Ծաղկաշատ գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում՝ Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան լանջին, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա: Ծաղկաշատը գտնվում է Ալավերդի քաղաքից 12 կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից՝ 60 կմ հյուսիս-արևելք:
Ծաղկաշատ է վերանվանվել 1935 թվականին, մինչ այդ ունեցել է Խաչիդուռ անունը: Գյուղը մոտ հարյուր տարվա պատմություն ունի: Գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին անգամ հիշատակվում է 1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարում:
1926-ին գյուղն ունեցել է 167 բնակիչ, բոլորը՝ հայեր:
1931 թվականի տվյալներով, Ծաղկաշատի բնակչությունը եղել է 231 հոգի, բոլորը՝ հայեր:
Պատմությունը
Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:
Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:
Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝
Ախթալա,
Թումանյան,
Շամլուղ,
ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.
Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Այգեհատ (Դանուշավան), Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ,
Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:
Դիտել նաև՝
https://www.aniarc.am/2017/09/27/armenia-georgia-without-dividing-lines-tatul-hakobyan-civilnet/












