Քաջազնունու ճառը Արաքսի ափին

2129

Հատված Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի: 

Ապա եկան նահանջի դառն ու հուզումնալից օրերը- Բաշ Գառնի, Միլլի Ձոր, Դարալագյազ ու Զանգեզուր: Վրաստանի անկումից հետո Հայաստանը տակավին դիմացավ ավելի քան մեկ ամիս: Բայց Ապարանի ու Ախտայի ճակատները շպրտված բոլշևիկյան դիվիզիաները ստիպեցին մեզ քայլ առ քայլ քաշվելու դեպի լեռնային գավառները: Այս անհաջողությունը ոմանց մեջ առաջ բերեց հուսահատություն և «որևէ ելք» գտնելու տրամադրություն: Ուրիշներ առաջարկում էին առանց դիմադրության անցնել Արաքսը: Քաջազնունին մինչև վերջ մնաց պաշտպան կռվի: Նա հավատացած էր, որ բոլշևիկների հետ ընդհանուր լեզու գտնել հնարավոր չէ, իսկ եթե հնարավոր էլ լինի, ավելորդ է, որովհետև «մենք պետք է մինչև վերջին փամփուշտը հավատարիմ մնանք անկախության գաղափարին», որովհետև «մենք պետք է ցույց տանք Եվրոպային, որ հասկանում ենք անկախության արժեքը և գիտենք նրա համար կռվել ու զոհվել»:

Այս խոսքերով չէր, գուցե, բայց այս իմաստով էր արտահայտվում Քաջազնունին Զանգեզուրում: Այս տեսակետից շատ ուշագրավ է նրա մեկ ճառը Արաքսի ափին: Ապրիլի 27-ին էր: Մեղրի գյուղի ժողովրդի խնդրանքով Քաջազնունին ու ես հանձն առանք խոսելու ժողովրդական միտինգում: Հոծ բազմություն էր հավաքուած գյուղական հրապարակի պատմական չինարիների տակ: Եվ Քաջազնունին, ճերմակ մազերը ցրիվ տված քամուն, կանգնած ծառի տակ, առաքյալի պես խոսում ու ոգևորում էր ժողովրդին: Նա հրավիրում էր շարունակել կռիվը, հորդորում էր գյուղացիներին անհաշտ կռվել քսաներորդ դարի բարբարոսների նկատմամբ: Համոզում էր չընկճվել, որովհետև անհնար բան է , որ արդար գործի համար մղված կռիվը վերջանա պարտությամբ: «Մենք գնո՛ւմ ենք Պարսկաստան ձեզ համար օգնություն բերելու, գնո՛ւմ ենք, բայց շուտով կվերադառնանք՝ ձեզ հետ միասին շարունակելու համար պայքարը»: Այսպես վերջացրեց նա:

Իրոք որ, մենք գնում էինք, որպեսզի շուտով վերադառնանք պայքարը շարունակելու համար: Եվ հաջորդ օրը մենք անցանք Արաքսը և մի քանի օրից արդեն Թավրիզում էինք, որ շուտով պարզվեց, որ Եվրոպայի օգնության ոչ մի հույս չկա: Այստեղ լուր ստացվեց նաև, որ բոլշևիկները ուզում են ինչ որ առաջարկներ անել մեզ հաշտություն կնքելու նպատակով: Անկախ նրանից, թե որքան լուրջ էր այս լուրը, եղան մարդիկ, որոնք պնդում էին, թե կռիվը այլևս անիմաստ է և հարկավոր է որևիցե ձևով վերջ տալ պատերազմին: Խոստովանում եմ, մի վայրկյան իմ մեջ էլ ծագեց վարանում, Եվրոպա չկա, Քրոնշդատի և Ռուսաստանի մյուս վայրերի ապստամբությունների ճակատագիրը՝ անհայտ, ամբողջ Կովկասը՝ բոլշևիկների ձեռքին. ավելի խելացի չէ՞ր մտածել հաշտության մասին…

«Ո՛չ, ավելի խելացի չէր»,- այս էր Քաջազնունու կարծիքը: Նա պնդում էր, որ հաշտության փորձերը վնասակար են: Ինչո՞ւ: Նախ, որովհետև բոլշևիկներին հավատալ չի կարելի, ապացույց՝ [1920թ.] դեկտեմբերի 2-ի համաձայնությունը: Երկրորդ, ի՞նչ պիտի տա Հայաստանին հաշտությունը: Ոչի՛նչ: Մինչդեռ պատերազմի շարունակությունից առնվազն երկու օգուտ կա. մեկ՝ եթե մենք դիմանանք 5-6 ամիս, ո՞վ է իմանում՝ ինչեր են պատահելու Ռուսաստանի ներսում կամ Եվրոպայում: Անկախ Լեռնահայաստանը, ըստ էության, ասել է անկախ Հայաստան՝ իր օրինական կառավարությամբ, իսկ Հայաստանի կառավարության գոյությունը մեծապես կուժեղացնի մեր դիվանագիտության դիրքը արտասահմանում:

Երկրորդ, ասենք թե կռվեցինք ու պարտվեցինք: Դրանից մեծ վնաս չկա, իսկ օգուտը կլինի այն, որ մենք դուրս տարած կլինենք մեզ հետ Հայաստանի անկախության գաղափարը՝ արտասահմանում էլ շարունակելու համար պայքարը: Անհրաժեշտ է, որ հայ ժողովրդի մեջ գոյություն ունենա քաղաքական երկու հոսանք: Բոլշևիկները կլինին ռուսական օրիենտացիայի կողմնակից և հակառակ անկախության: Մենք կլինինք անկախության պաշտպան և արևմտյան ուղղության ներկայացուցիչներ:

Այսպես էր մտածում Քաջազնունին Թավրիզում: Այս էր, ընդհանուր առմամբ, Հայաստանի գործիչների ճնշիչ  մեծամասնության կարծիքը՝ անկախ կուսակցական տարբերությունից: Փետրվարյան շարժումը ստեղծել էր որոշ մտայնություն, քաղաքական որոշ ըմբռնում, ա՛յն, որ հետագայում ավելի ևս լայնացավ և գաղութներում էլ արմատներ ձգեց:

Կռիվը Զանգեզուրում շարունակվեց, իսկ Քաջազնունին գնաց Թեհրան:

Թեհրանում էլ Քաջազնունին նույնն էր մտածում: Նույն ձևով էր արտահայտվում նա և՛ Բաղդադում, և՛ Բասրայում,  և՛ Բոմբեյում, և՛ Կահիրեում, և՛ Ալեքսանդրիայում ու Պոլսում՝ ամբողջ ճանապարհին, ուր որ հայ մարդու էր հանդիպում: Նրա խոսած հակաբոլշևիկյան ճառերը Բաղդադում, Կահիրեում, Ալեքսանդրիայում ծանոթ են արտասահմանում: Հիշենք նրա խոսքերը՝ արտասանած Ալեքսանդրիայի հրապարակային ժողովում, 1922թ. փետրվարի 26-ին, Քազինօ Բելվյույում, երկսեռ խուռն բազմության առջև:

«Ռուսական կարմիր բանակը եկավ, գրավեց մեր երկիրը և հաստատեց մի կառավարություն, որ հայկական չէ: Բայց կարո՞ղ ենք ասել, որ ամեն բան վերջացած է: Ո՛չ: Անկախությունը այնպիսի բան է, որ նվեր չի ստացվում: Ամեն ազգ իր անկախությունը սեփական բռունցքով միայն կարող է ձեռք բերել… Հայ ժողովրդի համար անկախությունն այսօր մահվան և կյանքի խնդիր է, և Հայաստանի ժողովուրդը ունի այդ գիտակցությունը»:

Նույնքան վճռական է Քաջազնունին և Պոլսում. «Այո՛, պետք է տոնել, գրում է նա Մայիս 28-ի անկախության տոնի առթիվ։ («Ճակատամարտ», 1922 թ., մայիս 28:),- պե՛տք է տոնել այսօր և միշտ, ու ամեն տեղ, ուր կա մի զույգ հայ: Եվ, իհարկե, ամենից առաջ ու ամենից խանդավառ Արարատյան դաշտի վրա, Գուգարքի ու Սյունիքի լեռներում, այնտեղ, ուր հաստատված ու իրականացված է հայ[կական] պետությունը:

«Եթե Հայաստանի այսօրվա կառավարությունը ջնջել է իր տոնացույցից Մայիսի 28-ը, դա հետևանք է ու ապացույց քաղաքական տհասության կամ հանցավոր ապերախտության…»

«Կան պարտություններ, որ նվիրական են ու պատվաբեր նույնքան, որքան և ամենափայլուն հաղթանակները»:

Իսկ երկու օր հետո, «Ճակատամարտ»-ի մայիս 30-ի համարից սկսված հրատարակվող «Ի՞նչ պետք է լինի մեր ուղին» հոդվածաշարում Քաջազնունին գրում է հետևյալը.

«Այսօր Դաշնակցությունը աքսորված է Հայաստանից և Հանրապետության անկախությունը կիսով չափ վերացած: Բայց սա մի անցողակի շրջան է միայն: Պատմությունն ունի իր ընթացքը և այդ ընթացքը հասցրել է մեզ անկախության շեմքին: Խոսքը արտասանված է արդեն. գաղափարը՝ կենդանի ու կենսունակ: Պատճառ չկա կասկածելու, թե հայ երկիրը ունենալու է, ավելի կամ պակաս սահմանափակումներով, իր ուրույն քաղաքական կյանքը:

Վաղվա Հայաստանի հայկական կառավարության մեջ Հ. Յ. Դաշնակցությունը նորից կանչված պիտի լինի՝ բերելու իր աշխատակցությունը (թերևս նորից ղեկավարող դեր ստանձնելու): Սա մի պարտականություն է, որից չի կարող խույս տալ ոչ մի քաղաքական կուսակցություն: Եվ սրա համար է, որ նա այսօրվանից պետք է գիտենա իր վաղվա անելիքը»:

Եվ մանրամասն, վեց ընդարձակ հոդվածներում բացատրում է , թե ինչ է անելու վաղը Դաշնակցությունը. պետությունում պետք է հաստատի ռամկավար իրավակարգ, պետք է լուծի հողային հարցը, ուժ պիտի տա արդյունաբերության զարգացմանը, հանքերի մշակությանը և այլն, և այլն:

Քաջազնունի հարց է տալիս. «Պե՞տք է արդյոք, որ Հ. Յ. Դաշնակցությունը… ձգտի նորից իր ձեռն առնել Հայաստանի պետական ղեկը»: Եվ պատասխանում է՝ այո՛, պետք է ձգտի, որովհետև «Դաշնակցությունից ավելի կարող ու ավելի ձեռնհաս քաղաքական կազմակերպություն» չկա ասպարեզում: «Դաշնակցությունը եղել է և մնում է հայ աշխատավոր զանգվածների կուսակցություն… Դաշնակցությունը, իբրև ամբողջություն, իբրև զանգվածային արտահայտություն, անկախ կուսակցական ծրագրից ու պաշտոնական դավանանքից՝ հայ ժողովրդի հարազատ զավակն է, արյունը արյունից և ոսկրը ոսկրից… Դաշնակցությունը, իրականության մեջ, Հայաստանի սահմաններում մինչև այսօր վարել է այն քաղաքականությունը, որը ամենից ավելի համապատասխան է եղել հայ աշխատավոր զանգվածների ընկերային կազմին ու քաղաքական կացությանը, նրանց գիտակցության, իրական ձգտումներին ու հասունացած պահանջներին»:

Այսպես մտածում ու գրում էր Քաջազնունին 1922 թվականի հունիս ամսին, իսկ 1923 թվականին նրա մտքերը արդեն ստացել են հետևյալ ընթացքը**:

** Բոլոր կտորները բերվում են Քաջազնունու գրքից:

«Եթե ուզենանք մի ընդհանուր գնահատում անել մեր կատարած ծանր աշխատանքի ու ձեռք բերած արդյունքների՝ Հանրապետության անկախությունը հռչակելուց հետո, պետք է ասենք, որ պարծենալու շատ բան չունենք» (այսինքն՝ չունի Դաշնակցությունը. Ս. Վ.):

Մենք (այսինքն Դաշնակցությունը) եղել ենք «անկարող, պետական գործերը վարելու անձեռնահաս»: «Պետական մարդիկ չէինք մենք», այսինքն՝ Դաշնակցությունը պետական կուսակցություն չէր: «Երախտապարտ պիտի լինինք բոլշևիկներին. խորտակելով մեզ՝ նրանք, եթե չասեմ փրկեցին, գեթ ավելի ապահով վիճակի մեջ դրեցին մեր կյանքի գործը»: Բոլշևիկները «ինձ պես ու իմ չափ հայ մարդիկ են»: «Մի՞թե մենք երբևիցէ կարծել ենք, թե կարող ենք կազմել իսկապես անկախ պետություն»: «Հայաստանը պիտի դաշնակցի Խորհրդային Ռուսաստանի հետ»: «Բոլշևիկները պետք են Հայաստանին»: «Հ. Յ. Դաշնակցությունը այլևս անզոր ու անպետք գործիք է իր կյանքի դատը՝ հայ ժողովրդի քաղաքական ազատագրության գործը վարելու համար. նա պետք է վերանա ասպարեզից ու տեղ տա հայ բոլշևիկներին»: «Դաշնակցական կազմակերպությունը… դատապարտված է մահվան (ավելի ճիշտ՝ մեռած է արդեն)»…

Ես դիտմամբ իր իսկ բառերով առաջ բերի Քաջազնունու զանազան տեղեր և տարբեր ժամանակներում արտահայտած կարծիքներն ու դատողությունները, առանց իմ կողմից որևէ մեկնություն ավելացնելու: Թո՛ղ ընթերցողը ինքը դատի, թե արդյոք «հինն» ու «նորը» Քաջազնունու մտածողության մեջ եղե՞լ է միշտ նույնը, արդյո՞ք այսօր էլ Քաջազնունին մտածում է ճիշտ այնպես, ինչպես մտածել է Հայաստանում, Թավրիզում, Եգիպտոսում կամ Պոլսում…