Սերժ Սարգսյանը կտրականապես հերքում է շշուկները, որ մասնաբաժին ունի Հայաստանի մեծ բիզնեսի մեջ

4680

ՎԻԿԻԼԻՔՍ – ՀԱՅԱՍՏԱՆ, No 12

Վիկիլիքսի այս փաստաթուղթը 2008-ի ապրիլի 8-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը: Այս փաստաթուղթը չի կրում “գաղտնի” կամ “խորհրդապահական” դասակարգումը և ամփոփումն է Սարգսյանի՝ մարտի 13-ին տեղի ունեցած հեռուստատեսային հարց ու պատասխանի: Առաջին անգամ հայերենով այս հեռագիրը ամբողջական հրապարակել է ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթը 2011թ. սեպտեմբերի 23-ի համարում: 

1. Սեղմագիր – Չնայած ներփակ նկարագրվող իրադարձությունները շուրջ չորս շաբաթվա պատմություն ունեն, այնուամենայնիվ, կարծում ենք` նորընտիր նախագահ Սարգսյանի երդման արարողության նախօրյակին չեն կորցրել կարեւորությունը: Դրանք արտացոլում են նրա կողմից ձեռնարկված մի հետաքրքիր փորձ` հասու դառնալու հայաստանյան հասարակությանը, մասամբ օգտագործելով այնպիսի միջոցներ, որոնք մինչ այդ կիրառվել են բացառապես ընդդիմության կողմից: Այսուհետեւ էլ մենք հետաքրքրվելու ենք, թե արդյոք պաշտոնը ստանձնելուց հետո է՞լ նա կշարունակի փորձերը` կիրառելու ոչ ստանդարտ մոտեցումներ հասարակությանն իր կողմը գրավելու համար:

2. Հայաստանի Նախագահական վիճելի ընտրություններից եւ հետընտրական բռնություններից անմիջապես հետո նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հասարակական աջակցության ձեռքբերման նպատակով, ի թիվս այլ քայլերի, մարտի 10-ին ստեղծեց ինտերնետային մի բլոգ` հրավիրելով հայրենակիցներին հարցեր եւ մեկնաբանություններ տեղադրել այդ բլոգում: Մարտի 13-ին Սարգսյանն իրեն ուղղված 3000 blog posting-ներից պատասխանեց մոտավորապես 80-ին` երկու  ժամանոց ձայնագրված մի հարցազրույցի ժամանակ, որն ամբողջությամբ  հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Հարցազրույցի ժամանակ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց երկխոսության մեջ մտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, այն պարագայում, եթե Տեր-Պետրոսյանը ճանաչի իր հաղթանակը: Նա արդարացրեց իշխանությունների գործողությունները մարտի 1-ին եւ  բացառեց նախկին նախագահ Քոչարյանի հետ պաշտոնների փոխատեղման վերաբերյալ շշուկները: Հասարակության արձագանքը այս բլոգային նախաձեռնության հանդեպ հակասական էր: Բլոգի այցելուները մեծ մասամբ սկեպտիկ վերաբերմունք ունեին դրա թողած ազդեցության, ինչպես նաեւ մի շարք հարցերին Սարգսյանի տված պատասխանների վերաբերյալ:

Նորընտիր նախագահը ուղերձ է հղում բլոգոսֆերային

3. Մարտի 1-2-ին ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ տեղի ունեցած եւ առնվազն ութ զոհերի պատճառ դարձած բռնությունից հետո հայաստանյան հասարակայնությանն իր կողմը գրավելու փորձ կատարելով, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ստեղծեց իր անձնական բլոգը մարտի 10-ին: Նա իր հայրենակիցներին հրավիրեց հարցեր եւ մեկնաբանություններ զետեղել իր հասցեի վրա: Չորս օրվա ժամանակահատվածում բլոգը ստացավ մոտավորապես 3000 գրանցում, որից 80-ին Սարգսյանը պատասխանեց չորս հեռուստավարողների մասնակցությամբ նախապես ձայնագրված հարցազրույցի ժամանակ, որը մարտի 13-ին ամբողջությամբ հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ` լուրերի գիշերային թողարկումից հետո:

4. Բլոգի ստեղծումը մի ամբողջ շարք քայլերից կազմված ծրագրի կետերից մեկն էր միայն, որ վարչապետը նախաձեռնել էր մահացու բախումներին հաջորդած երկու շաբաթներում: Նա նաեւ ա/ այցելություն կատարեց ցուցարարներից մի քանիսին, որոնք վիրավորվել էին բախումների ժամանակ, բ/ հանդիպեց փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու իրադարձությունների թողած ազդեցությունը բիզնեսի վրա, գ/ հարցուպատասխանի հանդիպում ունեցավ համալսարանական ուսանողների հետ, դ/ նախկինում նախագահի պաշտոնի համար մրցակից, իսկ ներկայում կոալիցիայի նոր գործընկեր Արթուր Բաղդասարյանի հետ միասին հեղինակեց մի հրապարակում Վաշինգտոն Պոստի համար, ե/ վերջապես, մարտի 6-ին գումարեց կառավարության նիստ, որի ժամանակ նշեց, որ կառավարության հետ կապված լրատվամիջոցները մեղքի իրենց բաժինն ունեն բախումների հարցում:

(Ծանոթագրություն – Նախքան ընտրությունները Սարգսյանը մի անգլիական ընկերություն էր վարձել որպես խորհրդատու` հասարակայնության հետ հարաբերությունների հարցերով: Հայտնի չէ` հետընտրական շրջանում նա դեռեւս օգտվում է այդ ընկերության ծառայություններից, թե ոչ):

5. Սարգսյանի բլոգում  զետեղված մեկնաբանությունների ու հարցերի երկար շարքը ընդգրկում էր աջակցող գրություններից մինչեւ քննադատականներն ու չեզոքները: Աջակցող գրությունները ընդգրկում էին շնորհավորանքներ, կոչեր` ուղղված Սարգսյանին, որ վերականգնի կարգուկանոնը եւ ձերբակալի Լեւոն Տեր-Պետրոսյանին, խնդրանք/պահանջներ` զբաղվելու կաշառակերության, մենատիրությունների, գործազրկության, ցածր աշխատավարձերի եւ թոշակների հարցերով: Քննադատական գրությունները անդրադառնում էին մարտի 1-ի իրադարձություններին, գողացված ընտրություններին, սեփական ժողովրդի վրա «ձեռք բարձրացնելու» խնդրին, կաշառակերությանը, կառավարական պաշտոններին նշանակումներին` հիմնված բացառապես կլանի հանդեպ հավատարմության վրա, օլիգարխիայի դեմ մեղադրանքներին, սոցիալ-տնտեսական խնդիրներին եւ ընդդիմության դեմ բռնաճնշումներին:

Քաղաքականապես չեզոք գրությունները վերաբերում էին մտահոգություններին` կապված գործազրկության, երկրի տնտեսական դրության, դատարանների անկախ չլինելուն, անհատական բիզնեսի եւ սեփականության, ուսման վարձերի մեծ գումարներին, բարձր հարկերին եւ ապրանքների աճող գներին: (Ծանոթագրություն – ուշագրավ էր, որ բլոգում դրված բազմաթիվ «տհաճ» հարցեր չվերացվեցին եւ հետագայում էլ նույն հարցերը տրվեցին հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: Իրականում Սարգսյանը պատասխանեց որոշ բավական «անհաճո» հարցերի):

Հանգուցային արտահայտությունները

6. Հեռարձակման ժամանակ նորընտիր նախագահ Սարգսյանի հանգուցային արտահայտություններից մի քանիսը մեջբերվում են ստորեւ: Ուղիղ մեջբերումները դրված են չակերտների մեջ:

– Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսության վերաբերյալ Սարգսյանը ասաց, որ պատրաստ է երկխոսության, բայց միայն այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կճանաչի ընտրություններում իր (այսինքն` Սարգսյանի) հաղթանակը. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակի հայտարարել, որ նախագահ է ընտրվել 65 տոկոս քվեներով, մերժի Սահմանադրական դատարանի որոշումը եւ ինձ կոչի ավազակապետ եւ մոնղոլ-թաթար, ինչ երկխոսություն կարող ենք մենք ունենալ»:

– Մարտի 1-2-ին իշխանությունների խաղացած դերին անդրադառնալով, Սարգսյանը հեռուստադիտողներին հավաստիացրեց, որ Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին ցրելու վերաբերյալ որեւէ որոշում չի եղել, ավելացնելով, որ ինքը «հնարավոր ամեն ինչ» արել է` խուսափելու համար զոհերից: «Հրաման չի եղել Ազատության հրապարակում հավաքված ընդդիմադիրներին ցրելու վերաբերյալ»: Այս միտքը հաստատելու համար նա ավելացրեց, որ եթե ոստիկանությունը նախատեսած լիներ ամբոխը ցրել` նրանք նախապես պատրաստված կլինեին, մինչդեռ ոստիկանների ստացած վնասվածքները հակառակն են ապացուցում (այսինքն այն, որ նրանք պատրաստված չէին): Սարգսյանը համոզված ձեւով պնդեց, որ ոստիկանները գնացել են Հրապարակ` բացառապես նրա համար, որ ստուգեն ցուցարարների մոտ զենքերի առկայությունը եւ, ի վերջո, այդ ձեւով վարվեցին միայն այն բանից հետո, երբ հայտնաբերեցին, որ ցուցարարներն իրոք զինված են: Նա նաեւ ժխտեց, որ Հայաստանի բանակը անտեղի ձեւով օգտագործվել է Արտակարգ դրության ժամանակ: «Մենք երբեք բանակը չենք օգտագործել քաղաքական նպատակներով»: Այնուամենայնիվ նա ընդունեց, որ այն, որ հնարավոր չի եղել կանխել բախումները, դա իշխանությունների ձախողումն է: «Բայց մենք չկարողացանք կանխել դրանք, ուստի պատասխանատու ենք պատահածի համար»:

– Ինչ վերաբերում է նախկին նախագահ Քոչարյանի հետ պաշտոնների փոխատեղման հնարավորությանը, Սարգսյանը գոնե ժամանակավորապես լռեցրեց այդ շշուկներն` ասելով. «Ռոբերտ Քոչարյանը եւ ես այնքան ազնվություն ունենք, որ եթե մի այդպիսի սցենար հնարավոր լիներ, մենք այդ մասին նախապես կհայտարարեինք` այնպես, ինչպես ընտրությունից առաջ արեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդեւը»: Նա նաեւ փորձեց թեկուզ հռետորական ձեւով սահմանազատվել նախագահ Քոչարյանից. «Միշտ չէ, որ իմ կարծիքները համընկնում են նախագահ Քոչարյանի կարծիքներին»:

– Հայաստանը բարեփոխելու մտադրությունների մասին Սարգսյանը արտահայտվեց` խոստանալով «արմատախիլ անել հանցագործությունները Հայաստանում»: Նա նաեւ խոստացավ պայքարել արդարադատության ոլորտում կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ: «Խոստանում եմ, որ մենք կաջակցենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան բացահայտել կաշառակերներին»:

– Իր նախագահ դառնալուց հետո Հայաստանի ապագա կառավարության ձեւավորմանն անդրադառնալով` Սարգսյանը հերքեց այն պնդումները, որ իր ներկա նախարարական կաբինետը վարկաբեկված է: Նա ասաց, որ պատճառ չունի անհարմար զգալու իր կատարած նշանակումների համար: Նաեւ խոստացավ ժողովրդի մեջ վատ համբավ ունեցող անձանց չնշանակել կառավարության կազմում:

– Պատասխանելով Պաշտպանության նախարարի տեղակալ, վերջերս պաշտոնից ազատված նախկին գեներալ Մանվել Գրիգորյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանին ցուցաբերած աջակցության մասին հարցին, Սարգսյանը իր ափսոսանքն ու ցավը  հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի իր զինակիցը ներքաշվել է քաղաքականության մեջ: Գեներալ Մանվել Գրիգորյանը «…ինչ-որ պատճառներով որոշեց ներքաշվել քաղաքականության մեջ եւ չենթարկվել իր գերագույն հրամանատարին»:

– Խոսելով ազգային եւ տեղական քաղաքականության մեջ ընդդիմության ապագայի մասին, Սարգսյանը ամեն կերպ ջանաց հավաստիացնել հեռուստադիտողներին, որ ընդդիմությունն իր ձայնը կունենա իր վարչակարգի օրոք. «Մենք փորձում ենք բարեփոխել օրենսդրությունը եւ օրենսդրորեն երաշխավորել խորհրդարանական փոքրամասնության իրավունքները»: Նա նաեւ հայտարարեց, որ ընդդիմադիր ընտրազանգվածը կարող է ակտիվորեն մասնակցել Հայաստանում առաջիկայում կայանալիք տեղական իշխանությունների ընտրություններին:

– Անդրադառնալով ԶԼՄ-ներին, նա փորձեց մեղմել հասարակության մտահոգությունը կառավարամետ ԶԼՄ-ների կանխակալության վերաբերյալ: Նա ասաց, որ մտահոգված է, որ մարդիկ ինտերնետով տարածվող շշուկներին ու տեղեկատվությանն ավելի են վստահում, քան հանրային եւ կիսահանրային հեռուստակայաններով (համապատասխանաբար Հ1 եւ հ2) հեռարձակվող տեղեկատվությանը: Բայց միաժամանակ շեշտեց, որ Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակում մարդկանց հետ հաղորդակցվելու լավագույն ձեւը ինտերնետն է: «Այսօր ինտերնետը հզոր մեխանիզմ է հասարակական կարծիք ձեւավորելու համար: Ահա թե ինչու ես ընտրել եմ հաղորդակցման հենց այս ձեւաչափը», «Այս ձեւաչափը թույլ է տալիս, որ մարդիկ ամենատարբեր տիպի հարցերով դիմեն, միաժամանակ մնալով չբացահայտված: Ներկա իրավիճակում սա լավագույն ձեւաչափն է»:

– Թե ինչու Նախագահ Բուշն իրեն չի շնորհավորել հարցին Սարգսյանը փորձեց պաշտպանվել` ասելով, որ հավանաբար խնդիրը ոչ թէ բուն ընտրությունն է, այլ դրանից հետո տեղի ունեցած զարգացումները: Սարգսյանը նշեց, որ Պետդեպարտամենտը համամիտ է եղել այն գնահատականին, որ տվել են միջազգային դիտորդները, որոնք նախագահական ընտրությունները որակել են որպես ընդհանուր առմամբ միջազգային ստանդարտներին համապատասխանող: Սարգսյանը նաեւ հայտնեց, որ 2007-ին որպես վարչապետ իր նշանակումից հետո Նախագահ Բուշը շնորհավորել է իրեն, թեեւ տարածված չէ, որ երկրի առաջին դեմքը շնորհավորի մի այլ երկրի երկրորդ դեմքին:

– Պատասխանելով անձնական բնույթի հարցերին, նա հերքեց դրանցից մեկում եղած ակնարկը իր խաղամոլության մասին: «Ոչ, ես խաղամոլ չեմ»: Նա նաեւ կտրականապես հերքեց այն շշուկները, որ ինքը մասնաբաժին ունի Հայաստանի մեծ բիզնեսի մեջ:

Հակասական արձագանքներ, մեծ մասամբ` արհամարհական

7. Երբ Poloff-ը [դեսպանատան քաղաքական աշխատակից] ուսումնասիրեց բլոգի վերաբերյալ արձագանքները` նա լսեց հակասական արձագանքներ, որոնց մեծ մասն արհամարհական էր: Մի մասը չէր դիտել հարցազրույցը` սկզբունքորեն մերժելով Հանրային հեռուստատեսությանը` որպես իշխող վարչակարգի հանդեպ միակողմանի եւ կանխակալ  մոտեցում ցուցաբերող: Ոմանք ողջունում էին այս նախաձեռնությունը, նշելով, որ կարեւոր էր, որ Սարգսյանը խոսեր հասարակության հետ մարտի 1-2-ի դեպքերից հետո, բայց միաժամանակ նշում էին, որ տհաճ զգացողություն են ունեցել նրա առարկություն չընդունող խոսելաձեւից, որոշ հարցերի պատասխանելու ժամանակ: Ոմանք ասում էին, որ դա ֆարս էր: Իրենք ցնցվել են,   դիտելով Սարգսյանի որոշ պատասխանները եւ տարօրինակ շարժուձեւը:

8. Փորձառու քաղաքական դիտորդ Ալլա Բակունցը, որը նախկինում աշխատում էր քաղաքական-տնտեսական բաժնում, իսկ այժմ աշխատում է ՄԱԿ-ի տեղական գրասենյակում, նշեց, որ դժվար է Սարգսյանի դեմքի վրա նկատել ինչ-որ նկատելի փոփոխություններ, երբ նրան տրվում են անկեղծ ու շիտակ հարցեր: Նա նշեց նաեւ, որ նկատելի են Սարգսյանի «մարմնական, լեզվի լարվածությունը եւ այն ակնհայտ տհաճությունը, որով նա պատասխանում էր հեռուստավարողների ներկայացրած որոշ հարցերին, մի բան որ ստիպում էր վերջիններիս հարցը տալուց առաջ նախապես երկար ներողություններ խնդրել: Ինչպես USAID-ի տեղական մի գործակցող հայտնել է Պոլովին` իր շփումները ցույց են տալիս, որ մարդիկ ամոթալի են համարում որ ոչ խարիզմատիկ Սարգսյանը առարկություն չընդունող ձեւով պատասխանում էր հարցերին` «Դա սուտ է» եւ այլ տիպի անզուսպ ու բռնկուն պատասխաններ տալով: Ուրիշները գտնում էին, որ ծիծաղելի էր, թե նա ինչպես էր պատասխանում որոշ հարցերի, այդ թվում նրա բացատրությունը, թե ինչու մինչեւ հիմա նրան չի շնորհավորել Նախագահ Բուշը: (Ծանոթագրություն – Սարգսյանն ակնհայտորեն «գլուխը պրծացրեց», ասելով, որ նա արդեն ստացել է Սպիտակ Տան շնորհավորանքները, երբ 2006-ին դարձել է վարչապետ, հասկացնելով, որ նա դեռ նախքան նախագահական վիճելի ընտրությունները արդեն ստացել էր Վաշինգտոնի պաշտոնական օրհնությունը):

Մեկնաբանություն

9. Մինչ մենք քաջալերական ձեւով ենք խոսում բլոգում տիրող մթնոլորտի մասին եւ նշում ենք, որ այս միջոցն էր, որ ընդդիմության աջակիցները օգտագործեցին Արտակարգ դրությամբ պարտադրված  լրատվական բլոկադան ճեղքելու համար, անհրաժեշտ է նաեւ շեշտել, որ հաշտեցմանն ուղղված խոսքերի ժամանակը վաղուց արդեն անցել է: Նորընտիր նախագահի, նրա աշխատակազմի եւ իր ոչ պաշտոնական ներկայացուցիչների հետ մեր զրույցներում մենք նրանց համոզել ենք համարձակ քայլեր կատարելու ընտրության ժամանակ բացահայտված եւ առավել վատթարացած հասարակության  հակասությունները հաղթահարելու նպատակով: Բայց կարծես թե մեր հորդորները որեւէ արձագանք չեն ունեցել, քանի որ Սարգսյանի խոսքի ու գործի  միջեւ հակասությունը շարունակում է խորանալ:

Ջոզեֆ Փենինգթոն