ կայարան ճանապարհ դնելու: Քաղաքում տիրում էր բոլշևիկյան իշխանությունը: Սկսվել էին գնդակահարությունները: Մեր մեկնելու օրը գնդակահարվել էին յոթ հոգի: Ցույցերից խուսափելու նպատակով՝ թուրքական հրամանատարությունը ազգաբնակչությանը հրաման էր արձակել մեր անցնելու ժամանակ դուրս չգալ փողոց: Մութ էր ու սառնամանիք: Երեք ինքնաշարժեր ամայի և լուռ փողոցներով մեզ տանում էին դեպ կայարան: Ժամը 10-ին մեր գնացքը շարժվեց դեպի Երևան:

Առավոտյան ժամը 6-ին Արարատ կայարանում իմ թիկնապահը զեկուցեց, որ կայարանում կանգնած զորքերը՝ զինվորները և սպաները, ուզում են ինձ տեսնել: Ես հագնվեցի և դուրս եկա: Ընդունեցին կեցցեներով: Ավագ սպան զեկուցեց, որ նախընթաց օրը գրեթե բոլոր նախարարները, քաղաքապետը, խորհրդարանի անդամներից շատերը թողել էին Երևանը՝ մի մասը ուղղվելով դեպի Թիֆլիս, իսկ մյուսները՝ դեպի Զանգեզուր: Զինվորները և սպաները՝ վախենալով իմ և պատվիրակության անդամների համար՝ առաջարկում էին ինձ, իրենց պաշտպանության տակ, ճանապարհ գցել Հայաստանի սահմաններից դուրս: Ես զգացված էի նրանց ուշադրությունից: Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ իմ պարտականությունը ինձ թելադրում է գնալ Երևան:

Գնացքը շարժվեց դեպի Երևան: Առավոտյան ժամը 10-ին հասանք Երևան: Հեռվից նկատեցի կայարանի կարմիր դրոշակը: Այնտեղ մեզ մեքենայով սպասում էր քաղաքապետի օգնական Շահումյանը:

Տուն գալով ես հեռախոսով կանչեցի Դրոյին և նրանից խնդրեցի նշանակել կառավարության նիստ ՝ պատվիրակության զեկուցումը լսելու համար: Զեկուցումը նշանակվեց նույն օրը ցերեկվա ժամը 12-ին: Մենք ամբողջ կազմով գնացինք կառավարության տուն: Մեզ ընդունեցին Դրոն և Սիլինը: Մենք մանրամասն զեկուցում տվեցինք: Դրոն մեզ ասաց, որ գործել են շատ ճիշտ՝ ստորագրելով դաշնագիրը և որ իր խուսափողական պատասխանը դաշնագիրը ստորագրելու մասին, երբ Ալեքսանդրապոլից նրա հետ խոսում էի հեռագրով, պետք էր հասկանալ այնպես, ինչպես որ մենք հասկացել էինք: Պարզ էր, որ հեղափոխական նոր իշխանությունը չէր ուզում իր վրա դաշնագիրը ստորագրելու համար վերցնել պատասխանատվություն ոչ թուրքերի և ոչ էլ հայ ժողովրդի առաջ: Երևանի նոր իշխանությունը կցանկանար, որ դաշնագիրը ստորագրվեր, բայց մեր և ոչ իր ձեռքով:

Դրոյին ես հանձնցի բոլոր վավերագրերը և նրանից վերցրեցի ստորագրություն, որ այս րոպեիս էլ աչքերիս առաջ է: Այն ռուսերեն լեզվով էր.

«Ստավցած է Ալ. Իվ. Խատիսյանից:

  1. Դաշնագիր Թուրքիայի հետ ֆրանսերեն լեզվով,
  2. Նույնը՝ թուրքերեն լեզվով,
  3. Երեք օրինակ քարտեզներ՝ կցված դաշնագրին,
  4. Հաշիվ պատվիրակությանը տրված գումարների ծախսերի մասին,
  5. Զեկուցում Ա. Խատիսյանի

Ստորագրված է՝

Հայաստանի Ս. Խ. Հ. Հայաստանի բոլոր զինվորական ուժերի հրամանատար Դրո

Երևան, 5 դեկտեմբեր, 1920թ»:

Զեկուցումը ես ներկայացրեցի դեկտեմբերի 4-ին, իսկ վավերագրերը և հաշիվները հանձնեցի հետևյալ օրը՝ դեկտեմբերի 5-ին:

Բոլոր վավերագրերը, դաշնագրերը, քարտեզները հանձնելով Դրոյին ու Սիլինին, ես իմ պաշտոնը համարեցի վերջացած: Իմ բնակարանում հավաքեցի պատվիրակության բոլոր անդամներին, խորհրդականներին ու պաշտոնյաներին, շնորհակալություն հայտնեցի նրանց աշխատանքի և անձնվիրության համար և հայտարարեցի պատվիրակության գործը վերջացած: Մենք դարձանք սովորական մարդիկ:

Դարձյալ երկու խոսք դաշնագրի մասին:

Ալեքսանդրապոլի դաշնագիրը թուրքական խմբագրության մեջ ուներ հատուկ կետ երրորդ հոդվախի տակ: Ցանկանում եմ մի քանի խոսք ասել այդ մասին, որովհետև այդ առթիվ շատ է գրվել Թիֆլիսի և Պոլսի լրագրերում: Թուրք պատվիրակությունը դաշնագրի նախագծում երրորդ հոդվածի տակ մտցրել էր հետևյալ կետը. «Ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական, նաև ամբողջ աշխարհի վիճակագրությունը և բոլոր տվյալները ցույց են տալիս, որ ամբողջ թուրքական կայսրության մեջ չկա ոչ մի կտոր հողամաս, որտեղ հայ ժողովուրդը կազմեր մեծամասնություն»:

Մեր պատվիրակությունը զգալով և տեսնելով, որ այդ կետի միջոցով թուրքերը իրենց համար իրավական ապացույց են ուզում ստեղծել Թուրքահայկական պահանջների անհիմն լինելու մասին, վճռականապես հայտարարեցի, որ եթե այդ կետը դաշնագրից դուրս չթողնվի, մեր կողմից դաշնագիրը չի ստորագրվելու: Թուրքրեը, տեսնելով մեր վճռականությունը, դուրս թողեցին այդ կետը, և Ալեքսանդրապոլի դաշնագրում այդ կետը չկա: Մինչդեռ թուրքական «Սաբահ» լրագիրը տպագրել էր Ալեքսանդրապոլի դաշնագիրը՝ նրանում պահելով այդ կետը:

«Սաբահ» թերթից դաշնագիրը նույն ձևով արտատպվեց Պոլսի մյուս թուրքական թերթերում, այնտեղից այն անցավ և հայ լրագրեր: Թե մեր պատվիրակությունը և թե մանավանդ ես, ենթարկվեցինք չափազանց խիստ քննադատությունների այդպիսի կետ ստորագրելու համար: Դեկտեմբերի վերջերին լրագրերի խմբագրություններին ես ուղղեցի առանձին նամակներ, որոնցով ջանացի վերականգնել ճշմարտությունը, այսինքն՝ որ հիշյալ կետը Ալեքսանդրապոլի դաշնագրում չկա:

Ալեքսանդրապոլի դաշնագրի բնագիրը պահվում է Երևանում, խորհրդային կառավարության մոտ: Թո՛ղ նրանք, որ ուժ և հնարավորություն ունեն, փոխեն Ալեքսանդրապոլի դաշնագրի պայմանները: Եվ մենք, այդ դաշնագիրը ստորագրողներս, կլինենք առաջինները, որ կծափահարենք: Բայց ահա անցել է արդեն քանի տարի և, դժբախտաբար, դրությունը չի փոխվել…