Խորհրդային զօրքերը մտել են Ղարաբաղ և Զանգեզուր. Յուլիս, 1920թ – «Յառաջ»ի խմբագրականը

822

Խորհրդային զօրքերը մտել են Ղարաբաղ և Զանգեզուր և ըստ երևոյթին, այդ շրջաններից կամովին դուրս գալու և ոչ մի ցանկութիւն չունին:

Աւելին: Նրանք ամրանալով Հայաստանի միջնաբերդում, պիտի ձգտեն տիրանալ մեր երկրի նաև մնացած շրջաններին:

Բօլշեւիկեան ժանտախտը, որ դաժանօրէն քամեց իր հարազատ ժողովրդի բովանդակ կենսական ոյժերը, այսօր իրական սպառնալիք դառնալով նաև մեզ համար, արդէն իր վարակիչ ախտն է տարածել հայկական Ղարաբաղում և հայկական Զանգեզուրում:

Հայաստանի կառավարութեան բոլոր արդարացի պահանջներն ու բողոքները՝ դուրս քաշել մեր երկրի սահմաններից օտար և թշնամի զօրամասերը՝ մնացին միանգամայն անհետեւանք Մուստաֆա Քեմալի հետ ուխտակցած կօմմունիստների կողմից:

Սօցիալիզմի բանած լաթն ուսերին առած բռնակալները գիտեն անշուշտ, որ չեն կարող հարւած իջեցնել մեր երկրի ողնաշարին՝ առանց մեզնից արժանի հատուցումն ստանալու:

Նրանք քաջածանօթ են այն խօլական պայքարին, որ հայկական բարձրաւանդակի այդ վիթխարի հսկան միշտ վարել է բոլոր կարգի ու տեսակի բռնակալների դէմ:

Եւ որովհետև գիտեն չկայ ու  չի կարող լինել անկախ Հայաստան առանց Զանգեզուրի և առանց Ղարաբաղի, հենց այդ պատճառով էլ Հայաստանն ի չիք դարձնելու համար նրանք իրենց արիւնոտ թաթն են դնում թե Ղարաբաղի ու թէ Զանգեզուրի վրա:

Հնարաւոր է արդեօք, որ մեր ժողովրդի այն հատւածը, որն ամենից շատ է կռւել ու պայքարել յանուն ազատութեան, այսօր ամենից հեշտութեամբ իր վիզը ճկի ռուս-թաթարական բռնակալ լծի տակ:

Արդեօք կարո՞ղ է պատահել, որ այն ժողովուրդը, որը կամք ու խիզախութիւն ունեցաւ զենք բարձրացնել անգամ հզոր Ալբիոնի վրա, այսօր մեղկօրէն տեղի տայ ռուսական թափթփուկների ու թաթար արիւնըռուշ խուժանի առաջ:

Կարո՞ղ է արդյօք բովանդակ հայ ժողովուրդը հանգիստ ու անխռով Հայաստանի անկախութեան և ազատութեան բարիքները վայելել, երբ այդ անկախութեան և ազատութեան համար ամենից շատ պայքարած Ղարաբաղն ու Զանգեզուրը վերստին պիտի կրեն օտարի անարգ ստրկական շղթան:

Կայ անկախ Հայաստան, բայց այդ Հայաստանի մէջ չկան ոչ Ղարաբաղ և ոչ էլ Զանգեզուրը,- սա մի այնպիսի դաժան հեգնանք է ողջ հայության, հայության ողջ պատմութեան հասցէին, որի հետ չի կարող հաշտուել բովանդակ հայ ժողովրդի և ոչ մէկ շիտակ ու հայրենասէր զաւակը:

Այսպէս գիտենք մենք մեր ժողովրդին, այսպես գիտենք մեր արիւնաներկ դարավոր պատմութիւնը, այսպէս գիտենք, վերջապէս, ըմբոստ, անվեհեր ու ազատասէր ղարաբաղցուն ու զանգեզուրցուն:

Այսպէս պետք է գիտենան նաև նրանք, որոնք ուխտ ունեն կնքած բռնութեան Աստուծու հետ որոշել են ամենուրեք ու անարգել թքել ազատութեան համար մարտնչող ժողովրդների ազատական պայքարի վրա:

Եւ եթէ Ղարաբաղ ու Զանգեզուր ներս խուժած ռուս թաթարական հրոսակախմբերն ականջներ ունեն, որոնք, սակայն, ոչ այսպէս են լսում և ոչ այլ ձևով ըմբռնում, ապա նրանց այդ նոյնը կհասկացւի աւելի զգաստացուցիչ միջոցներով:

Էլ բավական է:

Յառաջ, ՀՅԴ, թիւ 153, Հինգշանթի, 22 Յուլիս, 1920թ.