ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ կնքված Միջուկային համաձայնագրից

1143

Երկրների արձագանքները, հնարավոր հետևանքները

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր իշխանության 15 ամիսներին Իրանին եռամսյակը մեկ տրվող «վերջին շանսեր»-ը ի վերջո մոտեցրեց ավարտին և միակողմանի դուրս եկավ 2015 թ.-ին կնքած Միջուկային համաձայնագրից, որով չեղարկվել էին Իրանի դեմ կիրառված ԱՄՆ և միջազգային պատժամիջոցների մեծ մասը:

Սրան փոխարեն երկիրը պարտավորվել էր կանգնեցնել ուրանի հարստացման և ատոմային մյուս տեխնոլոգիաների զարգացումը: Համաձայնագրին հետևած համապարփակ գործողությունների ծրագրով Իրանը թույլատրել էր Ատոմայինէներգիայիմիջազգայինգործակալությանը ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում: Չնայած ԱՏԷՄԻԳ-ի [Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն] կիսամյակային զեկույցներին, ներքոստորագրյալ մնացած երկրների [Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա] և Եվրոմիության ներկայացուցիչների հաղորդումներին, որոնց համաձայն Իրանը չի խախտում կնքված համաձայնագրի կետերը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը շարունակական զգուշացումներից հետո, ի վերջո միակողմանի դուրս եկավ պայմանագրից և հայտարարեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին:

Այսպիսով Թրամփի հրամանի և ԱՄՆ պատժամիջոցային օրենքների համաձայն պատժամիջոցների մի մասը օգոստոսի 4-ին են վերականգնվելու, իսկ հիմնական մասը՝ կապված բանկային համակարգի, նավթի և գազի արդյունաբերության հետ, կիրառվելու են նոյեմբերի 4-ից սկսած: Վերջինը կարող է Իրանի տնտեսությունը լրջագույն ցնցումների մեջ դնել: ԱՄՆ-ի այս քայլի ենթատեքստային պատճառները շատ են՝ աշխարհաքաղաքական շահերի ուղղակի բախումներ Մերձավոր Արևելքում, Իրանի ռազմական ներուժի զարգացում, երկրից դեպի ԱՄՆ և դաշնակիցներ հնչող շարունակական ծայրահեղական կոչեր: Սակայն, հետևելով Թրամփի և ԱՄՆ վարչակազմի հայտարարություններին՝ համաձայնագրից դուրս գալու հիմնական դրդապատճառը Իրանի կողմից մի շարք օբյեկտների ստուգումների արգելումն է: Սա, իհարկե, նախատեսված չէ համաձայնագրով և թերևս նաև այս պատճառով էր Դ. Թրամփի վարչակազմը պայմանագիրը համարում թերի և հորդորում նորից բերել բանակցային սեղան:

Իրանի արձագանքը

Իրանի արձագանքը իրեն սպասել չտվեց և Թրամփի հայտարարության նույն օրը նախագահ Հասան Ռոհանին հեռուստատեսային ուղերձով հանդես եկավ: Նախագահը մեղադրեց ԱՄՆ-ին միջազգային պարտավորվածությունների շարունակական խախտումների մեջ, վստահեցրեց, որ կանխատեսել են ցանկացած փոփոխություն: Արտգործնախարար Զարիֆը նախագահի հրամանով հարցի շուրջ մոտակա շաբաթներում բանակցելու է Եվրոպական երկրների, Ռուսաստանի և Չինաստանի հետ:  Նախագահի հավաստմամբ երկրի ազգային շահի չբավարարման դեպքում Իրանը ևս դուրս է գալու պայմանագրից և վերսկսելու իր ատոմային արդյունաբերությունը առանց որևէ սահմանափակումների:

Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նաև Իրանի իսլամական  խորհրդարանի խոսնակ Լարիջանին, ներքին գործերի նախարար Ֆազլին և կենտրոնական բանկի նախագահ Սեյֆը: Վերջինս հավաստիացրել է նաև, որ արժութային ճգնաժամը կանխարգելող բոլոր միջոցներն իրականացվել են:

Այս համատեքստում հետաքրքրական էր հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի բավական հավասարակշիռ արձագանքը, որից ավելի կտրուկ խոսքեր էին ակնկալվում: Հոգևոր առաջնորդը Եվրոպական երկրների հետ համաձայնագրի պահպանման շուրջ բանակցություններ տանելու կառավարության որոշման մասին ասել է. «Եթե ցանկանում եք պայմանագիր կնքել, գործնական երաշխիքներ են անհրաժեշտ, հակառակ դեպքում նույն ԱՄՆ-ի նման կվարվեն: Եթե կարողանաք երաշխիքներ ստանալ՝ լավ, չնայած՝ ես կասկածում եմ: Եթե չկարողանաք վճռական երաշխիքներ ստանալ՝ համաձայնագիրը շարունակելն այլևս անհնար կլինի:

Հիշեցնենք Խամենեին 2016 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարել էր. «Մենք Միջուկային համաձայնագիրը չենք խախտի, բայց եթե հակառակ կողմը (հեղ.- ԱՄՆ-ը) խախտի, մենք այն ուղղակի կվառենք»: Երևի վերջին խոսքերից ազդված պահպանողական մի շարք պատգամավորներ Քոհքանռիզիի գլխավորությամբ մայիսի 9-ին խորհրդարանի դահլիճի ամբիոնում այրեցին ԱՄՆ դրոշը և պայմանագիրը խորհրդանշող մի թուղթ, գործողությունն էլ համեմեցին տարածված «մահ Ամերիկային» վանկարկումներով:

Այս ծայրահեղական գործողությունները այս անգամ էլ հանդիպեցին Իրանի առաջադեմ քաղաքական գործիչների (Մոթահարի, Զիբաքալամ, Ռահիմի և այլք) խիստ քննադատությանը՝ առ այն, որ նմանատիպ անիմաստ քայլերով ավելի են սրում առկա ճգնաժամը, ավելին՝ միջազգային հանրությանը տրամաբանական բացասական եզրահանգումների տեղիք են տալիս: Նմանատիպ հուզումնալից կոչեր եղան նաև մի շարք զինվորականների կողմից: Այսպիսով, ամփոփելով Իրանի արձագանքը՝ կարելի է փաստել, որ երկիրը փորձելու է Եվրոպայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ պահպանել Միջուկային համաձայնագիրը, սակայն դրա համար նրան անհրաժեշտ են հստակ և գործնական երաշխիքներ:

Միջազգային արձագանքը

ԱՄՆ-ի Միջուկային համաձայնագրի խախտումը քննադատել են պայմանագրին ներքոստորագրյալ բոլոր պետությունները (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա): Նշված պետությունները միակարծիք են, որ պայմանագիրը բխում է բոլորի անվտանգության շահերից, հաստատված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևով և ԱՄՆ-ը իրավասու չէ միակողմանի չեղարկել այն:ԱՄՆ-ի քայլին դեմ է արտահայտվել նաև Թուրքիան՝ այն անվանելով «անհեռանկար քայլ»:  Որոշմանը կողմ արտահայտվածների շարքում սպասելիորեն առկա են Իրանի մեկուսացման մեջ առավել շահագրգիռ Իսրայելը և Սաուդյան Արաբիան:

Հնարավոր հետևանքները

Ինչքան էլ Իրանի իշխանությունները հավաստիացնեն, որ ամեն ինչի պատրաստ են և ԱՄՆ քայլերից մեծ փոփոխություններ ու ցնցումներ չեն սպասվում՝ տրամաբանությունն ու իրողությունը մեզ այլ բան են ասում: Համաձայնագրով խոստացված քաղաքացիների կյանքի բարելավումը, ինչպես գիտենք՝ այդպես էլ իրականություն չդարձավ: Երկրում շարունակեցին և շարունակում են մնալ խորքային հիմնախնդիրներ՝ արժութային անկայուն վիճակ, գործազրկության բարձր ցուցանիշ, գնաճ, մի շարք ստվերային ֆոնդերի գոյություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն, անօթևանություն, անհամաչափ զարգացում, ենթակառուցվածքների հնացած վիճակ, ջրային սակավ ռեսուրսներ և այլն: Պատժամիջոցներն այս ամենին միայն տնտեսական մասով գումարելու են բանկային գործի խնդիրները, ավելացնելու են գործազրկությունն ու գնաճը, ներդրողները կրկին խուսափելու են ԱՄՆ տուգանքներից և անհատական պատժամիջոցներից և ներդրումային դաշտը ևս կանգնելու է:

Պակաս կարևոր չէ նաև ազդեցությունը հասարակական վարքի վրա: Պատժամիջոցները երկրում կրկին ակտիվացնելու են արմատական տրամադրությունները, պահպանողականները այս ամենը ծայրից ծայր փորձելու են օգտագործել իշխող բարեփոխիչ կառավարության դեմ և ավելի է խորանալու քաղաքական բևեռացումը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ևս, լինելով արմատական պահպանողական թև՝ թե՛ երկրի ներսում, և՛ թե սահմաններից դուրս մեծացնելու է գործողությունների սանդղակը՝ ինչը խորացնելու է առկա ճգնաժամը:

Ի՞նչ կարող են անել Եվրոպան և միջազգային հանրությունը խնդիրը կարգավորելու համար: Ի՞նչ երաշխիքներ է ակնկալում Իրանը:

Ռուսաստանն ու Չինաստանը, քննադատելով Թրամփի խնդրո առարկայի մասով որոշումը՝ ողջունել են Իրանի ցուցաբերած զուսպ պատասխանը և ընդգծել կայանալիք բանակցությունների անհրաժեշտությունը: Եթե նշված խոշոր դերակատարների հետ Իրանի հարաբերությունները մեծիմասամբ զերծ են ԱՄՆ ազդեցությունից, ապա իրավիճակը կտրականապես տարբեր է Եվրոպայի դեպքում, որը հանդիսանում է Իրանի պատժամիջոցային շրջանից հետո նավթի արտահանման մեծացրած ծավալի հիմնական սպառողը:

Հենց նավթի խնդիրն է, որ Իրանին տանում է Եվրոպայի հետ բանակցային սեղան: 2015-ի համաձայնագրից առաջ նավթի արտահանումը օրեկան 1.1մլն բարել էր, այսօր երկիրը արտահանում է 2.6 մլն բարել, որից 840 հզրը սպառվում է Եվրոպայում: Չափազանցություն չի լինի ասելը, թե քանի նավթի վաճառքի հետ խնդիր չլինի՝ Իրանը կմնա Միջուկային համաձայնության մեջ:

Եվրոպայի հետ համագործակցության կարևոր մյուս՝ բանկային ոլորտը, չափազանց խոցելի է ԱՄՆ-ի կողմից: Այստեղ բանը նրանում է, որ Իրանի հետ համագործակցություն ունեցող Եվրոպական բանկերը հիմնականում մասնավոր կազմակերպություններ են և շատ են զգուշանում ԱՄՆ ուղղակի տուգանքներից: Միջուկային համաձայնագրից հետո արդեներկու տարուց ավել է ինչ եվրոպական երկրները խոշոր բանկերին չեն կարողանում համոզել, որ Իրանի հետ համագործակցության մեջ մտնեն: Այստեղ հերիք է ԱՄՆ-ը տուգանի կամ պատժամիջոցային ցանկ ավելացնի մեկ բանկի, որ մյուսները հրաժարվեն Իրանի հետ գոործարքների մեջ մտնելու մտքերից:

Հարկ ենք համարում նշել, որ Սառը պատերազմի ավարտից ի վեր Իրանի շուրջ ծագած խնդրում ԱՄՆ-ի և Եվրոպայի տարաձայնությունը ամենամեծն է և, հաշվի առնելով Եվրոպայի դիրքորոշումը՝ մնալ Միջուկային համաձայնագրի մեջ, կարծում ենք այն պետք է մղի եվրոպական երկրներին լուծումներ գտնելու: Իրանի համար երաշխիք և հնարավոր տարբերակներից կարող է լինելԵվրոպայի հավաստումը, որ եթե ԱՄՆ-ը Իրանի հետ համագործակցության համար տուգանի կամ պատժամիջոցներ սահմանի եվրոպական կազմակերպությունների դեմ՝ այդ դեպքում Եվրոպան ԱՄՆ-ի դեմ կգնա առևտրային պատերազմի և պատասխան քայլեր կձեռնարկի:

Այս տարբերակը, սակայն, մեզ իրատեսական չի թվում: Ինչքան էլ Եվրոպայում դժգոհեն Թրամփի վարչակազմի գործողություններից՝ հազիվ թե Իրանի համար իրենց դաշնակցի հանդեպ նմանատիպ կտրուկ քայլի գնան: Սրան հակառակ առավել իրատեսական է թվում այն, որ Եվրոպան մինչև նոյեմբեր մնացած այս 6 ամիսը կօգտագործի ԱՄՆ-ին բանակցությունների միջոցով համոզելու համար փոփոխել որոշումը: Այս տարբերակն էլ, սակայն, կարող է ենթադրել որոշակի զիջումներ նաև Իրանի կողմից՝ ինչը երկրում պահպանողականների այս նոր ակտիվության հետ գրեթե անհամատեղելի է:

Ամփոփելով իրավիճակը՝ գալիս ենք այն եզրահանգմանը, որ իրավիճակի սրացումը կամ հանդարտեցումը ներկա պահին կախված է բանակցային նոր գործընթացներ սկսելու կողմերի պատրաստակամությունից: Այս ամենը մոտակա շաբաթներում հստակորեն պարզ կդառնա Իրանի մեկնարկած համաձայնագրում մնացած երկրների հետ բանակցությունների արդյունքներից:

Հրաչյա Հակոբյան

Հատուկ ԱՆԻ-ի համար