Հայոց ցեղասպանության թանգարանը՝ վերակառուցված, նոր ու բացառիկ ցուցադրությամբ

1507

Ապրիլի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը, հաղորդում է թանգարան-ինստիտուտի կայքը (http://www.genocide-museum.am/arm/21.04.2015-newmuseum-opening.php):

Նախագահին, բարձրաստիճան հյուրերին, թանգարանի մեկենասներին և մյուս ներկաներին ողջունել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա երախտագիտություն է հայտնել Սերժ Սարգսյանին, թանգարանի բարերարներին՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանին, «Սպարտակ» ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արմեն Շահազիզյանին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, Տիգրան Քալաջյանին, ՀՀ Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմին:

Դեմոյանը հյուրերին ներկայացրել է թանգարանի նոր ցուցադրությունը: Հյուրերի համար պատրաստված էր նաև անակնկալ. երեք նվիրատուներ թանգարանին նվիրաբերեցին բացառիկ ցուցանմուշներ: Կատերինա Յամադան թանգարանին է նվիրել բրնձով լցված ապակե շիշ՝ Ցեղասպանությունից հետո Մերձավոր Արևելքի որբանոցներից մեկում երեխաների համար նախատեսված օրական պարենի չափով, որի բավարար չլինելու պատճառով կոմիտեն ստիպված մերժել է ընդունել հազարավոր երեխաների: Շշի վրա կա գրություն՝ «Օգնություն հայ որբերին»: Հյուրերից Յուսի Բյորը նվիրել է իր տատիկի՝ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյորնի օրագիրը և կնիքը, իսկ Սոսի Հաբեշյանը՝ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի դրամապանակը և լուսանկար՝ որբերին խնամելիս:

Սերժ Սարգսյանը թանգարանին նվիրել է բացառիկ հատոր՝ «Գրիգորի Նարեկայ Վանից վանականի Մատեան Ողբերգութեան, Ի Կոստանդնուպօլիս, 1850» գիրքը: Գրքի տիտղոսաթերթին հայերեն ձեռագիր տեքստ կա, որից հայտնի է դառնում, որ այն գնվել է Սեբաստիայի փողոցներից մեկում սեբաստահայության տեղահանության ժամանակ: Գնորդը` Երվանդ Սերայտարյանը, թողել է հետևյալ գրությունը. «Սեբաստիա, 15 Յուլիս 1915, գնեցի փողոցին տեղահանութեան ժամանակ 12 ղրշի: Աստուած ամենակարող տուր մէզի օրհնութիւններդ եւ մէզի ողորմեա եւ մէզի շնորհէ գամքիդ բարիքներդ, Ամէն. Երուանդ Թ. Սէրայտարեա»: Գիրքը պատկանել է Կարապետ Չաթրջյանի ընտանիքին:

Ի հավելումն

Հայոց ցեղասպանության թանգարանը կառուցվել է 1990-ական թթ. առաջին կեսին, բացումը տեղի է ունեցել 1995թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-ամյա տարելիցին: Ժապավենը կտրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա կողքին էին Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը (այսօր՝ Սահմանադրական դատարանի նախագահ) և թանգարանի տնօրեն (հանգուցյալ) Լավրենտի Բարսեղյանը: Ներկա էին Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը (նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան):

Թանգարան ունենալու անհրաժեշտության մասին հրապարակավ և հայկական մամուլում առաջինը արտահայտվել է հանգուցյալ Վլադիմիր Մովսիսյանը (այն ժամանակ՝ Հայկոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար) դեռ 1990-ի ապրիլին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 75-ամյակը: