Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի պատմությունը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հատորներում

1237

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (Անթիլիաս, Լիբանան) հրատարակչական գործունեության մեջ բացառիկ տեղ ունի Արևմտյան Հայաստանին և Կիլիկիային նվիրված հուշամատյանների վերահրատարակությունը, որ սկսվել է 2012-ին և ընթացքի մեջ է այսօր: Հինգ տարիների ընթացքում վերահրատարակվել է 14 հաստափոր հատոր, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում, հոկտեմբերի 10-ին՝ կազմակերպությամբ Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի, նախաձեռնությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և աջակցությամբ սփյուռքի նախարարության:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը միջոցառումը անվանեց «ծանրակշիռ գրքերի մասին յուրահատուկ շնորհանդես»: Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի մասին այս հատորները պատմում են Եղեռնից առաջ, ընթացքում և հետո այս կամ այն գավառի աշխարհագրությունը, պատմությունը, բանահյուսությունը, ազգագրությունը, կենցաղը, պատմությունն իր ամբողջության մեջ, ասաց Մելքոնյանը:

Լիբանանում Հայաստանի նախկին դեսպան, այսօր Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը հուշամատյանները համեմատեց հանրագիտարանի հետ: Այս հատորները միայն վերահրատարակություններ չեն: Խմբագրակազմը ահռելի աշխատանք է կատարել՝ իրականացնելով ճշգրտումներ, քերականական շտկումներ, յուրաքանչյուր հատորին կցելով նաև տեղանունների և անձնանունների ցանկեր, որոնք աշխատություններին առանձնակի գիտական արժեք են հաղորդում, ասաց Տեր-Ղևոնդյանը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալության խոսք ասաց «տպավորիչ, հսկայածավալ» հատորները վերահրատարակելու գործում ներգրավված մարդկանց, առաջին հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանի, մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանի հասցեին:

«Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն» հատորի հեղինակ, պատմաբան Հակոբ Չոլաքյանը հույս հայտնեց, որ այս հատորների վերահրատարակության «սուրբ գործը» շարունակական կլինի:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանը շնորհակալության խոսք ուղղեց Գիտությունների ազգային ակադեմիային և Սփյուռքի նախարարությանը:

«Արեւմտյան Հայաստանի և Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը ասաց, որ սկզբնապես նպատակ են ունեցել հատորների թիվը հասցնել 60-ի: Այսօր տպարանում է 15-րդ հատորը: Դանիելյանը հույս հայտնեց, որ Արամ Ա-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնած այս գործը շարունակական կլինի:

Մինչև այսօր հրատարակվել են հետևյալ հատորները. «Ատանայի հայոց պատմութիւն», «Պատմութիւն Տարօնի աշխարհի», «Պատմութիւն Անթէպի հայոց Ա», «Պատմութիւն Անթէպի հայոց Բ», «Հաճընի ընդհանուր պատմութիւնը», «Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները», «Պատմագիրք Կիւրինի», «Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն», «Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զեյթուն», «Պատմութիւն հայ Կեսարիոյ Ա», «Պատմութիւն հայ Կեսարիոյ: Տեղագրական, պատմական եւ ազգագրական ուսումնասիրութիւն Բ», «Պատմութիւն հայոց Արաբկիրի Ա», «Պատմութիւն հայոց Արաբկիրի», «Յիշատակարան Րումտիկինի»):

Թաթուլ Հակոբյան