Պանդուխտ (Միքայէլ Սերեան)․ Եղիկ Ճէրէճեանի նոր գիրքը

2894

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Եղիկ Ճէրէճեանի նոր հատորը՝ նվիրված Պանդուխտին՝ Միքայէլ Սերեանին։ Այն տպագրվել է 2018-ին, Բեյրութում և կրում է «Պանդուխտ (Միքայէլ Սերեան)» խորագիրը։

Սա Ճէրէճեանի հեղինակային «Հրասիրտները» մատենաշարի երրորդ գիրքն է։ Առաջինը նվիրված էր «Մեծն Մուրադին»՝ Համբարձում Պոյաճեանին, երկրորդը՝ «Ս․ Վահագնին»՝ Գրիգոր Նալպանտեանին։

«Պանդուխտ (Միքայէլ Սերեան)» գրքում հանգամանորեն ներկայացվել է հայ ազգային ազատագրական պայքարի գործիչ Պանդուխտի (Միքայել Սերյան, հիշատակված նաև՝ Սեֆերյան՝ 1884, Մուշ – 1920-ի սկիզբ, Սարիղամիշ) ազգային-կուսակցական գործունեությունը (Անդրկովկաս, Բալկանյան երկրներ, Թուրքիա, ԱՄՆ, Կանադա) և մարտական երթը հայրենիքի սահմանների պաշտպանության համար՝ Կարս, Սարիղամիշ, Էրզրում, Երզնկա, Ալեքսանդրապոլ, Շիրակի դաշտ, Սարդարապատ, Զանգեզուր։

Գրքի առաջաբանում պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանը մասնավորապես գրում է․

«Պանդուխտի մասին մեր հանրությունն առաջին անգամ իրազեկվել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի միջոցով, որտեղ մեծանուն բանաստեղծը անթաքույց հիացմունքի խոսքեր է շռայլում հնչակյան Պանդուխտի մասին։ Հաջորդիվ նրա անունը կապվում է 1918-ի Մայիսյան հերոսամարտերի, մասնավորապես Սառնաղբյուրի գոյամարտի հետ։ Չարենցից հետո Պանդուխտի մարտական երթը իրենց աշխատություններում կերպարանավորել են մեծանուն գրողներ Խաչիկ Դաշտենցը, Վահան Թոթովենցը, Սերո Խանզադյանը, Բագրատ Ուլուբաբյանը և ուրիշներ

Եղիկ Ճէրէճեանի աշխատասիրության էական առանձնահատկությունը Պանդուխտի կյանքի և գործունեության անհայտ էջերի բացահայտումն է»։

Եղիկ Ճէրէճեանը մեկ տասնյակ գրքերի, գիտական 13 հոդվածների, ավելի քան 100 գրախոսության և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

1992-2009 թթ․, հաջորդական չորս անգամներ, ընտրվել է Լիբանանի խորհրդարանի անդամ Բեյրութի շրջանից։ 1995-ից մաս է կազմում Ս․ Դ․ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության։

 

Սեբաստացի Վահագն (Գրիգոր Նալպանտեան)․ Եղիկ Ճէրէճեանի նոր գիրքը

«Մեծն Մուրատ (Համբարձում Պոյաճեան)»․ Եղիկ Ճէրէճեանի գիրքը