Էդուարդ Շարմազանովի Արցախյան սխալները

1410
Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող ՀՀԿ-ի խոսնակ Էդուրադ Շարմազանովը «Կիրակնօրյա Ազատության» զրույցում թույլ է տվել փաստական մի շարք սխալներ, որոնց սրբագրումը այս հոդվածում օգտակար կլինի ոչ միայն պարոն Շարմազնովի, այլ նաև նրանց համար, ովքեր Արցախյան թեմատիկայով ելույթներ են ունենում նաև Հայաստանից դուրս՝ օտար լսարանի առաջ:

«Արցախը անջատվել է Խորհրդային Միությունից մինչև Խորհրդային Միության փլուզումը նույն այն սկզբունքերով, ինչպես ԽՍՀՄ-ից անջատվել են Ռուսաստանը, Հայաստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան»,- ասում է ՀՀԿ խոսնակը:

Պարոն Շարմազանովը այս պնդումը կրկնում է հաջորդ իսկ պահին, ընդ որում այնքան ինքնավստահ, որ մարդ խրտնում է անգամ կասկածի տակ դնել այս ակնհայտ պատմական, փաստական սխալը:

Գուցե նմանություններ կան, թե ինչպես են Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը անջատվել Խորհրդային Միությունից, բայց ոչ երբեք՝ Հայաստանը, առավել ևս՝ Բալթյան երկրները:

Մինչև 1991 թվականի օգոստոսյան խռովությունը ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Արցախը՝ այն ժամանակ դեռ ԼՂԻՄ անունով, չեն ցանկացել դուրս գալ ԽՍՀՄ-ից: Ավելին, Ադրբեջանը, հենց մնալով ԽՍՀՄ կազմում և հավատարմություն հայտնելով Միխայիլ Գորբաչովին, փորձում էր այդ ճանապարհով հօգուտ իրեն լուծել ղարաբաղյան խնդիրը: ԼՂԻՄ իշխանությունները ձգտում էին ԽՍՀՄ շրջանակներում միավորվել Խորհրդային Հայաստանի հետ:

Ուշադրություն դարձրեք հետևյալին. երբ 1991-ի մարտի 17-ին ԽՍՀՄ-ում անցկացվեց Միության պահպանման հանրաքվե, դրան մասնակցեցին և կողմ քվեարկեցին և՛ Ադրբեջանը, և՛ ԼՂԻՄ-ը: Վերջինս մի կարևոր վերապահում արեց. ԼՂԻՄ-ը կողմ է ԽՍՀՄ պահպանմանը և մտնում է նոր Միության կազմ, բայց ո՛չ Ադրբեջանի սահմաններում, այլ որպես առանձին միավոր: Անգամ օգոստոսյան հեղաշրջումից հետո Խորհրդային Ադրբեջանի ղեկավար Այազ Մութալիբովը իր աջակցությունը հայտնեց խռովարարներին, սակայն երբ ակնհայտ դարձավ, որ հեղաշրջումը ձախողվում է, օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախութունը: Երեք օր անց՝ սեպտեմբերի 2-ին, իր անկախությունը հռչակեց Արցախը ԼՂՀ անունով՝ նախկին ԼՂԻՄ տարածքի և Շահումյանի շրջանի վրա:

Հայաստանը ԽՍՀՄ-ից անջատման իրավական գործընթացը սկսել է 1990թ. օգոստոսի 23-ի Հռչակագրով և ավարտին հասցրել 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով: Հայաստանը Բալթյան երկրների, Վրաստանի և Մոլդովայի հետ հայտարարեց, որ բոյկոտում է մարտի 17-ի՝ ԽՍՀՄ պահպանման հանրաքվեն և վեց ամիս հետո անց է կացնելու իր՝ արդեն անկախության հանրաքվեն:

Բալթյան երեք երկրների անկախության գործընթացը սկսվել է 1988-ից: Իրավական առումով երեք երկրներից առաջինը իր անկախությունը հռչակեց Լիտվան՝ 1990-ի մարտի 11-ին: Ի պատասխան, Կրեմլը տնտեսական շրջափակման ենթարկեց, դադարեցրեց մատակարարումները, այդ թվում՝ էներգակիրների: Լիտվայի առաջնորդ Վիտաուտաս Լանդսբերգիսը ստիպված էր բանակցություններ սկսել Գորբաչովի հետ և ժամանակավորապես սառեցնել անկախության հռչակման ակտը: Սակայն 1991-ի սկզբին Լանդսբերգիսը հայտարարեց բանակցությունների ավարտի ու անկախության վերահռչակման մասին, ինչին հետևեց խորհրդային բանակի պատժիչ գործողությունը. 13 մարդ սպանվեց, հարյուրավորները՝ վիրավորվեցին:

Պարոն Շարմազանովը, անդրադառնալով Արցախյան գործընթացին, հայտարարում է, որ «եթե Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը բացառապես համանախագահների ֆորմատով հայտարարություն էր, ապա Ժնևում այդ հայտարարությանը միացան Հայաստանն ու Ադրբեջանը»:

Սա արդեն ոչ միայն սխալ է, այլ տեղեկատվությանը ակնհայտ չտիրապետում:

2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպում Պուտինի միջնորդությամբ: Սա այն քիչ դեպքերից էր, երբ Մինսկի խումբը ներգրավված չէր և այդ մասին ԵԱՀԿ-ն տարածեց բացատրություն. «ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Ղարաբաղի հարցով Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող հանդիպմանը, և մենք չենք կարող այն մեկնաբանել: Որքանով մենք տեղյակ ենք, այն տեղի է ունենում Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դուք պետք է ձեր հարցերը ռուսաստանյան իշխանություններին ուղղեք»:

Հասկանալի է՝ պարոն Շարմազանովը փորձում է կարևորություն տալ Ժնևի հանդիպմանը՝ ընդգծելով, որ այնտեղ Հայաստանը հասել է հաջողության, սակայն դա անում է ոչ պրոֆեսիոնալ կերպով՝ մեղմ ասած:

Եվ վերջապես, ՀՀԿ խոսնակը, թվելով Սերժ Սարգսյանի և իշխող կուսակցության հաջողությունները վերջին 10 տարիներին, ասում է. «Քառօրյա պատերազմում, թեկուզ կարճատև, բայց մենք հաջողության ենք հասել և թուլ չենք տվել Ադրբեջանին որևէ նախապայման դնել»:

Լա՛վ, ընդունենք, որ Ադրբեջանը որևէ նախապայման չի կարողացել դնել, բայց արդյոք կարելի՞ է հաջողություն համարել մի պատերազմ, որի 4 օրերի ընթացքում կորցնում ես 800 հեկտար հող, տալիս 100 զոհ, բացահայտում բաց գաղտնիքը՝ բանակի բացերը:

Ուշադրություն դարձրեք ՀՀԿ-ի հռետորաբանության փոփոխությանը: Նախապես փորձ էր արվում ներկայացնել, թե Ադրբեջանը ընդամենը 200 մետր է առաջ եկել: Ապա կորցրած 800 հեկտարը համարեցին ամայի տարածքներ: Հիմա արդեն հայտարարում են, որ հաղթել են Ապրիլյան պատերազմում:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ