Հայ ազատագրական շարժում, հայ-թաթարական ընդհարումներ. Վահան Նավասարդյան

2302

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է ՀՅԴ երևելի դեմքերից մեկի՝ Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գիրքը, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցութիւնն Անելիք Չունի Այլեւս» զեկուցագիր-գրքի: 

Մեղադրանքներ       

Փիլիպոս Մակեդոնացին հունական քաղաքներում երկպառակություններ ցանելուց հետո, իր տիրապետության համար հողը պատրաստ է գտնում և արշավում դեպի Հունաստան՝ գրավելով Էլադեա քաղաքը:

Լուրը հասնում է Աթենք, ժողովրդի վրդովմունքը անմիջապես ծայր է տալիս, ծերակույտը հապշտապ նիստ է գումարում՝ հայրենիքին սպառնացող վտանգը կանխելու համար: Այնտեղ են Աթենքի մեծագույն բեմբասացները, ռազմագետները, պետական մարդիկ և ամբողջ ժողովուրդը:

Այդ հանդիսավոր պահին ատենակալը դիմում է ժողովրդին և հարցնում.

– «Ո՞վ է խոսք խնդրում»:

Ոչ ոք չի պատասխանում, ատենակալը նորից է կկրկնում իր հարցը, բեմ հրավիրելով այն քաղաքացուն, որի խոսքերը պիտի կարողանան հայրենիքի փրկության ճանապարհները ցույց տալ:

Կոչը մնում է անպատասխան սակայն:

Վերջապես ընդհանուր լռության մեջ բեմ է բարձրանում Աթենքի հռչակավոր ճառախոս Դեմոսթենսը և հրավիրում աթենացիներին՝ զենքով դիմադրել Մակեդոնացուն և անմիջական օգնության գնալ հունական Թեփե քաղաքին, որ այդ ժամանակ ենթակա էր վտանգի:

Դեմոսթենսի հորդորն իզուր չի անցնում, սակայն պատերազմի բախտը երես է թեքում հույներից և Հունաստանը զրկվում է իր անկախությունից:

Այս դեպքից տարիներ հետո, աթենացիները որոշում են Դեմոսթենեսին ոսկյա պսակ տալ՝ իբրև նշան հայրենիքին մատուցած բազմաթիվ ծառայությունների:

Այս առթիվ Աթենքի մեկ ուրիշ հռչակավոր ճարտասանը՝ Էսքինեսը՝ Դեմոսթենեսի հակառակորդը, ատյանի առաջ է քաշում այս վերջինին՝ պատասխանատու համարելով նրան հայրենիքին հասցրած դժբախտության համար:

Պատերազմելու խորհուրդը տվել է Դեմոսթենեսը,- հայտարարում է Էսքինեսը,- և տվել է այն ժամանակ, երբ թշնամին կանգնած էր իր ուժի գագաթնակետին և երբ լույս չկար նրան հաղթելու, իսկ այսպիսի մեկը չի կարող աթենացիների կողմից այդպիսի պատվի արժանանալ:

Ահա այս առթիվ է, որ մեծ ճարտասանը՝ Դեմոսթենեսը, խոսում է իր գեղեցիկ «Պսակի ճառը», պաշտպանելու համար իր անձը եղած ամբաստանության դեմ:

Հիշելուց հետո պատմական անցուդարձերը, որոնք կապված էին այդ դեպքի հետ, Դեմոսթենեսը հետևյալ խոսքերն է ուղղում Էսքինեսին.

«Այն ժամաանկ, երբ վայրկյանը հասած էր, որպեսզի հայրենիքի և արդարության շահերի նախանձախնդիր ճառախոսն իր ձայնը բարձրացնի, այն ժամանակ, երբ ատենակալը, կրկին ու կրկին դիմելով ժողովրդին, հարցնում էր, թե ո՞վ խոսք է ուզում առնել, դո՛ւ, Էսքինես, լուռ մնացին ու ես էի, որ բեմ ելա ու խոսեցի:

«Ի՞նչ պիտի լիներ այն պահին ճշմարտախոհ, արդարամիտ ու հայրենասեր քաղաքացու պարտականությունը, եթե ոչ այն, որ բարձրանար ու ցույց տար քաղաքական լավագույն ուղին, քան իմս էր, և ոչ թե սպասեր մինչը այսօր՝ ինձ քննադատելու համար:

«Գլխավոր տարբերությունը խորհրդատուի և զրպարտողի միջև այն է, որ մեկը իր գաղափարները հայտնում է դեպքից առաջ և պատասխանատվություն է ստանձնում հանդեպ նրանց, որոնց համոզել է իր մտքերով, հանդեպ նրանց, որոնք հետագայում հաշիվ պիտի պահանջեն իրենց, իսկ մյուսը՝ լռում է, երբ պետք է խոսել և ձախողումի առաջին առիթով իսկ քինախնդությամբ հրապարակ է իջնում»:

Այս դեպքը պատահել է դեռ Քրիստոսից մոտ երեք ու կես դար առաջ, սակայն մինչև այսօր էլ մարդիկ մնացել են ճիշտ նույնը: Նրանք լռում են, երբ պետք է խոսել և ձախողանքի առաջին առիթով իսկ քինախնդությամբ հրապարակ են իջնում, պահելով միշտ «խորհրդատուին» ու «զրպարտողին» մարդկային հասարակության տարբեր բևեռների վրա:

Լսենք նաև մեր հերթական Էսքինեսի ուշացած խոսքը:

***

Քաջազնունու գրքույկը կազմված է երկու հիմնական մասերից. առաջինը մի ամփոփ տեսություն է հայ հասարակական կյանքի՝ 1903-ից մինչև 1922-ի շրջանն ընդգրկող, իսկ երկրորդը՝ հիմնավորումն ու եզրափակումն է իր նոր դավանանքի, որի մասին մենք արդեն խոսեցինք: Իր նոր խոսքն ասելուց առաջ՝ մեր վաղեմի կուսակիցը հարկ է զգացել մի շարք մեղադրանքներ բարդել Հ. Յ. Դաշնակցության վրա, որոնք ամփոփված են գրքույկի առաջին մասը կազմող երեսուն և հինգ կետերի մեջ:

Մենք նախընտրեցինք անդրադառնալ այս մեղադրանքներից մի քանիսին Քաջազնունու նոր դավանաքի մասին խոսելուց հետո, որովհետև կարևորը մեզ համար այս վերջինն էր, այն նոր ինքնասպանության ձևը, որով մեր նախկին կուսակիցը խորհուրդ էր տալիս Հ. Յ. Դաշնակցությանը՝ կամովին գերեզման մտնելու:

Քաջազնունու մեղադրանքները կարելի է երկու գլխավոր խմբերի բաժանել:

Ա. Մեղադրանքներ, որոնք կրում են ընդհանուր բնույթ:

Բ. Մեղադրանքներ, որոնք ունեն միանգամայն որոշ, կոնկրետ ու մասնակի կերպարանք:

Նաև այս վերջին խմբի մեղադրանքներն իրենց հերթին բաժանվում են երկու կարգի.

ա) Կան այնպիսի կետեր, ուր Քաջազնունին մեղադրում է միմիայն Հ. Յ. Դաշնակցությանը ու

բ) Կան կետեր, ուր նա իր մեղադրանքներից բաժին է հանվում նաև արտաքին, օտար ազդակներին:

Փորձենք ամփոփ ձևով անդրադառնալ այս մեղադրանքներից կարևորներին:

———

Հայ ազատագրական շարժում

1

Խոսելով հայ կամավորական շարժման մասին, Քաջազնունին անհրաժեշտ է համարում Հ. Յ. Դաշնակցության բովանդակ գործունեության հետևյալ բնորոշ գիծը տալ:

«Դաշնակցությունը Անդրկովկասում անցյալներում էլ եղել է ոչ այնքան հեղինակ ու նախաձեռնող, որքան հետևող այն շարժումների, որոնք առաջ են եկել իրանից անկախ: Այսպես էր 1903 թվականին (ըմբոստացումներ ու ցույցեր եկեղեցական կալվածքների գրավման առթիվ), այսպես էր 1905-1906 թվականներին (հայ-թաթարական արյունահեղ ընդհարումներ), այսպես էր նաև բանվորական առաջին մեծ շարժումների ժամանակ (1903-1906), երբ Դաշնակցությունը ղեկավարում էր Բաքվում, Թիֆլիսում ու Բաթումում օտար սոցիալիստական կուսակցությունների քաղաքականությամբ ու գործելու եղանակներով»:

Առաջին իսկ հայացքից ուշիմ ընթերցողը նկատեց անշուշտ, որ Քաջազնունին իր դատողությունների մեջ ընդհանրացումններ է անում, որոնք վերաբերում են Դաշնակցության բովանդակ անցյալին, առանց, սակայն, այդ անցյալն իր ամբողջության մեջ քննության առնելու:

Հ. Յ. Դաշնակցության կյանքը 1914-ից չի սկսվում և ոչ էլ, առավել ևս, 1906-ին կամ 1903-ին վերջանում: Դաշնակցության ծննդյան թվականը ծանոթ է մեր քննադատին, անշուշտ ծանոթ է, գե՛թ ընդհանուր գծերով, նաև այն գործունեությունը, որ հայ մեծ քաղաքական կազմակերպությունն ունեցավ մինչև եկեղեցական կալվածքների գրավման շրջանն Անդրկովկասում: Արդ, քանի որ մեր հակառակորդն իր ընդարձակ զեկուցագրով հանդես է եկել Դաշնակցության հուղարկավորությունը նախապատրաստելու, ապա ինչո՞ւ նա հոգնություն չի պատճառել իրեն մեր պատկառելի հանգուցյալի բովանդակ կյանքին անդրադառնալու և իր դանբանականում ասելու գեթ ընդհանուր գծերով, թե ինչպես սկսվեց, ինչպես ընթացավ և ինչպես վերջացավ այդ կյանքը:

Մի՞թե այսքան հարգանքի և ուշադրության արժանի չէր մի կուսակցություն, որ գունավորեց մեր վերջին երեսնամյակի հասարակական կյանքը և պատասխանատվության ամբողջ բեռ շալակած կանգնեց այն գերեզմանի առջև, որ այսօր այնքան սրտացավորեն փորում են նրա համար ամեն կարգի ու տեսակի Քաջազնունիները:

Իր մեղադրանքները կարդալուց առաջ՝ մեր հակառակորդն այս աշխատանքը պետք է որ կատարեր: Որովհետև Քաջազնունին եթե այս ձևով վարվեր, այդ դեպքում մենք կլսեինք նաև նրա կարծիքը, ի թիվս շատերի ու շատ կարծիքների, ոչ միայն կոնկրետ դեպքերի, այլև ընդհանրապես հայ ազատագրական շարժման մասին: Կտեղեկանայինք, թե, ըստ Քաջազնունու, «անկա՞խ» եղավ արդյոք այդ շարժումը Դաշնակցությունից, թե՞ ոչ: Եվ եթե եղավ «անկախ», ապա ո՞վ և ինչո՞ւ արդյոք ստեղծեց այդ շարժումը: Ո՞վ ստեղծեց նաև Դաշնակցությունը, որ, դաշնակցականներից անկախ, եկավ և իր անվան հետ կապեց հայկական ազատամարտը:

Այս հարցերի պատասխանները, դժբախտաբար, մենք չունենք: Ի պատասխան այս  անհող ընդհանրացումների կա այն մեծ ու անհերքելի փաստը, որ մոտ մի երրորդ դար առաջ հայ ապոլիտիկ իրականության մեջ ծնունդ առավ դաշնակից հեղափոխականների անդրանիկ կազմակերպությունը, որ հետագայում, իր փոթորկահույզ պատմության ճիշտ շեմին, ժառանգություն մնաց հայ հեղափոխականների մեկ հատվածին և դարձավ ամբողջովին դաշնակցական ու մնաց իբրև սեփականություն միայն Հ. Յ. Դաշնակցության:

Այս կազմակերպության անվան հետ կապվեց նաև բովանդակ հայ ազատագրական շարժումը, որ ստեղծեց առավելապես Դաշնակցության շնորհիվ, որ հասակ առավ նրա՛ մեջ ու ծավալվեց նրա միջոցով:

Ահա այս ազատամարտն է, որ իր ամբողջ ցցուն հասակով ծառանում է Քաջազնունու անճիշտ ու անարդարացի դատավճռի դեմ:

Սխալ չհասկացվենք: Հայկական ազատամարտն ինքնածին ու անսկիզբ չէր անշուշտ, ինչպես անսկիզբ ու ինքնածին չէ և ոչինչ մեր մոլորակի վրա: Յուրաքանչյուր հասարակական երևույթ պատճառակցական որոշ կապի մեջ է երևույթների մեկ այլ խմբի հետ, որոնք իրենց հերթին միաժամանակ և՛ պատճառ են, և՛ հետևանք այլ երևույթների:

Սակայն կարևորը տվյալ դեպքում այն է, որ մեր ազատագրական շարժման պատճառները պետք է որոնել առավելապես հայ կյանքի և հատկապես՝ Հ. Յ. Դաշնակցության մեջ: Եթե այս կետում ընդհանրապես մեղադրանք կարող է լինել, ապա այդ մեղադրանքը ձևակերպված պետք է լինի ոչ թե այն իմաստով, թե հայկական ազատամարտը «անկախ իրանից», «անկախ Դաշնակցությունից» սկսվեց ու ծավալվեց հայ իրականության մեջ, այլ այն՝ որ այդ շարժումը չափից ավելի կախված էր ու չափից ավելի կախված էլ մնաց Դաշնակցությունից: Այս կլիներ և՛ ճիշտ, և՛ արդարացի մեղադրանք: Այս կունենար միաժամանակ նաև իր բանավոր ու իրավացի հիմքերը, որոնց անդրադառնալը սակայն դուրս է մեր այսօրվա նյութի սահմաններից:

Եկեղեցական կալվածքների գրավում

II

Հ. Յ. Դաշնակցության դերը բոլորովին նսեմացնելու համար հայ իրականության մեջ, մեր հակառակորդը անխնայորեն ջնջում է մի շարք էջեր Դաշնակցության կյանքից, որոնք առանց նրա նախաձեռնության և գործուն մասնակցության ապահովաբար չպիտի գրավեին հայ հասարակական շարժումների պատմության մեջ:

Այդ հուզիչ էջերից մեկը եկեղեցական կալվածքների գրավման հետևանքով ստեղծված շարժումներն են, որոնք, ըստ Քաջազնունու հայտարարության, առաջացան ու ծավալվեցին միանգամայն Դաշնակցությունից անկախ:

Իսկապես որ անկարելի է չվերհիշել Նեկրասովի հերոսներին, որոնք

Ազգագրագիտությամբ են փայլում,

Ու չգիտես վիճակագրությունն այնքա՜ն լավ՝

Ո՞րտեղից են նրանք վերցնում:

Իսկապես որտեղի՞ց է քաղել հայկական շարժումնների մասին իր այսքան «ստույգ» տեղեկությունները Քաջազնունին: Ասենք սակայն, որ մեկ առաքինի սովորություն,  այնուամենայնիվ, նա հիմնովին խախտել է: Գրչի մարդկանց մոտ ընդունված է ոչ միայն պատգամել, այլև պարզել ամեն մեկ միտք, որ նոր է: Քաջազնունու պես վարվում էին հին Հունաստանի քրմերը, որոնց խոսքերն աստվածային պատգամների ուժ ունեին ունկնդրող հասարակության համար: Սակայն այսօր, լավ, թե՝ վատ, փոխվել են ժամանակներն ու նրանց հետ նաև մարդիկ և իրենց տեսակետները: Այսօր մարդկային միտքը, Նիցշեի ավանդի համաձայն, սիրում է կասկածը, սիրում է առնել իր ափի մեջ ամեն մեկ նոր խոսք, շրջել, տնտղել ու հոտոտել այն՝ ստուգելու համար, թե որքան նա ճիշտ է: Եթե սա այսպես չլիներ, ապա շատերը պիտի կարդային Քաջազնունու այսքան արտառոց մտքերն ու ենթադրեին, թե նա իսկապես որ ճիշտ է խոսում:

Ո՞րն է իրականությունը սակայն:

Միանգամայն արդարորեն նկատում է ընկեր Հ. Օհանջանյանն իր մի զեկուցման մեջ, որ դեկաբրիստներից հետո (1825թ.) առաջին համաժողովրդական շարժումը Ռուսաստանում խմորվեց հայ ժողովրդի ծոցում և առաջացավ եկեղեցական կալվածքների գրավման հետևանքով:

Ընդհանրապես, վերջին հարյուրամյակի ընթացքում ռուսական երկու բռնակալությունների դեմ՝ միապետական և բոլշևիկյան, Ռուսաստանի ազգություններից միայն մեկն է ծառացել իր ամբողջության մեջ, տալով իր բողոքին ընդհանուր, համաժողովրդական բնույթ: Մեր խոսքը հայության մասին է: 1920-ի փետրվար 18-ը և 1903-ի շարժումներն աննախընթաց էին Ռուսաստանի համար: Եվ ոչ մի ժողովուրդ, ոչ իսկ ինքը՝ ռուսը, արիությունն ունեցավ համամտորեն պոռթկալու 20-րդ դարի կարմիր վանդալների դեմ: Անջատ շարժումներ ու սպորադիկ ապստամբություններ, հաճախ արյունահեղ ու համառ, եղան մեկից ավելի անգամներ, սակայն համաժողովրդական ընդվզում բոլշևիկյան վատթարագույն բռնապետության դեմ եղավ միայն մեկ անգամ ու եղավ Մասիսի ստորոտում, մի բուռն ծվատված ու հարվածված հայության կողմից: Ու նաև ցարերի բռնության դեմ, նրա բազմաթիվ հպատակ ազգերից միայն մեկը հավաքականորեն ծառացավ և այդ նորից նույն հայ ժողովուրդն էր, որ 1903-ին, ինչպես մեկ մարդ, ոտքի կանգնեց և ի վերջո տիրացավ իր բռնադատված իրավունքներին:

Չխոսենք այն մասին, թե որքան լավ կամ վատ վարվեց հայ ժողովուրդը, որովհետև մեզ հետաքրքրողը տվյալ դեպքում ոչ թե նպատակահարմարության հարցերն են, այլ փաստը, որ ժխտել բացարձակապես անկարելի է:

Արդ, մի՞թե այդ շարժումներն առաջացան Դաշնակցությունից անկախ:

Անշուշտ, ո՛չ:

Փետրվարյան ապստամբության մասին թերևս կարծիքները տարբերվում են, որովհետև այդ ապստամբությունը խմորվեց ու կերպարանք առավ ո՛չ Դաշնակցության անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, թեև նա անուղղակիորեն բնական հետևանքներ էր այն հեղափոխական դաստիարակության, որ Դաշնակցությունը տասնամյակների ընթացքում տվել էր հայ ժողովրդին:

Իսկ 1903-ի շարժումները թե՛ մեկ, թե՛ մյուս իմաստով անմիջականորեն ծնունդ էին առնում Դաշնակցությունից: 1903-ի ըմբոստ հայությունը ընտելացել էր բողոքի ոգուն Դաշնակցության հեղափոխական ավազանում և ըմբոստացել՝ Դաշնակցության անմիջական հրահանգի և ղեկավարության տակ: Ընկեր Հ. Օհանջանյանն իր զեկուցման մեջ [նկատում] էր, թե ինչպես Թիֆլիսի մերձակա վրացական գյուղերից մեկում Ռոստոմի ձեռքով տպագրվեց պատմական այն առաջին թռուցիկը, որով հայ ժողովուրդը հրավիրում էր Հ. Յ. Դաշնակցության Բյուրոյի կողմից, ըմբոստանալ ցարական հրամանի դեմ և ամեն գնով պաշտպան կանգնել իր ազգային իրավունքներին:

Եվ հասկանալի է, թե ինչո՞ւ այս շարժման նախաձեռնությունը պիտի բխեր հատկապես Դաշնակցությունից:

Հայ քաղաքական մտքի այսպես կոչված «ձախ» թևի համար այս շարժումն անընդունելի էր, որովհետև «եկեղեցու շահերի պաշտպանությունը» նրանց ինքնօրինակ ըմբռնումների աշխարհում դեռ տեղ չուներ գտած:

«Ձախության» հիվանդությամբ բռնված նորափթիթ հայ ընկերվարական միտքը դեռ հետագայում պիտի յուրացներ այն խորունկ ճշմարտությունը, թե բողոքը ամեն տեսակ բռնության դեմ ու նաև այն բռնության, որ ցարերի կողմից ուղղված էր թեկուզ հայ եկեղեցու դեմ, իր նվիրական պարտականությունների մեջ էր մտնում՝ թե՛ հեղափոխական, և թե՛ ընկերվարական: Այս հասկացողություններին պիտի գար նա հետագայում, փորձառաբար որոշ հասունության տիրանալուց հետո:

Այս ըմբոստացումը անկարելի էր սպասել նաև հայ քաղաքական մտքի այսպես կոչված աջ թևից, որն իր «օրինապահությունը» բոլոր պայմանների տակ, մանավանդ  «քրիստոնյա ցարերի» հանդեպ, համարում էր մարդկային ամենամեծ առաքինությունն ու քաղաքական գերագույն իմաստությունը:

Անմտություն կլիներ այս ընդվզումը սպասել նաև «անդավանանք» հայ գորշ զանգվածից, որը շարժվելու ու մանավանդ ծրագրված պայքար տանելու համար միշտ հրահանգողի պետք ուներ: Անմտություն կլիներ այն պատճառով, որ հայությունը, և հատկապես նրա ռուսահայ հատվածը, հասարակական որոշ երևույթների հետևանքով, առանձնապես ջերմ զգացմունքներ չուներ պահած դեպի հայ եկեղեցին և իր կրոնական սրբությունները, որոնք մինչ այդ նրա ըմբռնումների աշխարհից որոշ չափով գոլորշիացել էին արդեն:

Ուրեմն ո՞վ արդյոք բողոքի պատվաստը պիտի ներարկեր հայ ժողովրդին: Ո՞վ արդյոք զանգվածները շարժման մեջ պիտի դներ այն բռնության դեմ, որ դավադրորեն հայ եկեղեցու վրայով ուղղված էր հայ ժողովրդի, նրա ազգային ինքնության ու ազգային մշակույթի դեմ:

Եթե այդ շարժումն «անկախ» էր Դաշնակցությունից, ապա ի՞նչ գերբնական ուժերից էր նա կախված, որոնք մինչ այդ թաքնված մնալով, առաջին անգամ Քաջազնունուն են հայտնել, այն էլ… դեպքից մոտ քսան տարի հետո, հայ դավանափոխների կենտրոնում՝ Բուխարեստում: Մենք չափազանց լավ կարծիքի ենք Քաջազնունու մասին մտածելու համար, որ նա այս առաքինությունը վերագրում է հայ կղերին, որ վաղուց հայ եկեղեցին իր սպասավորն է դարձել, փոխանակ ինքը նրա սպասավորը մնալու:

Թերևս հետաքրքրությունից զուրկ չլինի պատմական մեկ փաստի հիշատակություն, որ մեզ պատմել է հայկական ազատամարտի ռահվիրաներից Ռոստոմը:

Եկեղեցական կալվածքների գրավման հրամանն առնելուն պես, Դաշնակցության գերագույն մարմինը, հանձինս նրա Բյուրոյի, որոշում է բովանդակ հայ ժողովուրդը այդ հրամանի դեմ հանել: Սակայն լուր է գալիս, որ Հայոց Հայրիկը, որի հմայքը (անձնական և ոչ կաթողիկոսական) գրեթե աննախընթաց էր հայ ժողովրդի վրա, տատանվում է իր բռնելիք ընթացքի մեջ, վստահություն չունենալով իր հոտի և ստորադաս հոգևորականության վրա: Եւ որովհետև Խրիմյան Հայրիկի այս կամ այն ընթացքից շատ բան էր կախված, ուստի Բյուրոն, Հայրիկի կողմից լինելիք որևէ չկշռադատված քայլ կանխելու համար, իր կողմից Ռոստոմին որոշում է գաղտնապես Թիֆլիսից ուղարկել Էջմիածին՝ Հայոց Հայրիկին Դաշնակցության որոշումը հաղորդելու համար: Ռոստոմն ուշ գիշերով առաջին իսկ գնացքով ճանապարհվում է Վաղարշապատ և ներկայանում հայ ժողովրդի մեծագույն զավակին: Հայրիկը գիտեր Ռոստոմին ու գիտեր նաև նրա դերն ու կշիռը Դաշնակցության մեջ: Հայ ժողովրդի երկու մեծագույն զավակների հանդիպումն ի զուր չի անցնում: Ռոստոմն իրապես գտնում է Հայրիկի հոգեպես լքված վիճակում, գրեթե տրամադրված իր ճակատագրին համակերպվելու:

Դաշնակցության որոշումը Ռոստոմի բերանում ունենում է վճռական նշանակություն Հայրիկի համար, և Խրիմյանն ինքնավստահ շարժման գլուխ է անցնում, պարզ գիտենալով, որ իր հետևը կանգնած է Հ. Յ. Դաշնակցությունը, որ ասել է՝ նաև հայ ժողովուրդը:

Խրիմյանը չի սխալվում:

Հայ մեծ քաղաքական կազմակերպությունը նախաձեռնում, ղեկավարում ու հաջողապես ավարտում է մեկ ամբողջ ժողովրդական հսկայական շարժում, որ այսօր բուխարեստյան Էսքինեսներից մեկն անարդարորեն ուզում է նրանից խլել և թողնել անհասցե պատմությանը:

Հայ-թաթարական ընդհարումները

III

Սա արդեն գյուտ է: Անշուշտ հայ-թաթարական ընդհարումները սկսեվցին Դաշնակցությունից միանգամայն անկախ, սակայն մի՞թե այս նշանակում է՝ թե անկախ եղավ նաև այն հերոսական ընդդիմությունը, որ հանդես բերեց հայ ժողովուրդը: Այստեղ մինչև իսկ «վիճակագրությունն» անզոր է օգնության գալու Քաջազնունուն:

Ռուս կառավարության դավադիր քաղաքականության հետևանքով 1905 թվին թաթարական առաջին գնդակը պարպվեց հայ ժողովրդի վրա Բաքվում:

Դարավոր ստրկական անցյալը հայ մարդուն անվարժ էր դարձրել զենքի:

Ստորադաս վիճակը գոլորշիացրել էր նրա մարտական կարողությունները և պատվաստել հայ զանգվածին հեզության ու մեղկության քայքայող թույնը: Մասնավորաբար, ռուսահայ հատվածը, շնորհիվ ռուսական ապահով տիրապետության, վերջին հարյուրամյակի ընթացքում կարիք չէր զգացել ու, հետևաբար, փորձ չեր արել որևէ ձևով պաշտպան կանգնելու իր վտանգավոր գոյությանը: Հայ մարդը իր դժբախտ պատմության հետևանքով մարտական ուժ էր տեսնում ամենքի մեջ, բացի իրենից: Եվ եթե հետագայում նրա մեջ ևս արթնացան մարտական կարողություններ, դա եղավ առավելապես Դաշնակցության շնորհիվ: Հայ մեծ քաղաքական կազմակերպությունը ոչ միայն վարեց Հայ Դատը, այլև հայ նկարագիր մշակեց:

Նա մի խոշոր չափով ազգայնորեն ամբողջացրեց հարվածված ու ցիրուցան հայ ժողովուրդը, համախմբեց տիեզերքի տարբեր հորիզոնների տակ եղած հայությունը միևնույն իդեալի շուրջ և ազգային ամբողջականության գաղափարը, որ քաղաքական տարբեր ճակատագրերի պատճառով հոգեբանորեն այլևս անմարսելի էր դարձել տարբեր հատվածների համար՝ իր որդեգրած ուսմունքով և իր ունեցած գործունեությամբ դարձրեց հարազատ՝ հայության բոլոր թևերի համար:

Նա միաժամանակ մարտական կորով ներշնչեց հոգեբանորեն ջաղջախված հայ մարդուն:

Այն ընդիմությունը, որ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հանդես բերեց Անդրկովկասի հայությունը ոչ միայն Դաշնակցությունից անկախ չէր, այլ նա անհասկանալի կը լիներ, եթե Դաշնակցությունը չլիներ: Մարտական կարողություններով օժտված միակ տարրը գտնվում էր Դաշնակցության մեջ: Դաշնակցությունը հայ ժողովրդի մարտական կորովն էր: Եվ այդ պատճառով այնքան բնական ձևով ընդհարումների շրջանի շարժման ամբողջ ղեկավարությունը բովանդակ Անդրկովկասում անցավ Դաշնակցության [ձեռքը]: Անցավ… հայ ժողովրդի բոլոր թևերի անբողոք համաձայնությամբ:

Սա մի բացառիկ դեպք էր մեր կյանքում, երբ անհամերաշխության մոլությամբ վարակված մեր ժողովրդի բոլոր շերտերը՝ ամենից աջից մինչև ամենից ձախը և ամենից ունևորից մինչև ամենից ընչազուրկը համերաշխորեն համախմբվում էին Հ. Յ. Դաշնակցության շուրջը և շարժվում կուրորեն նրա հրահանգներով: Այդ օրերին ամենքն անխտիր Դիոգինեսյան լապտերով որոնում էին, որովհետև ամենքն էլ զգում էին ու գիտեին, որ թաթարական հորդաններին հաջողապես դիմադրելու միակ կարողությունը բացառապես Դաշնակցությունից է կախված: Իհարկե, որոնում էին… հետագայում, անշուշտ, քննադատելու և ազգային նկարագրի մի վատթարագույն գծին առատորեն տուրք տալու պայմանով, սակայն փաստն այն է, որ այդ օրերին հայ մարդը, Անդրկովկասի հայությունը Դաշնակցությունից բացի ուրիշ տեղ չուներ դիմելու:

Նա իր աչքերով տեսնում էր, որ հայ մարտական կուսակցությունից իրապես սարսափում է Անդրկովկասի ցարական ամբողջ պաշտոնեությունը, նահանգապետից մինչև վերջին ոստիկանական պաշտոնյան, որոնց համար Հ. Յ. Դաշնակցության զինական ուժերի գերագույն հրամանատար Դումանի այլևս պատմական դարձած «Հրաման 1-ը», ուղղված այդ նույն պաշտոնեության, դատարկ խոսք չէր, այլ իրականապես պարտադիր պահանջ:

Ճիշտ այդ պատճառով էլ այդ «Հրամանները» անհետևանք չէին անցնում, այլ գործադրվում էին այնտեղ և նրանց կողմից, որտեղ և որոնց հրահանգվում էին:

Սակայն մենք, մեր հակառակորդի մեղքի շնորհիվ, մանրամասնությունների մեջ մտանք: Ինչո՞ւ թաքցնել: Մենք այն ներքին համոզումն ունենք, որ այս ամենը ճիշտ այս ձևով գիտի նաև Քաջազնունին: Մասնավորաբար հայ-թաթարական ընդհարումների լուսաբանության հարցում նա կատարել է մի մեղանչում ճշմարտության հանդեպ, որ իրապես անուն չունի:

Ժխտել Հ. Յ. Դաշնակցության ղեկավար դերը Կովկասյան Վանդեայի մեջ, դա կնշանակում է տառապել վատագույն կուրությամբ, ասել է՝ աչքեր ունենալ, որոնք չեն տեսնում և բանակցություն, որ չի գործում:

Հին ճշմարտություն է. Tempora mutantur et nos mutamur in illis…

Շարունակելի, նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2015/12/19/vahan-navasardian-part-10/