Մյուս օրը անցկացրի Հայ Առաքելական ընկերակցության հաստատությունում, որտեղ գրեթե ամեն բան կապվում է Հայաստանի Ազգային հերոս, նշանավոր հայ բարերար Ալեք Մանուկյանի անվան, գործունեության ու ժառանգության հետ:
Մանուկյանը ծնվել է 1901-ին Զմյուռնիայում, այսօր՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Հայոց ցեղասպանության տարիներին ծննդավայրից փախուստ տալուց հետո նա կարճ ժամանակով բնակություն է հաստատել ամերիկյան մի քանի քաղաքներում, իսկ 1924-ին վերջնականապես հաստատվել Դետրոյտում:
ՌԱԿ նշանավոր և երկարամյա գործիչներից Երվանդ Ազատյանի ուղեկցությամբ և բացատրություններով մոտիկից ծանոթացա Հայ Առաքելական ընկերակցության հաստատություններին.
«Ալեք և Մարի Մանուկյան» թանգարան,
Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճար,
ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» վարժարան,
«Էդուարդ և Հելեն Մարտիկյան» մատենադարան,
վետերանների հիշատակի սրահ և մարզարան:
Թանգարանը կառուցվել է 1992-ին՝ Ալեք Մանուկյանի կենդանության օրոք: Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը, ով այդ շրջանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարի հոգևոր հովիվն էր, թանգարանը վերածեց արվեստի գանձերի բացառիկ հավաքածուի:
Այս թանգարանը ընգրկում է հայկական արվեստի ամենամեծ հավաքածուն՝ Հայաստանից դուրս: Ավելի քան 1500 ցուցանմուշների 99 տոկոսը առնվազն մեկ դարյա հնություն ունի: Թանգարանի հավաքածուի մի մասը գնել է Ալեք Մանուկյանը: Իսկ ցուցանմուշները ձեռք են բերվել տարբեր վայրերում, տարբեր ճանապարհներով:
Այսպես, Ոսկան Երևանցու կողմից 1666-ին տպագրված Ավետարանի մեկ օրինակը ձեռք է բերվել Դաքքայում, Բանգլադեշ: Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը թանգարանին նվիրել է 16-րդ դարի խաչքար Նորատուսից:
Թանգարանի հարևանությամբ է գտնվում հայկական դպրոցը, որտեղ հաճախում են ավելի քան 400 աշակերտներ, որոնց կեսը՝ այլազգիներ: Լուսավոր դպրոց էր, իմ տեսած դպրոցներից լավագույնը Հայաստանում և Սփյուռքում:
Մի քանի օր առաջ հերթական անգամ Հայաստանում էր Երվանդ Ազատյանը: Նա իր հետ որպես նվեր բերել էր «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի մասին պատմող շքեղ գիրք-ալբոմը, որը կշռում է 4 կիլոգրամ:
“A Legacy of Armenian Treasures: Testimony to a People” գիրք-ալբոմը իրականություն է դարձել Երվանդ Ազատյանի ջանքերով` համագործակցաբար Սիլվի Մերյանի և Լյուսի Արտաշի («Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի տնօրեն): Ազատյանն է գրել այս ծանրակշիռ հատորի նախաբանը:
Երևանում, սուրճի շուրջ, մենք շարունակեցինք մեր զրույցները ինչպես Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների, հայոց պատմության ու քաղաքական անցյալի, այնպես էլ Սփյուռքի, «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ:
Նոր սերունդը պետք է Հայաստանի Ազգային հերոս, ազգային մեծանուն բարերար Ալեք Մանուկյանի և նրա ժառանգության մասին ավելի լավ պատկերացում ունենա: Մանուկյանը առատաձեռն է եղել նաև Հայաստանի Հանրապետության հանդեպ և դա գնահատվել է հավուր պատշաճի՝ Ազգային հերոսի կոչումով: Ազգային մեծ բարերարը, ինչպես ասում է նրա երկար տարիների օգնական Երվանդ Ազատյանը, կարող էր նաև “ժլատություն” անել՝ 1 դոլար խնայել, իսկ հաջորդ օրը 1 միլիոն դոլար նվիրել որևէ հայկական ձեռնարկի համար:
Թաթուլ Հակոբյան