Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, տեղեկացնում է Ազատությունը: Երևանը առայժմ չի արձագանքել առաջարկին, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով իր քաջատեղյակ աղբյուրը:
Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանում այս պահին երեք Հայաստանի քաղաքացիներ են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանք Ադրբեջանում երկարատև ազատազրկման են դատապարտված:
Հայկական կողմում ևս երեք ադրբեջանցի է պահվում: Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերով ձերբակալվել են 2014 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքներում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության մեջ։ Հայկական կողմում գտնվող երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, նա ձերբակալվել է անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի ուղղությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ 1995 թվականին ծնված Հուսեյնզադեն ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին:











