Հայերը Աջարիայում՝ նրանք ունեն օգնության եւ ուշադրության կարիք. 2008թ օգոստոս

2442

63-ամյա Մարտին Խումարյանը բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտել է Երեւանում, եւս 14 տարի աշխատել է Հայաստանում, ապա կրկին վերադարձել Բաթում: Նա կարոտով է հիշում 50-60-ական թթ., երբ Աջարիայում հայերի թիվը անցնում էր 30 հազարից, ինքնավար հանրապետության վարչական կենտրոնում ամենուր լսելի էր հայերենը: Միայն Բաթումում հայկական չորս դպրոց կար, որոնցից, այսօր փաստացի եւ ոչ մեկը չի մնացել: Խումարյանը ասում է, որ հայերը Աջարիայից սկսեցին հեռանալ, հիմնականում` Ռուսաստան, դեռ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին, ապա եւ 90-ական թթ.: Արտագաղթը շարունակվում է նաեւ այսօր, մի քանի տարի անց շատ սակավ հայեր կմնան Աջարիայում:

Հայերը Բաթումում եւ Սեւ ծովի աջարական ափերին հաստատվել են մոտ 200 տարի առաջ: 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո հազարավոր հայեր Արդվինից, Մուշից, Բաբերդից, Արեւմտյան Հայաստանի այլ վայրերից գաղթեցին Ռուսական կայսրության տարբեր հատվածներ, այդ թվում եւ Աջարիա: Ներգաղթողների մի մասը կաթոլիկ հայեր էին, որոնք մինչեւ այսօր էլ պահպանել են կաթոլիկությունը, սակայն համայնքի ակտիվ անդամներ են եւ հաճախ էլ պատարագներին մասնակցում են միակ հայկական` Սուրբ Փրկիչ եկեղեցում:

Սուրբ Փրկիչը, որը կառուցվել է 19-րդ դարի վերջերին հայ մեծահարուստ  եւ բարերար Մանթաշովի գումարներով, խորհրդային տարիներին ծառայում էր որպես աստղադիտարան: 1992 թ., երբ Խորհրդային հանրապետություններն անկախություն ձեռք բերեցին, Սուրբ Փրկիչը վերադարձվեց Աջարիայի հայ համայնքին: Այն վերանորոգվեց տեղի եւ Սփյուռքի հայության նվիրատվություններով: Փաստացի, այսօր Սուրբ Փրկիչը միակ հայկական հաստատությունն է, որը համախմբում է Բաթումի հայությանը:

Հայաստանի հյուսիսային հարեւան Վրաստանում բնակվում են շուրջ 250 հազար հայեր, որոնք հիմնականում կենտրոնացած են Ջավախքում, մայրաքաղաք Թբիլիսիում, Ծալկայի շրջանում: Աջարիայում այսօր հայերի թիվը տարբեր հաշվումներով հասնում է հինգից վեց հազարի: Բացի վարչական կենտրոն Բաթումը, հայեր բնակվում են նաեւ Քոբուլեթի եւ Չակվի քաղաքներում, ինչպես նաեւ հատուկենտ հայկական ընտանիքներ` ինքնավար հանրապետության գյուղական բնակավայրերում:

Աջարիայի հայոց հոգեւոր հովիվ Տեր Կիրակոս աբեղա Դավթյանն ասում է, որ Բաթումի հայության մեծ մասը այսօր ռուսախոս է, ինչի պատճառով, երբեմն հարկ է լինում եկեղեցական արարողությունների ժամանակ հայության հետ հաղորդակցվել հենց ռուսերեն լեզվով: Կարելի է ասել, որ Աջարիայում հայկական դպրոց չկա, եթե հաշվի չառնենք վրացական դպրոցներից մեկում հայկական բաժինը, որտեղ սովորում է ընդամենը 32 աշակերտ:

Բաթումի հայերը, որոնք գերազանցապես ռուսախոս են, իրենց երեխաներին նախընտրում են տալ ռուսական, երբեմն էլ` վրացական դպրոց: Որպեսզի հայությունը սովորի հայոց լեզուն, եկեղեցուն կից բացվել է կիրակնօրյա դպրոց, որտեղ հաճախում են տարբեր տարիքի` 8-ից մինչեւ 60 տարեկան հայեր: Տեր Կիրակոս աբեղա Դավթյանի խոսքերով` անցած տարի այդ դպրոցում հայոց գիրը սովորել եւ այժմ, թեեւ ցածր մակարդակով, բայց հայերեն խոսել են սովորել 56 ռուսախոս հայեր: Այս տարի մեսրոպյան այբուբենը սերտում են դպրոցի մոտ հինգ տասնյակ այցելուներ:

Սուրճի բիզնեսով զբաղվող Սմբատ Թոփբաշյանը Բաթումի հայ համայնքի ակտիվ անդամներից է: Նա վստահ է, որ վրացական դպրոցի հովանու տակ գործող եւ ընդամնեը 32 աշակերտ ունեցող հայկական բաժինը փակվելու է, քանի որ հայ ծնողները այլեւս չեն ցանկանում իրենց երեխաներին ուղարկել մի դպրոց, որը չունի ոչ կարգին մանկավարժներ եւ ոչ էլ` ապագա: Թոփբաշյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի Աջարիայի հայությանը, եթե ցանկանում է տեսնել հայության շարունակական ներկայություն մի տարածքում, որը ռազմավարական իմաստով կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար:

Մի քանի ամիս առաջ Աջարիայում բացվել է Հայաստանի հյուպատոսություն: Վրաստանի Սեւծովյա ափամերձ այս շրջանը Հայաստանի համար կարեւորվում է մի քանի պատճառներով: Նախ, այստեղ ամեն տարի իրենց հանգիստն են անցկացնում մի քանի տասնյակ հազար հայաստանցիներ: Երկրորդ, Բաթումի նավահանգստով են Հայաստան ներկրվում եւ Հայաստանից արտահանվում ապրանքների հիմնական հատվածը: Քանի որ Հայաստանը չունի ծովի հետ սահման, իսկ երկու կողմից` Թուրքիայից եւ Ադրբեջանից շրջափակված է, մեր երկիրը արտաքին աշխարհի հետ շփվում է հիմնականում Վրաստանով եւ նրա Բաթում նավահանգստով:

Թոփբաշյանի ասելով` քանի որ ե’ւ Հայաստանի, ե’ւ Վրաստանի իշխանությունները անտեսում կամ ուշադրություն չեն դարձնում Աջարիայի հայության խնդիրներին, հայերին այլ ընտրություն չի մնում, քան բնակույթան այլ վայրեր փնտրելը աշխարհի տարբեր անկյուններում:

ՙԱյն թաղամասում, որտեղ ես եմ ապրում, ժամանակին մոտ 40 տոկոս հայություն կար: Հիմա միայն մեր ընտանիքն է մնացել: Հայերը հեռացել են հիմնականում Ռուսաստան կամ եվրոպական երկրներ, շատ քիչ քանակով` նաեւ Հայաստան՚, ասում է նա:

Արդեն մի քանի տարի է Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ ամառային հանգիստն անց են կացնում Սեւ ծովի ափամերձ հատվածում` Բաթումում, Քոբուլեթիում, Սարպիում: 2006 թ. մոտ 55 հազար հայաստանցի է հանգստացել Աջարիայի սեւծովյան ափերին, 2007-ին` մոտ 70 հազար: Այս տարի սպասվում էր 100 հազար, սակայն օգոստոսի 8-ին սկսված եւ մոտ մեկ շաբաթ շարունակված վրաց-ռուսական պատերազմը շատ հայերի ստիպեց ավելի հանգիստ ու անվտանգ ափեր որոնել:

Որքան էլ զարմանալի լինի` այսօր Հայաստանի քաղաքացու համար 10-օրյա հանգիստը Վրաստանում շատ ավելի էժան է, քան հենց Հայաստանում` Սեւանում, Ծաղկաձորում, Ջերմուկում կամ հանգստյան այլ վայրում: Հայաստանում կարող են հանգստանալ հիմնականում հարուստ հայերը, ինչպես նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնց Հայաստան է բերում առաջին հերթին հայրենիքի կարոտը:

Ամեն տարի տասնյակ հազարավոր Հյաստանի քաղաքացիներ` հիմնականում միջին խավի ընտանիքներ, միլիոնավոր դոլարներ են ծախսում հարեւան երկրում այն դեպքում, երբ այդ գումարները կարելի էր ծախսել հենց մեր երկրում: Բայց դու չես կարող մարդուն ստիպել, որ նա հայրենասիրական զգացմունքներից ելնելով, ասենք 1000 դոլար ծախսի Սեւանի ափին, երբ նույն այդ քաղաքացին կարող է ավելի փոքր գումար ծախսելով` ամառային հանգիստն անցկացնել Սեւ ծովի ափին:

Բաթումի հայ բնակիչներից Հովհաննես Հովսեփյանը հիշում է, որ Խորհրդային տարիներին Հայաստանից շատ քչերն էին հանգստանում Սեւ ծովի աջարական ափերին, քանի որ այն ժամանակ սահմանները բաց էին եւ հայերը նախընտրում էին Սեւ ծովի ավելի գրավիչ ափեր` Սոչի, Պիցունդա, Գագրա: Այսօր սակայն, Հայաստանի քաղաքացիները նախընտրում են  Աջարիան, քանի որ Հայաստանից ընդամենը 400 կմ է հեռու, համեմատաբար էժան է, կարելի է առանց տրանսպորտ փոխելու Երեւանից Բաթում հասնել ուղղակի միկրոավտոբուսներով կամ գնացքով, որն աշխատում է միայն ամառային սեզոնիցն` հունիսից սեպտեմբերի կեսերը:

Չնայած տասնյակ հազարավոր հայեր ամեն տարի հանգիստն անց են կացնում Աջարիայում, տեղի հայության եւ հայաստանցիների միջեւ կապերը մնում են թույլ: Հայաստանցի մեկնած հայերը հիմնականում տեղի հայերի հետ շփվում են, երբ այս կամ այն պատճառով անելանելի վիճակի մեջ են ընկնում:

Բաթումի հայերից Արտյոմ Համբարձումյանը հիշում է այն լավ ժամանակները, երբ ամուր կապեր կային Հայաստանի եւ Աջարիայի հայության միջեւ: Դրանք խորհրդային ժամանակներն էին, երբ Երեւանից Աջարիա հյուրախաղերի էին մեկնում տարբեր մշակութային խմբեր:

Տեր Կիրակոս աբեղա Դավթյանը փորձում է վերականգնել այդ կապերը: Աջարիայի հայոց հոգեւոր հովիվը անցյալ տարի կարողացել է կազմակերպել ՙՀայեր՚ համույթի ելույթը Բաթումում: Սուրբ Փրկիչ եկեղեցում լսվել են կատարումներ Սայաթ Նովայից եւ Կոմիտասից:

Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքը ֆինանսական եւ բարոյական անգնահատելի աջակցություն է ցույց տվել հայրենիքին: Այսօր, երբ Հայաստանը արդեն լավ թե վատ ոտքի է կանգնում, ժամանակն է, որ Հայաստանն էլ օգնի Սփյուռքին, հատկապես այն գաղութներին, որոնք զգում եմ դրա կարիքը: Աջարիայի հայությունը ունի օգնության եւ ուշադրության կարիք մայր հայրենիքի կողմից:

Թաթուլ Հակոբյան

Բաթում, 2008թ օգոստոս

Այս գրությունը լույս է տեսել Բեյրութի Ազդակ օրաթերթում՝ 2008թ օգոստոսին

Լուսանկարում՝ Բաթումը 20-րդ դարի առաջին տասնամյակներում