«Զօրավար Անդրանիկ». առաջին կանգառը՝ Գյումրի

6279

«Հանուն Գյումրու և գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպությունը և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը երկուշաբթի օրը, հունիսի 8-ին, ժամը 16.00-ին Գյումրիում կներկայացնեն Եղիշէ Քաջունու  “Զօրավար ԱնդրանիկՀայկական առանձին հարուածող զօրամասը” օրագրությունը:

Այս գրքի վերահրատարակությունը նվեր է զորավարի 150-ամյակին: Հայաստանում 2015-ը անվանվել է Անդրանիկի տարի։ 150 տարի առաջ՝ 1865 թվականի փետրվարի 25-ին, Շապին Գարահիսարում ծնվել է զորավարը:

Հատորի առաջին շնորհանդեսը պատահական չէ, որ կազմակերպվում է Գյումրիում: Հենց այս քաղաքում 1918-ի գարնանը կազմավորվեց Հայկական առանձին հարվածող զորամասը, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկը: Զորամասը, որ կազմված էր շուրջ 1.500 արևմտահայերից, իր առաջին զորահանդեսը անցկացրեց հենց այս քաղաքում, որը այն ժամանակ կոչվում էր Ալեքսանդրապոլ:

Զորավար Անդրանիկի մասին գրվել են բազմաթիվ հատորներ, սակայն Եղիշե Քաջունու այս օրագրությանը ծանոթ չէ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը: Զորավարը իր զինվորների և շուրջ 20.000 արևմտահայ գաղթականության հետ մեկ տարվա ընթացքում անցավ Գյումրի (Ալեքսանդրապոլ)-Տաշիր (Վորոնցովկա)-Ստեփանավան (Ջալալ Օղլի)-Դսեղ-Դիլիջան-Սևան (Ելենովկա)-Գավառ (Նոր Բայազետ)-Մարտունի (Ղարանլուղ)-Վարդենյաց լեռներ (Սելիմ) -Եղեգնաձոր (Քեշիշքենդ)-Նախիջևան-Ջուղա (Ջուլֆա)-Խոյ-Ջուղա-Նախիջևան-Քաջարան-Կապան-Գորիս-Բերձոր (Աբդալլար)-Գորիս-Սիսիան-Արարարտ (Դավալու)-Մասիս-Էջմիածին ճանապարհը։

Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։ Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը։

Անդրանիկը և իր զորքը կարևոր դեր կատարեցին Զանգեզուրը Հայաստանի մաս պահելու գործում։ Բրիտանացիները, ովքեր մինչև 1919-ի վերջերը իշխում էին Անդրկովկասում, որոշել էին Զանգեզուր-Արցախը կցել Ադրբեջանին, փոխարենը Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը առաջարկում էին Նախիջևանն ու Կարսը։

Այս գիրքը՝ “Զօրավար ԱնդրանիկՀայկական առանձին հարուածող զօրամասը”, պատմում է իրական Անդրանիկի մասին՝ առանց փառաբանման ու ֆետիշացման: Այս գրքում Անդրանիկը ներկայացվում է որպես պարզ մարդ, պարզ հայ, պարզ արևմտահայ։

Այսպիսով, երկուշաբթի օրը, հունիսի 8-ին, ժամը 16.00-ին, հանդիպում ենք Գյումրիի «Հանուն Գյումրու և գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպության գրասենյակում:

Գիրքը կներկայացնի լրագրող, ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Վերջում կլինի հյուրասիրություն:

Լուսանկարում. Գյումրին՝ Ալեքսանդրապոլը ցարական ժամանակներում, 1870-ական թթ.