Հայաստանը Արցախը կճանաչի, երբ Ադրբեջանը դիմի ռազմական նոր ագրեսիայի

2941

Արցախը իր անկախությունը հռչակել է 1991-ի սեպտեմբերի 2-ին, սակայն անցնող 25 տարիներին ոչ մի պետություն, այդ թվում՝ Հայաստանը, չեն ճանաչել այդ իրողությունը: Մի կողմից փաստ է, որ Արցախը Հայաստան է, մյուս կողմից՝ Հայաստանի բոլոր երեք նախագահները և նրանց կառավարությունները բացատրել են, թե ինչո՞ւ Երևանը դե-յուրե չի ճանաչում Արցախի անկախությունը:

Պատասխանը պարզ է. քանի դեռ շարունակվում են բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այդ թվում՝ կարգավիճակի շուրջ, Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կնշանակի, որ բանակցությունները անիմաստ են: Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը Արցախը կճանաչի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի:

2016-ի ապրիլի առաջին օրերին Ադրբեջանը դիմեց ռազմական ագրեսիայի, կարողացավ Արցախի հյուսիսում՝ Թափ Կարակայունլու-Թալիշ, և հարավում՝ Ղազախլար-Արա լեռ ուղղություններով գրավել հայկական մի շարք ռազմական հենակետեր և որոշ տարածքներ, ծանր հրետանի, ռազմական ուղղաթիռներ ու անօդաճու սարքեր օգտագործեց խաղաղ բնակավայրերի՝ Թալիշի, Մատաղիսի և Մարտակերտի ուղղությամբ, սակայն Հայաստանը չճանաչեց Արցախը:

Եթե, իրավամբ, Հայաստանը մտադիր է դե-յուրե ճանաչել Արցախը, ապա լավագույն ժամանակը ապրիլի 2-ից մինչև 5-ը ընկած օրերն էին, երբ ամբողջ աշխարհը տեսնում էր, որ Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսել Արցախի դեմ:

Հայաստանի կառավարությունը 2016-ի մայիսի 5-ի նիստին հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: Կառավարության եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում շատերը համոզված են, որ Երևանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Շատերը պնդում են, որ դա վաղուց պետք էր անել, քանի որ, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել, աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչելու Արցախը:

Ցանկությունը մեկ բան է, իրական քաղաքականությունը՝ բոլորովին այլ: Եկեք քննարկենք, թե ինչպիսի տհաճ անակնկալներ կարող են լինել, եթե այսօր Հայաստանը ճանաչի Արցախը:

Առաջին. Ադրբեջանը պատերազմ կհայտարարի կամ ռազմական գործողությունների կդիմի առանց պատերազմ հայտարարելու: Անշուշտ, Ադրբեջանը առանց Հայաստանի ճանաչման էլ է դիմում ոտնձգությունների, ինչպես եղավ Ապրիլյան 4-օրյա պատերազմը: Սակայն, մյուս կողմից, Հայաստանի ճանաչումը “կարդարացնի” Ադրբեջանի նոր ագրեսիան, իսկ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանի մի շարք բարեկամ երկրներ գուցե և չդատապարտեն Բաքվի գործողությունները:

Երկրորդ. Ադրբեջանը ձգտում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը: Հայաստանի ճանաչման դեպքում Մինսկի գործընթացի տապալման պատասխանատվությունը կդրվի Հայաստանի վրա:

Երրորդ. եթե Հայաստանը ճանաչի Արցախը, ապա չի բացառվում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդունի բանաձև, որը կլինի ընդգծված հակահայ բնույթի:

Չորրորդ. Երևանի կողմից Արցախի ճանաչումը կդատապարտեն ոչ միայն Ադրբեջանի բարեկամ պետությունները, այլև Հայաստանի գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը: Դրանից հայ-ռուսական հարաբերությունները ավելի կթունավորվեն, ինչը բոլորովին էլ չի բխում Հայաստանի շահերից: Որքան էլ դժգոհենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, միևնույնն է, Մոսկվան չափազանց կարևոր աշխարհաքաղաքական կենտրոն է Երևանի համար:

Մոսկվայի արձագանքը չուշացավ, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում Արցախի ճանաչման հետ կապված, գուցե թվացյալ, գործընթաց է սկսվում:

Կրեմլը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հորդորեց  «խուսափել քայլերից, որոնք կարող են խարխլել փխրուն հրադադարն ու հանգեցնել իրադրության սրման»:  Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության կողմից «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացության նախագծին հավանություն տալու լուրը, ասաց. «Մենք շատ ուշադիր ենք հետևում որոշումներին, որոնք կայացվում են այդ համատեքստում, և, անշուշտ, նախկինի պես ակնկալում ենք, որ հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խարխլել բավական փխրուն հրադադարը և հանգեցնել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման»: Պատասխանելով հարցին, թե արդյոք որոշումը քննարկվել է Ռուսաստանի հետ, թե ոչ, Պեսկովն ասել է. «Ո՛չ, Մոսկվայի հետ դա չի քննարկվել»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ պատճառ չի տեսնում Հայաստանի խորհրդարանականների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագծի շուրջ խուճապի համար: Ռուսաստանի արտգործնախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի որոշվելու միակողմանի կերպով: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը քննարկելուն: Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա երկու պատգամավորների առաջարկություն է: Եվ Հայաստանի կառավարությունը, ըստ իրենց օրենքի, ինչպես նրանք բացատրել են բոլորին՝ հանգստացնելով կրքերը, պետք է եզրակացություն տա այդ օրինագծի վերաբերյալ: Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, և խուճապ պետք չէ»,- ասել է Լավրովը:

«Երբ ես Երևանում էի, և հետո, երբ հեռախոսով շփվում էի իմ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ, և հետո, երբ նա արդեն Մոսկվայում էր՝ ապրիլի սկզբի դեպքերից հետո, ինձ հստակ հավաստիացրել են, որ Երևանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր համաձայնության ենթատեքստում, ոչ թե միակողմանիորեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Այն բանից հետո, երբ համաշխարհային, այդ թվում ռուսական առաջատար լրատվամիջոցները որոշակի անհանգստություն հայտնեցին Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու հնարավորությունների մասին, հետևեց Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որում ասվում էր.

“Հայաստանի Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։ Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին”:

Հայաստանի արտգործնախարարությունը հույս էր հայտնում, որ Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի և զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից:

Թաթուլ Հակոբյան