Տավուշի անկլավային և սահմանակից յոթ գյուղերը, որոնք 1992-ից հայկական վերահսկողության տակ են

19555

2020 թվականի նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Վլադիմիր Պուտին հայտարարության առաջին տեքստում, որ հրապարակվեց լրատվամիջոցներում, հստակ նշվում էր, որ հայկական ուժերը պետք է դուրս գան նաև Ղազախի շրջանի այն 7 բնակավայրերից, որոնք 1991-1994 թթ պատերազմի արդյունքում անցել էին հայկական վերահսկողությա տակ:

Համացանցում տարածված փաստաթուղթ ներկայացվում էր որպես եռակողմ հայտարարության վերջնական տեքստ։ Կարճ ժամանակ անց պաշտոնապես հրապարակված հայտարարության մեջ այլևս չկար այդ մասին որևէ խոսք։ Ղազախի շրջանի գյուղերի վերադարձի մասին հայտարարել էր նաև Իլհամ Ալիևը։ Ռուսական «Մեդուզա» լրատվական կայքում պահպանվել է այդ սկզբնական տեքստը, որը, սակայն, հետո խմբագրվել է։

Այսպիսով, եռակողմ հայտարարության նոր՝ խմբագրված տեքստում 7 գյուղերի մասին՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու, հատվածը հանված էր:

Հայկական կողմը, որին պարտադրվել էր եռակողմ հայտարարության տեքստը, կարողացել էր այդ հատվածը հանել փաստաթղթից:

Եթե դա իրականություն դառնար, ապա Իջևանից Նոյեմբերյան ճանապարհը, որ Երևան-Թբիլիսի և դեպի Ռուսաստան տանող ճանապարհն է, անցնելու էր ադրբեջանական վերահսկողության տակ:

Վերջին օրերին հատկապես՝ Նոյեմբերյանում տարածվում էին տեղեկություններ, որոնք գալիս էին Երևանից, թե Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում սպասվում է սահմանազատում և սահմանագծում:

2021թ մարտի 7-ին մենք այցելեցինք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար (Աշաղը Աքսիպարա) (տես տեսանյութը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանաբերան․ փշալար Ոսկեպարի հատվածում), Վերին Ոսկեպար (Յուխարը Աքսիպարա) (տես տեսանյութը՝ Վերին Ոսկեպար. 7 մարտի, 2021), Խեյրիմլի, Սոֆուլու և Բարխուդարլու (տես տեսանյութը՝ Բարխուդարլու․ անկլավային բոլորը գյուղերը Հայաստանի վերահսկողության տակ են):

Տեղում մենք պարզեցինք, որ չեն երևացել ոչ ռուսներ, ոչ ադրբեջանցիներ, ինչպես եղել են հրապարակումներ լրատվամիջոցներում: Այդ ապատեղեկատվությունը տարածել էր Հայաստանի նախկին վարչապետներից Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում: Պարոն Բագրատյանը գրել էր.

Հենց այս պահին ադրբեջանցի “խաղաղապահ” զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ “քաղաքավարի” ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ։ Հիշեցնում եմ, հայ-ադբեջանական սահմանի այս հատվածում ոչ մի պատերազմ չի եղել։ Այն այնպիսին է, ինչպես առաջ էր։ Կա Բարխուդարլի կայարանի խնդիր։ Բայց Ադբեջանն էլ մեզնից գրավել էր Բարխուդարլուից մի 20 անգամ ավելի մեծ տարածք՝ Արծվաշենը։ Բնական է, Արծվաշենը մեզ ետ տալու մասին խոսք չկա։ Հիմա Նիկոլը դավաճան է և ադբեջանա-թուրքական գործակալ. սա հասկացանք։ Բայց այս դեպքում խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունն է։ Եվ դրա երաշխավորը ՀՀ Նախագահն է։ Քանի դեռ այդ հողերը թուրքը չի վերցրել թող այս սրիկափալասը գնա Իջևան և մեր զորքերին ասի. համաձայն չեմ, ձեր դիրքերը մի զիջեք։ Ի դեպ Արմեն Փալասովիչ դավաճան սահմանը հենց այս պահին GPS-ով են որոշում։ Ասում էիր, իհարկե ուշացած, թե GPS-ով չի կարելի համաձայնել։ Դե գնա մի թող։ Կրկնում եմ, սահմանադրությամբ էլ սա քո գործառույթն է։ Մնում է այս ամենի կապակցությամբ հիշատակենք ևս 3 դավաճանի. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ՊՆ Վաղարշակ Հարությունյան և Տավուշի մարզպե Հայկ Չոբանյան։
Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան ստատուսը մի քանի ժամերի ընթացքում ունեցել էր մոտ 500 կիսում:
Սա ադրբեջանական կողմի հրապարակած քարտեզ է, որտեղ երևում են ադրբեջանական գյուղերը.

ղազախ

Ներկայացնենք այդ 7 գյուղերը և բնակչության թվաքանակը, երբ հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրին դրանք (ըստ ադրբեջանական աղբյուրի, հայկական աղբյուրի տվյալներ չկան).

Յուխարը Աքսիպարա – 1.283 հոգի,

Աշաղը Աքսիպարա – 637 հոգի,

Բաղանիս-Այրում – 615 հոգի,

Բարխուդարլու – 383 հոգի,

Խեյրիմլի – 291 հոգի,

Կըզըլ Հաջիլի – 266 հոգի,

Սոֆուլու – 182 հոգի:

Մի քանի տարի առաջ մենք նաև փաստագրական ֆիլմ ենք նկարել անկլավների՝ նախկին ադրբեջանական այդ 7 գյուղերի և Արծվաշենի մասին:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին 7-րդ դարի եկեղեցին, Ոսկեպար գյուղի՝ 80-ական թթ կառուցված և կիսավարտ մնացած տները և Աշաղը Աքսիպարա գյուղը