Հայահավաքից մինչև հայաթափում

1300

Հայկական միջնաշխարհը՝ Արարատյան բարեբեր դաշտավայրը և նրա շրջակայքը, որոնք այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասն են կազմում, հայ ժողովրդի չորսհազարամյա պատմության ընթացքում մի քանի անգամ հայազրկվել կամ հայերից նոսրացել են օտար նվաճողների ասպատակությունների պատճառով:

Հայաստանի մայրաքաղաքներից միայն երկուսը՝ Վան-Տուշպան և Տիգրանակերտն են, որոնք չեն գտնվել Արարտյան դաշտավայրում կամ նրան մոտ տարածքներում: Մյուսները գտնվել են կա՛մ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում, կա՛մ եզրին: Ահա դրանք ըստ հերթականության՝ Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան: Այս իրողությունը ցույց է տալիս, թե որքան կենսական նշանակություն է ունեցել Արարատյան դաշտավայրը հայ ժողովրդի համար: Այսօր էլ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծագույն մասը՝ շուրջ երկու միլիոն հայեր, բնակվում է մայրաքաղաք Երևանում կամ շրջակա տարածքներում:

1600-ական թթ. սկզբներին Պարսից Շահ Աբաս թագավորը Կարսից մինչև Նախիջևան ընկած տարածքների հայ բնակչության մեծագույն մասին ստիպողաբար գաղթեցրեց դեպի Պարսկաստանի խորքերը: Նախքան Շահ Աբասը Արարատյան դաշտավայրը և նրա բնակչությունը ենթարկվել էին արաբների, թուրք-սելջուկների, մոնղոլ-թաթարների, կարակոյունլու և աղկոյունլու թուրքմենական ցեղերի ասպատակություններին, սակայն Շահ Աբասն էր, որ հայությունից գրեթե ամայացրեց հայկական միջնաշխարհը՝ Արարատյան բարեբեր դաշտավայրն ու շրջակա հողերը:

Միայն 1828-ից հետո, երբ պետականություն չունեցող Արևելյան Հայաստանի տարածքները անցան Ռուսաստանի տիրապետության տակ, կրկին հայերը սկսեցին հավաքվել Արարատյան դաշտավայրում: Այսպես՝ 1916թ. ռուսական մարդահամարի տվյալներով՝ Երևանի նահանգում բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 1,120 միլիոն, որի 60 տոկոսը կամ 670 հազարը հայեր էին, մյուս 40 տոկոսը՝ հիմնականում մահմեդականներ՝ թաթարներ (ազերիներ), թուրքեր, պարսիկներ և քրդեր:

Հայաստանի Առաջին Հանրապետության երկուսուկես տարիների ընթացքում ճշգրիտ մարդահամար չի անցկացվել, սակայն ընդունված է ասել, որ 1918-1921 թթ. Հայաստանն ունեցել է շուրջ մեկ միլիոն բնակչություն՝ հայեր և այլազգիներ:

1921-1991 թթ. Հայաստանը խորհրդային հանրապետություն էր: 1922թ. դեկտեմբերի 30-ին Խորհրդային Հայաստանը Խորհրդային Վրաստանի և Խորհրդային Ադրբեջանի հետ կազմավորեց Անդրֆեդերացիան, որը՝ որպես տարածքային մեկ ընդհանուր միավորում՝ Թիֆլիս վարչական կենտրոնով, մաս կազմեց Խորհրդային Միությանը: 1936թ. Անդրֆեդերացիան լուծարվեց, իսկ երեք հանրապետություններն արդեն որպես առանձին միավորներ մաս կազմեցին ԽՍՀՄ-ին:

Խորհրդային Միության տարիներին Հայաստանում անցկացվել է վեց մարդահամար՝ առաջինը 1926թ., ապա 1939թ., 1959թ., 1970թ., 1979թ. և վերջինը՝ 1989թ.: Այդ մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ Խորհրդային Հայաստանում յոթ տասնամյակների ընթացքում հայության թիվն ավելացել է մոտ չորս անգամ: Հավանաբար դժվար է գտնել հայոց պատմության մեկ այլ ժամանակահատված, երբ հայերի թվաքանակը 70 տարվա ընթացքում չորս անգամ ավելացած լինի՝ ընդամենը 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա անցնելով երեք միլիոնից:

1926թ. մարդահամարի տվյալներով՝ Խորհրդային Հայաստանում բնակչության թիվը 1 միլիոնից պակաս էր՝ շուրջ 900 հազար, որից հայության թիվը մոտ 744 հազար էր կամ բնակչության գրեթե 85 տոկոսը: Հայերից հետո երկրորդ տեղում մահմեդականներն էին՝ ազերիներն ու քրդերը՝ բնակչության մոտ 10 տոկոսը:

Խորհրդային Հայաստանի երկրորդ՝ 1939թ. մարդահամարի տվյալներով՝ հանրապետությունում բնակչության թիվը կազմեց 1,282 միլիոն, որից հայերը՝ 1,062 միլիոն:

Խորհրդային Հայաստանը մեծ մասնակցություն ունեցավ Երկրորդ աշխարհամարտին՝ տալով ավելի քան 250 հազար զոհ, սակայն բնակչության թիվը չնվազեց: 1959թ. մարդահամարի տվյալներով՝ Խորհրդային Հայաստանում բնակչության թիվը հասավ 1,763 միլիոնի, որից հայերը՝ 1,552 միլիոն: Այստեղ պետք է շեշտել, որ Խորհրդային Հայաստանի ամենադժվարին տարիներին տեղի ունեցավ շուրջ 100 հազար սփյուռքահայերի ներգաղթ Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Հունաստանից ու բազմաթիվ այլ երկրներից: Խորհրդային Հայաստանում բնակություն հաստատեցին նաև հազարավոր հայեր ԽՍՀՄ տարբեր շրջաններից՝ Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից:

1970թ. մարդահամարի տվյալներով՝ Խորհրդային Հայաստանում բնակչության թիվը գրեթե 2,5 միլիոն էր, որից հայերի թիվը՝ 2,2 միլիոն: Առաջին անգամ Խորհրդային Հայաստանում բնակչության թիվը երեք միլիոնն անցավ 1979թ.: Այդ տարվա մարդահամարի տվյալներով՝ հայերի թիվը կազմեց ավելի քան 2,7 միլիոն, մոտավորապես այնքան, որքան Հայաստանի բնակչությունն է այսօր՝ 2013թ.:

Խորհրդային Հայաստանում վերջին մարդահամարը անցկացվեց 1989թ., երբ ԽՍՀՄ-ը գնում էր դեպի փլուզում, երբ սկսվել էին հայ-ադրբեջանական ընդհարումներն ու ժողովուրդների ստիպողական տեղաշարժերը: Ըստ այդ մարդահամարի տվյալների՝ Հայաստանում բնակչության թիվը 3,3 միլիոն էր:

Հայաստանի 1991թ. անկախությունից ի վեր անցկացվել է երկու մարդահամար՝ 2001թ. և 2011թ.: Ըստ 2001թ. մարդահամարի՝ Հայաստանի բնակչության թիվը 3,4 միլիոնից ավելի էր: Այս թիվը չէր կարող իրականությանը մոտ լինել, քանի որ հարյուր-հազարավոր հայաստանցիներ, որոնք նախորդ 10 տարիներին հեռացել էին Հայաստանից, շարունակում էին հաշվառված մնալ Հայաստանում: Ըստ որոշ տվյալների՝ 2001թ. Հայաստանի բնակչության թիվը պետք է 3 միլիոնից պակաս լիներ:

2001-2008 թթ., երբ Հայաստանի տնտեսությունն աճում էր երկնիշ թվերով, արտագաղթը, կարելի է ասել, գրեթե դադարեց: Սակայն 2008-ից, երբ Հայաստանի տնտեսությունը դանդաղեց, ապա և արձանագրեց գրեթե 15 տոկոս տնտեսական անկում, սկսվեց արտագաղթի նոր ալիք: 2011թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում հաշվառված բնակչության թիվը (ինչպես ներկաները, այնպես էլ հանրապետությունից բացակայողները) 3,285 միլիոն էր, որից Հայաստանում բնակվում էր շուրջ 2,871 միլիոնը:

Լրջագույն մարտահրավեր

Այսօր Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներից է երկրի ժողովրդագրական վիճակը, ավելի հստակ՝ հանրապետությունից բնակչության չդադարող արտագաղթը: Եթե Հայաստանը շրջափակված չլիներ ոչ բարեկամ երկրներով, չլիներ Արցախի հարցը, իսկ հայկական բանակը չունենար համալրման խնդիր, ապա, հավանաբար, ժողովրդագրական վիճակը չէր հայտնվի հայկական լրատվամիջոցների ու երկրի ապագայով մտահոգ պետական, հասարակական-քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Այսօր Հայաստանի ժողովրդագրական պատկերը ազգային անվտանգության խնդիր է առաջին հերթին:

Նախագահական գալիք ընտրությունները, որքան էլ դրանք ձևական բնույթ ունենան, թեկնածուների համար լավ առիթ է, որպեսզի բարձրաձայնեն արտագաղթի թեման: Հայաստանից չդադարող արտագաղթի իրողությունը (որքան էլ պաշտոնական շրջանակները պնդեն, թե արտագաղթը մտահոգիչ չափերի չի հասել) նաև Սփյուռքի օրակարգի առաջնային հարց պիտի լինի: Հայաստանից շարունակվող արտագաղթի թեման Սփյուռքի օրակարգային ոչ պակաս կարևոր խնդիր պետք է լինի, այնպես, ինչպես հայ-թուրքական հարաբերությունները, Հայոց ցեղասպանության կամ Արցախյան հակամարտության խնդիրները:

Թաթուլ Հակոբյան, 16 հունվար, 2013թ

Այս գրությունը լույս է տեսել ՍիվիլՆեթ կայքում՝ 2013թ հունվարի 16-ին