Մահափորձ Աշըգեան պատրիարքի դէմ. Մայիս, 1894 թ.

14073

ԾԱՆՈԹ. – Խորեն Աշըգյանը, աշխարհիկ անունով՝ Գաբրիել, ծնվել է 1842 թվականի նոյեմբերի 4(16)-ին Նիկոմեդիայի Քերեմեթ գյուղում: 1888-1894 թվականներին եղել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։ Մահացել է 1899-ի նոյեմբերին Կ. Պոլսում:

Ներքո շարադրյալ նյութը վերցրել ենք

«Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար», Ա. Հատոր , էջ 143-145

badriarkaran1

ՄԱՀԱՓՈՐՁ ԱՇԸԳԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԴԷՄ

Իննսունական թուականներու Պոլսոյ յեղափոխականներու ծանօթ աքթերէն է նաեւ 1894 Մարտին Աշըգեան Պատրիարքի դէմ կատարուած մահափորձը: Այդ մասին կը կարդանք Դրօշակի 1894 տարուան 7րդ. համարին մէջ, էջ 7 (Մարիտ 1894).-

Պոլսից մենք ստացանք այս րոպէիս.-

Կիւրակի, ամսոյ 13ին Գում-Գափուի եկեղեցուց դուրս եկած ատեն՝ Աշըգեանի վրայ 3 անգամ ատրճանակ պարպուած է, սակայն չէ վիրաւորած: Արձակողը 22-23 տարեկան երիտասարդ է, միջահասակ. ինքը կիպրոսցի է, անգլիահպատակ, անունը՝ Յակոբ: Մանրամասնութիւնները շուտով:

Եւ իրօք, հետագայ քանի մը գրութիւններն ու նամակները, քաղուած դարձեալ Դրօշակներէն, կը վերաբերեին այդ դէպքին եւ անոր հետեւանքներուն ու անդրադարձներուն:

ԳԱՐԵԳԻՆ ԽԱԺԱԿԻ ՅՕԴՈՒԱԾԸ ԱՇԸԳԵԱՆԻ ԴԷՊՔԻՆ ԱՌԻԹՈՎ

Դրօշակի 1894 Մայիսի թիւ 8 համարէն առնուած այս գրութիւնը կու տանք ամբողջութեամբ, իբրեւ հարազատ արտայայտութիւն օրուան մտածելակերպին եւ յեղափոխական քարոզչութեան: Յօդուածը անստորագիր է, բայց կը պատկանի Գարեգին Խաժակի գրչին:

ՎԵՐՋԻՆ ԴԷՊՔԻ ԱՌԹԻՒ

Մայիս, 1894 թ.

Մարտ ամսի 13ին Յակովբ անունով մի երիտասարդ փորձեց սպանել Աշըղեան պատրիարքին. փորձն անյաջող էր:

Սա առաջին դէպքը չէ. հայ ժողովուրդը շա՜տ անգամ եւ տարբեր ձեւերով է յայտնել Սրբազանին իր բողոքը, բայց միշտ անլսելի է մնացել նրա արդար ձայնը:

Ազգաբնակութեան խուլ, ճնշուած բողոքի հետ միաժամանակ՝ տեղի է ունեցել եւ ծայրայեղ, տեռորիստական փորձ.-ընթերցողներն անշուշտ յիշում են Յուլիս 15ի յայտնի ցոյցը: Աշըղեանը չխրատուեց. համարելով այդ ցոյցն իբրեւ արդիւնք օտար խառնակիչ տարրերի, յոյսը դնելով Նազըմ-բէյի աչալուրջ ոստիկանների վերայ, նա աւելի մեծ եռանդով շարունակեց իր զզուելի արարքները: Բայց ահա դուրս եկաւ ժողովրդի խաւարից նրա զաւակներից մէկը՝ Յակովբը, որն արտայայտիչ հանդիսացաւ ժողովրդի եռացող բողոքներին:

Ի՞նչ է այս փաստը: Ո՞վքեր են այդ Աշըղեանը եւ իր նմանները, ի՞նչ բանի են դրանք ձգտում, յանուն ո՞ր սկզբունքի են դրանք ոտնատակ տալիս ժողովրդի ամենասուրբ, անձեռնմխելի իրաւունքները:

Տաճկական բռնակալ կառավարութիւնը ժողովրդի թշնամին է. այստեղ ոչ մի կասկած չկայ. ամէն մի բռնակալութիւն թշնամի է  աշխատաւոր ժողովրդին եւ պէ՛տք է լինի: Նա պէտք է աշխատի քայքայուած պահել նրա նիւթականը, մութ խաւար թագաւորեցնել նրա մտաւոր աշխարհում. փչացածութիւն, լկտիութիւն, լրտեսութիւն, գողութիւն եւ այլ հազար ու մի ախտեր սերմանել նար բարոյական կեանքում, որ ինքը կարողանայ հաստատ ու անսասան մնալ, որ ինքը կարողանայ հող ունենալ իր ոտքերի տակ: Ժողովրդկան կեանքի այդ երեք կողմերից որն էլ զարգանայ՝ վնաս, սպանիչ, մահացու վնաս է բռնակալութեան: “Ուզո՞ւմ էք ժողովուրդը պահել հնազանդութեան մէջ, գրում է իր յիշատակարանում՝ Րիշելեոն, աղքատացրէ՛ք նրան եւ մի՜շտ աղքատ պահեցէք”: Ինչո՞ւ ժողովրդի նիւթական բարօրութիւնը դէմ է բռնակալութեան: – Պարզ է. որովհետեւ միշտ նիւթական հարստութեան հետեւում է ուշ թէ շուտ մտաւոր եւ բարոյական հարստութիւն: Եւ ուր կայ մտաւոր ու բարոյական զարգացում՝ այնտեղ չի կարող երկար դիմանալ որեւէ բռնակալութիւն. զարգացած մարդը չի թողնի, որ իրեն կեղեքեն տասանորդով, գլխահարկով, ուղղակի եւ անուղղակի բազմաթիւ հարկերով, զինուորական տուրքով, դիշքիրէսիով եւայլն:

Մտաւոր եւ նիւթական հարստութիւնը ժողովրդի կեանքում անքակտելի կերպով կապուած են իրար. մէկը կայ՝ եւ միւսը: Եւ եթէ բռնակալութիւնը կատաղի թշնամի է հանդիսանում այդ ֆակտորներին, դա պարզ է ամէնքի համար: Բայց ինչո՞ւ են դէմ ժողովրդին Աշըղեանները, Սիմոն բէյերը, Պօղոս եպիսկոպոսները, Վանի եւ Էրզրումի փողատէր վաշխառուները ու գունդ գունդ լրտեսները:

Ի՞նչ են ուզում դրանք ժողովրդից:

Ինչո՞ւ մէկը յանուն “ազգային Առաքելական Ս. եկեղեցու”, միւս յանուն “ազգային եւ ժողովրդական սիրոյ եւ բարօրութեան”, երրորդը յանուն “խոհեմութեան” եւայլն՝ հնազանդութիւն են քարոզում տանջուած ու տանջուող, ուժասպառ ժողովրդին:

Ի՞նչն է դրդում դրանց դէպի այդ ստոր վարմունքը: Ի՞նչն է ստիպում Աշըղեան պատրիարքին գրել ամենաստոր ու զզուելի բովանդակութեամբ շրջաբերականներ, այս, այն “առաքելական հայադաւան” եկեղեցում խօսել շնավայել քարոզներ. վերջապէս ի՞նչն է ստիպում այս կամ այն գաւառի վաչխառու աղաններին “շնորհակալութեան թղթեր” կազմել եւ ուղարկել, մատնել տէրութեան իր համաքաղաքացիներին, իր ծանօթներին, մինչեւ իսկ արիւնակից բարեկամներին. ամբողջ աշխարհի առաջ աւազակ, խառնակիչ եւ մարդասպան հրատարակել ամէն մի յեղափոխական գործչի:

Ինչո՞ւ: Որովհետեւ նրանց նեղ, խմբական շահն այդ է պահանջում: Ինչո՞ւ: են գողն ու գայլը մութ գիշերներ որոնում, ինչո՞ւ են ջրի պղտոր ժամանակ ձուկ որսալու դուրս գալիս: Արհետսի շահն է այդ պահանջում:

Բռնակալ է կառավարութիւնը, տգէտ է ժողովուրդը, խեղճ, աղքատ է նա, աւելի շուտով կը հարստանան, աւելի հեշտ կը կարողանան փառք պատուի տիրանալ, շքանշաններ ստանալ ժողովրդի այդ ցեցերը:

Երուսաղէմի Յարութիւն պատրիարքի մի քարոզը, որի մասին գրել էինք մեր անցեալ համարներից մէկում, քարոզչին արժանացրեց մեծ եպարքոսի տեսութեանը եւ Սուլթանի ամենաողորմածաբար շպրտած ոսկիներին: Աշըղեան պատրիարքը եւ Սիմոն բէյը ազգային ժողովը փակեցին. նրանք եւս արժանացան դեղին մետողի մի քանի կտորներին: Մատնում է մի ստորաքարշ հայ այս կամ այն մեղաւոր կամ անմեղ մարդուն,- նա եւս ստանում է փող…: Մի՜շտ փող: Եւ այդ փողը նման է այն ոսկրներին, որ տէրը ողորմածաբար պաշտպանում է նրա կայքը:

Աշըղեանի նման մի հոգեւորական քար գցեց Կրօնական Ժողովի վերայ, փակեց նրան, որովհետեւ այստեղ կար մի ուրիշ բռնապետական ձգտում. այսուհետեւ նա մենակ կամ իր գողակից ընկերներով կը կառավարէ ժողովրդին, մենակ կը կողոպտէ:

Դարձրէք աչքերդ դէպի Վան, Էրզրում: Մուշ, Երզնկա… Ովքե՞ր են այդ բազմաթիւ լրտեսները: Համարեա բոլորն էլ մեծ ու փոքր վաշխառուները, ժողովրդի այդ տզրուկները: Նրանք մատնում են, նրանք սուտ վկայութիւններ են տալիս, նրանք զրպարտում, մեղադրում են այս եւ այն ողորմելի գիւղացուն, խեղճ արհեստաւորին իբրեւ յեղափոխականներ, որ դուր գան վալիին, որ այս կամ այն կապալը էժան ձեռք ձգեն, որ իրենց հնարովի հրէշաւոր մուրհակները սաղացնեն: Առանց փաշայի կամ ղադիի քաղցր աչքն իր վերայ դարձնելու, նրանք չեն կարող անել այն զարհուրելի քանակութեամբ կատարուող ոճիրները, որ տեղի են ունենում այսօր: Բռնակալութիւնը մութ, խաւար գիշեր է, որի մէջ վաչխառուն եւ լրտեսը, էֆէնտին ու բէյը, պատրիարքն ու եպիսկոպոսը հանգիստ ու վստահ կարող են գողանալ, կողոպտել, ծծել ժողովրդի արիւնը, որքան ուզում են:

Օ՜, նրանք շատ լաւ են զգում, որ ամէն մի յեղափոխական իրենց մահացու թշնամին է: Նրանք լա՜ւ են զգում, որ այդ մօտեցող յեղափոխութիւնն իրենց համար լաւ բան չի խոստանում: Եւ դուք ուզում էք, որ այդ հրէշներն օգնե՞ն յեղափոխական գործին:

Ո՛չ, դրանք չեն կարող օգնել. դրանք յեղափոխութեան կատաղի թշնամիներն են եւ աւելի վտանգաւոր, քան տաճիկ բաշիբոզուկ վարչութիւնը, որովհետեւ դրանք շատ անգամ զինուած են լինում ազգութեան, եկեղեցու, կրօնի սրբութեան, խոհեմութեան եւ այլ զէնքերով, որովհետեւ դրանք գիտեն յաճախ խաբել տգէտ ժողովրդին: Սով է Վանում, Էրզրումում, սով է ամէն կողմ: Բազմաթիւ մանր ու խոշոր վաշխառուների ժամանակ հասել է, նրանք էլ իրենց ատամները սրել են եւ որսի են սպասում: Այժմ արդէն տաճիկ վարչութիւնը երախտագիտաբար պիտի վարձատրի այդ վաչխառու լրտեսներին եւ բռնակալութեան փտած հիմքը պաշտպանող տզրուկներին: Եւ ահա տրւում է նրանց ազատ ասպարէզ ամբարները լցնել հազարաւոր փութ ցորենով եւ չլսուած գներով ծախել:

Բացւում է մի տեղ մի իւղալի պաշտօն. իսկոյն նստեցնում են մի մատնիչ լրտեսի, որ ի տրիտուր իր արած բոլոր ծառայութիւնների, ծծի ուժասպառ ժողովրդի արիւնը:

Ամէն կողմ տզրուկներ, մատնիչներ, լրտեսներ, Աշըղեաններ, բէյեր ու էֆէնտիներ. ծծեցե՛ք, ծծեցէ՛ք ժողովրդի արիւնը, որովհետեւ մօտենում է ձեր վերջը, հասնում է ձեր օրհասը: Յեղափոխութեան սուր սուսերը ձեր գլխին է եւ արդէն փայլում է: Վա՜յ ձեզ…

Բայց ի՞նչ վայ. դրանք գիտեն հանգամանքներին յարմարուել: Տեսաք, տաճիկ բռնակալութեան կործանման հետեւեալ օրն եւ եթ նրանք կը հանդիսանան ջատագով, պաշտպան կատարուած իրողութեան եւ այստեղ եւս կ’աշխատեն որոնել իրենց անհատակլան օգուտը:

Ընթերցող, կարդացե՞լ ես “Լուսադէմին” վէպը. յիշիր Հաջի Խրիստոյին: Նա մատնում էր յեղափոխական գործիչներին, իսկ երբ յաղթութիւնն անցաւ վերջիններիս կողմը, ոգեւորուած ընկել էր յաղթական զօրքերի առաջն իբրեւ յեղափոխական, իբրեւ գործիչ…

Հայ յեղափոխականը չպիտի խաբուի դրանցից: Նա չպէտք է կանգ առնի. թշնամի են դրանք մեզ այսօր, աւելի վտանգաւոր թշնամի կը լինեն տաճիկ բռնակալութեան անկումից յետոյ: Այդ մարդկանց համար գրպանն է եւ իրենց հանգիստ կեանքը:

Դրանցից էին այն հայ մատնիչները, որոնք ընկան Վանում տեղական մասնախմբի դաշոյնի հարուածից, դրանցից է գնդակահար եղած ռէս Կրպոն, դրանցից են Թազրիբաշեանը, որ հազիւ առողջացաւ իր ստացած վէրքից, Տէր Պօղոսեանը, որ ազատուեց յեղափոխական գնդակից. դրանցից է Աշըղեանը, որի վերայ փորձեց երիտասարդ Յակոբն իր ատրճանակի հարուածները: Ոչի՜նչ. այդ չյաջողուեց, մի ուրիշը կը յաջողուի:

Առա՜ջ գնա, յեղափոխական գործիչ, նա պէտք է ընկնի. ինչ քօղով էլ ծածկուած լինի նա՝ մեզ համար միեւնոյն է. եկեղեցական է նա թէ աշխարհական, էֆէնտի է, թէ բէյ կամ փաշա, փոյթ չէ՝ նա պիտի մեռնի:

Յակոբը ժողովրդի զաւակն էր, նա ինքնուրոյն, անկախ յեղափոխական էր, նա ժողովրդի անկաշառ, ինքնածին գիտակցութեան արտայայտիչն էր եւ նրա առաջին փորձը Աշըղեանի, ժողովրդի ցեցերից այդ ամենամեծի վերայ եղաւ:

Դա է միակ ուղիղ ճանապարհը, դա է տանում մեզ դէպի նպատակ: