Պանդուխտները այլևս չեն քվեարկի. փոփոխություններ Ընտրական օրենսգրքում

974

Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 20-ին 103 կողմ, 4-ական դեմ և ձեռնպահ քվեներով ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, համաձայն որի ընտրություններից հետո կհրապարակվեն քվեարկությանը մասնակցածների ցուցակները, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Հայաստանի ընդդիմությունը պնդում էր, որ օրվա իշխանությունները ընտրակեղծիքների են դիմում՝ օգտագործելով այն մարդկանց անունները, ովքեր Հայաստանում չեն: Խոսքը վերաբերում է հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիների, ովքեր արտագաղթել են կամ սեզոնային աշխատանքի են մեկնում արտասահման, սակայն նրանց անունները պահպանվում են ընտրական ցուցակներում:

Ընտրական նոր օրենսգիրքը նախատեսում է հետևյալը. եթե ցուցակների հրապարակումից հետո քաղաքացին կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքի մասին հայտարարություն է տալիս և ընտրական հանձնաժողովը 48 ժամվա ընթացքում ընտրակեղծարարությունը հերքող ապացույցներ չի ներկայացնում, ապա այդ հայտարարությունը հավաստիության կանխավարկածով համարվում է ճիշտ: Ապացուցելու խնդիրը դրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա: Այդ պատճառով, կառավարության առաջարկով ազատազրկման պատիժ է սահմանվում այն անձանց նկատմամբ, որոնց հայտարարությունները իրականությանը չհամապատասխանող են համարվում: Եթե ոչ ճիշտ հայտարարությունը արվում է դիտավորյալ, նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում, իսկ եթե քաղաքացին անզգուշությամբ է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն ներկայացրել, ապա նախատեսվում է դրամական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 800-ապատիկի չափով, կամ ազատազրկում մինչև 2 տարի:

Նորացված ընտրական օրենսգրքով Հայաստանի բոլոր երկու հազար ընտրատեղամասերում կդրվեն տեսախցիկներ, իսկ  քվեարկության ամբողջ գործընթացը ու հաշվարկը կհեռարձակվի ուղիղ ռեժիմով: