Իրանի հետ համաշխարհային 6-նյակի կնքած Միջուկային համաձայնության շուրջ զարգացումները շարունակվում են:
Մայիսի 8-ին ԱՄՆ-ի պայմանագրից միակողմանի դուրս գալուց հետո Իրանի արտգործնախարար Մ. Զարիֆը գործուղվել է անդամ մյուս երկրների (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հետ բանակցելու և երաշխիքներ ստանալու, որ երկիրը մնա պայմանագրի մեջ: Ինչպես նախկինում նշել ենք, Իրանը դուրս է գալու համաձայնագրից, եթե անդամ մյուս պետությունները, հատկապես՝ Եվրոպան, չկարողանան տալ հստակ երաշխիքներ, որ չեն ներգրավվի ԱՄՆ պատժամիջոցների թափի մեջ, ավելին՝ իրենց գործողություններով հնարավորինս կչեզոքացնեն դրանք: Այս համատեքստում հետաքրքրական է մեր տարածաշրջանի երկրների ունեցած վերաբերմունքը խնդրին:
Ադրբեջանի դեպքում ի թիվս Իրան-Ադրբեջան առկա մի շարք խնդիրներին (Կասպից ծովի իրավական վիճակ, Ադրբեջանի կողմից Իրանում գործող ծայրահեղական խմբերին տրամադրվող ապաստաններ, պատմության կեղծում, տարածքային նկրտումներ և այլն) առկա է նաև Իրանի կազմաքանդման մեջ շահագրգիռ, ԱՄՆ հիմնական դաշնակից Իսրայելի տոտալ ազդեցությունը: Այստեղ տեղին է մեջբերել Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների այսբերգի հետ համեմատությունը, որի 10%-ը երևում է 90-ը չէ: Միայն այդ երևացող 10%-ի մեջ, թե՛ մենք, թե՛ Իրանի պաշտոնական գերատեսչությունները հստակ գիտեն, որ Ադրբեջանի տարածքը մի անգամ չէ, որ Իսրայելի կողմից օգտագործվել է Իրանի դեմ գործողությունների համար: Նշենք ազդեցության գոտիներից մի քանիսը.
- Դիվանագիտական և քաղաքական հարաբերություններ, համագործակցություններ մշակութային բոլոր ոլորտներում:
- Ադրբեջանական էներգակիրների սպառում:
- Իրանի հետ սահմանակից շրջաններում հողային գնումներ իսրայելական ընկերությունների կողմից:
- Կրթության ոլորտ՝ ներգործություն դպրոցների, համալսարանների վրա, կրթության հրեական ձևի տարածում երկրում:
- Կրոնական ոլորտ՝ այլախոհության տարածում, հուդայականության քարոզ: Ադրբեջանում մեծամասնություն կազմող շիա մուսուլմանները (ավելի քան 60%) չունեն նույնիսկ կրոնական փոքրամասնություններին տրվող իրավունքներ, հաճախ ենթարկվում են բռնաճնշումների:
- Տեղեկատվական՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ԶԼՄ-ների վրա ազդեցություն:
- Անվտանգային-լրտեսական համագործակցություն: Հասանելություն Ադրբեջանի անվտանգության համակարգեր:
- Սոցիալական՝ ոչ պետական կազմակերպությունների զարգացում:
- Հնագիտության, ճարտարապետության ոլորտ:
- Միգրացիա, վիզաների աջակցում:
- Բժշկություն և դեղագործություն: Իսրայելը փորձում է հետ պահել Իրանում բուժում ստանալու մեկնող մի շարք Ադրբեջանի քաղաքացիների:
- Համագործակցություն Ղարաբաղյան հիմնախնդրում, զենքի վաճառք:
Սրանցից, որպես հստակ գործողություն կարելի է նշել 2014-ին Իրանի տարածքում խոցված իսրայելական անօդաչու թռչող սարքը, որը մուտք էր գործել Ադրբեջանի տարածքից: Այս սկանդալն Իրանը որակեց, որպես Ադրբեջանի անվտանգային համակարգերին Իսրայելի հասանելիության արդյունք: Բացի այս, Իրանում շատ անգամներ են հիշում Իսրայել-Ադրբեջան ռազմական լայնածավալ համագործակցությունը և Արցախի դեմ կիրառված նույն իսրայելական անօդաչուները: Այսպիսով միանշանակ է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում հանդիսանում է հնարավոր հակաիրանական թիվ 1 հարթակը:
Վրաստանի համար էլ հարկ է հիշել նույն դաշնակցային կապը, բայց արդեն ուղղակիորեն ԱՄՆ-ի հետ: Մայիսի 21-ին, Վրաստանի վարչապետ Գ. Կվիրիկաշվիլին ԱՄՆ-ի պետքարտուղար Մ. Պոմպեոյի հետ հանդիպմանը հստակորեն վերհիշեց Վրաստանի սպասումները ԱՄՆ-ից և դաշնակցային հարաբերությունների աստիճանը՝ օժանդակում երկրին ՆԱՏՕ անդամակցության մեջ, զենք-զինամթերքի վաճառք, տնտեսական օժանդակություն և այլն: Գ. Կվիրիկաշվիլին հայտարարեց նաև, որ ԱՄՆ-ը և Վրաստանը Աֆղանստանում շարունակում են «ուս-ուսի» պայքարել ահաբեկչության դեմ: Հատկանշական է, որ սրանից ժամեր առաջ նույն Մ. Պոմպեոն Իրանի հետ Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառների շուրջ ելույթում Իրանին հորդորել էր դադարեցնել Աֆղանստանում ահաբեկչական Թալիբան, Ալ-Կաիդա և մյուս խմբերին ցուցաբերվող օժանդակությունը: Տեղյա՞կ է արդյոք Վրաստանի վարչապետը, որ իր դաշնակից ԱՄՆ-ի հետ «ուս-ուսի» պայքարում ըստ ԱՄՆ տրամաբանության գտնվում է Իրանի հետ հակընդդեմ ճամբարներում՝ դժվար է ասել, սակայն՝ հաշվի առնելով Վրաստանի հստակ արևմտյան և դեպի ԱՄՆ դիրքորոշումը, գրեթե շկասկածի տեղիք չի տալիս, որ դաշնակցի կիրառվելիք պատժամիջոցներին Վրաստանը հիմնական մասով ևս միանալու է:
Քաղաքական առումով ամենաշահեկան դիրքում, թերևս Հայաստանն է՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին, ռազմավարական դաշնակցություն Ռուսաստանի Դաշնության հետ, հակաիրանական և ոչ մի քայլ: Ռուսաստանը, ինչպես գիտենք, ԱՄՆ-ի համաձայնության հետ կապված քայլերը անընդունելի է համարել և նշել, որ անելու է ամենը՝ նվազեցնելու Իրանին հասցվելիք հնարավոր տնտեսական վնասը: Այս համատեքստում էր նաև Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ կնքած ժամանակավոր արտոնյալ առևտրի պայմանագիրը: Այնուամենայնիվ, Հայաստանի դեպքում ևս Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար կան մի շարք խոչընդոտներ: Դրանցից հիմնականը բանկային գործարքների խոչընդոտն է. բանկերը, վախենալով կորցնել ԱՄՆ գործընկերներին և ընկնել պատժամիջոցների տակ՝ հրաժարվում են Իրանի քաղաքացիների համար հաշիվներ բացել, կատարել գործարքներ: Սրանից պակաս կարևոր չէ նաև մեր միջպետական ճանապարհների աղետալի, առևտրա-տնտեսական կապերի թույլ վիճակը, շուկաների և փոխադարձ ճանաչողության ցածր մակարդակը: Այսպիսով՝ հաշվի առնելով նաև մեր երկրում ստեղծված նոր իրավիճակը և կուտակված դրական էներգիան, ուղղակի ժամանակի հրամայական է դրսևորել կամք և ճկունություն՝ հաղթահարելու այս խոչընդոտները և Իրանական մի շարք սլաքներ վերջնականապես մեր երկրի ուղղությամբ թեքելու համար:
Հրաչյա Հակոբյան, իրանագետ
Հատուկ ԱՆԻ-ի համար











