Ինչպէս Արցախը Խորհրդարանականից Դարձաւ Նախագահական [մեսրոպեան ուղղագրութիւն]

896

Արցախի նախագահ Բակօ Սահակեանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական յանձնաժողով ստեղծելու մասին: Յանձնաժողովը, որ գլխաւորում է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլեանը, պէտք է մինչեւ մայիսի 1-ը ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որին հաւանութիւն տրուելուց յետոյ, մինչեւ սեպտեմբերի 10-ը, պէտք է մշակի եւ նախագահին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Եթէ աւելի հասկանալի լեզուով խօսենք, Արցախը, հետեւելով Հայաստանի օրինակին, վերածւում է խորհրդարանական հանրապետութեան, որտեղ երկրի թիւ մէկ դէմքը դառնում է վարչապետը: Հաշուի առնելով այն իրականութիւնը, որ Արցախի բոլոր քաղաքական ուժերը, բացառութեամբ մէկի` ընդդիմադիր «Ազգային վերածնունդ»-ի, կողմ են նախագահականից խորհրդարանական-վարչապետական կառավարման անցմանը, կարելի է վստահաբար ասել, որ մինչեւ տարեվերջ, հաւանաբար դեկտեմբերի 10-ին (1991-ի այդ օրն է Արցախում կայացել անկախութեան հանրաքուէ, 2006-ի այդ օրն է Արցախը հանրաքուէով ընդունել սահմանադրութիւն, որն ամրագրում է կառավարման նախագահական համակարգը), Արցախում կը կայանայ սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէ: Դժուար է պատկերացնել անգամ, որ այդ հանրաքուէում Ոչ-ը կը յաղթի:

Արդարացուա՞ծ է արդեօք Արցախում նախագահական կառավարումից անցում կատարել խորհրդարանականի: Այս հարցի պատասխանը թողնելով այլոց` մենք կը ներկայացնենք, թէ ինչպէս` 1990-ական  թուականներին Արցախը խորհրդարանական կառավարումից անցում կատարեց նախագահականի:

1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախութիւնը, նոյն տարուայ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցաւ անկախութեան հանրաքուէ, իսկ դեկտեմբերի 28-ին խորհրդարանական ընտրութիւններ` մեծամասնական ընտրակարգով: Երբ 1992-ի առաջին օրերին բացուեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի առաջին նստաշրջանը, պարզուեց, որ ընտրուած պատգամաւորների մեծ մասը ՀՅԴ-ի ներկայացուցիչներն են կամ համակիրները: Յունուարի 8-ին Արթուր Մկրտչեանը ընտրուեց խորհրդարանի նախագահ` դառնալով Արցախի փաստացի առաջնորդը, քանի որ հայկական երկրորդ հանրապետութիւնում չկար նախագահի պաշտօն:

Այդ ժամանակ Հայաստանի խորհրդարանում իշխող ուժը Հայոց համազգային շարժումն էր` ՀՀՇ-ն, իսկ 1991-ի հոկտեմբերին երկրի նախագահ էր ընտրուել Լեւոն Տէր Պետրոսեանը: Այսպիսով, եթէ Հայաստանում հաստատուել էր ՀՀՇ-ի իշխանութիւնը, ապա Արցախում յաղթել էր ՀՅԴ-ն: Քաղաքական այս իրավիճակը անընդունելի էր Տէր Պետրոսեանի համար, ով քաղաքական եւ գաղափարական խորը հակասութիւններ ունէր ՀՅԴ-ի հետ: Նրա եւ ՀՀՇ-ականների փորձերը` Արցախում եւս հաստատել ՀՀՇ-ի իշխանութիւն, յաջողութիւն չունեցան: Ո՛չ Ռոպերթ Քոչարեանը, ո՛չ Սերժ Սարգսեանը, ովքեր Տէր Պետրոսեանի հիմնական գործընկերներն էին Արցախում եւ ներկայացնում էին ՀՀՇ-ի արցախեան ցանցը (թէեւ պաշտօնապէս ՀՀՇ-ն գրանցուած չէր Արցախում), չկարողացան կանխել ՀՅԴ-ի յաղթանակը:

Արթուր Մկրտչեանը բաւականին հեշտութեամբ ընտրուեց Արցախի խորհրդարանի նախագահի պաշտօնում: Նրա հիմնական մրցակիցը` Ռոպերթ Քոչարեանը, անգամ հրաժարուեց իր թեկնածութիւնից` գիտակցելով պարտութեան անխուսափելիութիւնը: Արցախի խորհրդարանում Լեւոն Տէր Պետրոսեանի համախոհները առաջադրեցին Լէոնարդ Պետրոսեանի թեկնածութիւնը, ով, քուէարկութեան արդիւնքում, բացայայտ պարտութիւն կրեց 33-ամեայ Մկրտչեանից: Արցախում 1992-ի յունուարին ձեւաւորուեց կառավարութիւն, առաջին վարչապետ դարձաւ Օլեգ Եսայեանը: Վարչապետ Եսայեանի կառավարութեան կազմում Սերժ Սարգսեանը համակարգում էր պաշտպանութեան հարցերը: Հայաստանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը համագործակցում էր Օլեգ Եսայեանի, ինչպէս նաեւ Սերժ Սարգսեանի եւ Ռոպերթ Քոչարեանի հետ` ի հակակշիռ կամ ընդդէմ Արթուր Մկրտչեանի եւ ՀՅԴ-ի:

Այս իրավիճակը լուրջ դժուարութիւններ ու բարդութիւններ էր ստեղծում` հաշուի առնելով յատկապէս պատերազմական իրավիճակը եւ հաշուի առնելով, որ Արցախին օգնութիւնը հասնում էր Հայաստանից կամ Հայաստանի ճանապարհով: Երբ 1992-ի ապրիլին սպաննուեց Արթուր Մկրտչեանը (ուշադրութիւն դարձրէք` Հայաստանում առաջին անգամ պաշտօնական սուգ յայտարարուեց Մկրտչեանի եղերական մահուան առիթով, իսկ պաշտօնական բոլոր հաղորդագրութիւններում նշւում էր, որ Մկրտչեանը սպաննուել է), ՀՀՇ-ՀՅԴ հակասութիւնները աւելի խորացան: Արցախի խորհրդարանը պէտք էր նոր նախագահ ընտրէր: ՀՅԴ-ն առաջադրեց Գէորգի Պետրոսեանի թեկնածութիւնը, իսկ հակառակորդները` Ռոպերթ Քոչարեանի: Մի կողմից Արցախում պատերազմ էր, միւս կողմից` ներքաղաքական անողոք պայքար: Մի քանի անգամ տեղի ունեցան քուէարկութիւններ, սակայն Գէորգի Պետրոսեանը, ով խորհրդարանի նախագահի պաշտօնակատարն էր, չէր կարողանում բաւարար ձայներ հաւաքել: Ռոպերթ Քոչարեանը, ունենալով ՀՀՇ-ի եւ Լեւոն Տէր Պետրոսեանի աջակցութիւնը, աւելի պակաս ձայներ էր ստանում:

Ներքաղաքական այս իրավիճակը շարունակուեց մինչեւ 1992-ի օգոստոս, երբ Հայաստանի ղեկավարութեան աջակցութեամբ նաեւ Արցախում ստեղծուեց Պաշտպանութեան պետական կոմիտէ, որի ղեկավար դարձաւ Ռոպերթ Քոչարեանը: Այսպիսով, ոչ ընտրական ճանապարհով ստեղծուեց քաղաքական մարմին, որին տրուեցին լայն լիազօրութիւններ: Արցախում ՀՅԴ-ՀՀՇ երկիշխանութիւնը կամ ներքաղաքական պայքարը շարունակուեց մինչեւ 1993-ի յունիսը, երբ Հայաստանի իշխանութեան բացայայտ ճնշման տակ Գէորգի Պետրոսեանը հրաժարական տուեց Արցախի խորհրդարանի նախագահի պաշտօնակատարի լիազօրութիւններից: Նրա փոխարէն ընտրուեց Կարէն Բաբուրեանը, որին աջակցում էին Լեւոն Տէր Պետրոսեանը եւ Ռոպերթ Քոչարեանը:

1994-ի դեկտեմբերին Արցախում ստեղծուեց երկրի նախագահի պաշտօն: Խորհրդարանը, որտեղ արդէն ՀՅԴ-ն չունէր մեծամասնութիւն, ԼՂՀ նախագահ ընտրեց Ռոպերթ Քոչարեանին: Ուշադրութիւն դարձրէ՛ք` Քոչարեանը հանրապետութեան նախագահ դարձաւ ոչ թէ ուղիղ ընտրութիւնների ճանապարհով, այլ խորհրդարանում կայացած քուէարկութեան արդիւնքում: 1995-ի գարնանը Արցախում կայացան Ազգային ժողովի, իսկ 1996-ի վերջերին` նախագահական ընտրութիւններ: Այս անգամ Քոչարեանը նախագահ ընտրուեց ուղղակի քուէարկութեամբ: Մի քանի ամիս անց Տէր Պետրոսեանը Քոչարեանին Արցախից հրաւիրեց Հայաստան եւ նշանակեց վարչապետ: Աւելի վաղ` 1993-ի օգոստոսին, Տէր Պետրոսեանը Հայաստան էր հրաւիրել Սերժ Սարգսեանին` նրան նշանակելով պաշտպանութեան նախարար:

1997-ին, ապա եւ 2002-ին Արցախում կայացան նախագահական ընտրութիւններ. երկու դէպքում էլ ընտրուեց Արկադի Ղուկասեանը: 2007-ին եւ 2012-ին կայացած նախագահական ընտրութիւններում յաղթեց Բակօ Սահակեանը: Արցախում ներքաղաքական զարգացումների տրամաբանութիւնը յուշում է, որ 2017-ին Արցախում նախագահական ուղղակի ընտրութիւններ այլեւս չեն կայանալու, ինչպէս չեն կայանալու ուղղակի նախագահական ընտրութիւններ Հայաստանում 2018-ին:

Թաթուլ Յակոբեան

ԱԶԴԱԿ, 29 Մարտի, 2016թ.