Խորհրդային Հայաստանի կրթության նախկին փոխնախարարը Բաքվում խմբագրել է «Հայոց լեզու» ձեռնարկը

1775

Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրատարակել է «Հայոց լեզու» ուսումնական ձեռնարկը։ Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ գիրքը նոր հնարավորություններ է բացում տեղեկատվական պատերազմի պայմաններում աշխատող ադրբեջանցի մասնագետների համար:

Գիրքը բաղկացած է 4 բաժնից՝ հնչյունաբանություն, ձևաբանություն, բառակազմություն և շարահյուսություն:

Գրքի հեղինակը քաղաքական գիտությունների դոկտոր Հաթամ Ջաբբարլըն է, խմբագիրներն են՝ պատմական գիտությունների թեկնածու Իսրաֆիլ Մամեդովը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սարլան Հասանովը, Սոհբաթ Մամեդովը և Թահիրա Ջաբբարլըն:

Իսրաֆիլ Մամեդովին Երևանում՝ գիտության և կրթության շրջանակներում, հավանաբար հիշողներ կլինեն: Նա Հայաստանից հեռացած վերջին ադրբեջանցիներից է, մինչև 1980-ական թվականների վերջերը եղել է Խորհրդային Հայաստանի կրթության փոխնախարար և միաժամանակ “Սովետ Էրմենիստանի” ադրբեջաներենով թերթի գլխավոր խմբագիր: Հիմա շատերը, հատկապես նոր սերունդը, հավանաբար չգիտի, որ Խորհրդային Հայաստանի ավելի քան 160 հազար ադրբեջանցիները, որոնք ամենամեծ ազգային փոքրամասնությունն էին, հանրապետական “Սովետ Էրմենիստան” օրաթերթից բացի ադրբեջաներենով տեղական թերթեր ունեին մի քանի շրջաններում նաև:

Ժամանակին Մամեդովը գրում էր հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության մասին: Բաքու տեղափոխվելուց հետո նա գրում է հոդվածներ և գրքեր “ադրբեջանցիների տառապանքների մասին, որ նրանք ենթարկվել են Խորհրդային Հայաստանում”: Նա հեղինակն է “Об истории, исконной земле и горькой судьбе азербайджанцев, изгнанных из нынешней Республики Армения” (“Պատմության, բնիկ հողի և այսօրվա Հայաստանի Հանրապետությունից քշված ադրբեջանցիների դառը ճակատագրի մասին”) հատորի:

Գիրքը ծայրից ծայր կեղծիք է: Մամեդովը ոչ միայն գրել է Խորհրդային Հայաստանի ադրբեջանցիների մասին, այլ իր գիրքը սկսել է հնագույն ժամանակներից և Ուրարտուի բնակիչներին համարել թուրքեր և ադրբեջանցիներ: Բնականաբար, ադրբեջանական են որակվել նաև Երևան քաղաքն ու Արարատյան դաշտավայրը, իսկ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջանն է: Ուշագրավ է, որ հայերենին քաջատեղյակ Մամեդովը իր գրքում գերազանցապես հղումներ է անում հայ պատմիչներին և հեղինակներին, իսկ ադրբեջանական ամենավաղ շրջանի աղբյուրը, որին նա հղում է անում, Զիա Բունյաթովն է՝ 1960-90-ական թվականների ամենահայտնի ադրբեջանցի կեղծարարը: