1920-ի աշնանը անպատսպար որբեր չէիք տեսնի մեր քաղաքներում ու գյուղերում

1599

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից

——

1920 թվի աշնանը մեր քաղաքների և գյուղերի ավերակները, ճիշտ է, դեռ չէին վերաշինվել, որովհետև նրանց վերաշինությունը ամիսների գործ չէր, այլ երկար տարիների, սակայն հետագա քայքայումը վերջնականապես կանգ էր առել: Գաղթականները վերադառնալով իրենց օջախները կամ հաստատվելով իրենց համար սահմանված վայրերում, այլևս չէին կարող ձեռք ընկած շինությունը ոչնչացնել և անցնել, ինչպես այդ անում էին աստանդական թափառումների ժամանակ: Սրա հետ միասին, չավերված շինությունների տերերը, զգալով, որ անապահովությունը վերացել և կյանքը մտել է բնականոն հունի մեջ՝ արդեն հոգ էին տանում իրենց ստացվածքի նորոգության և պահպանության համար:

Գալով մեր պոզիտիվ (դրական) վերաշինական աշխատանքներին՝ պիտի ասեմ, որ նրանք կենտրոնացած էին հասարակական այն շինությունների վրա, որոնց վերանորոգությունն անհրաժեշտ էր ժողովրդի հաղորդակցության, տնտեսության և կրթության գործերի համար: Այդ շինություններից էին երկաթուղու կայարանները, փոստ-հեռագրատները, արհեստանոց-գործարանները և դպրոցները: Եվ ընդամենը 18-20 ամսվա ընթացքում, այս ավերակ և կիսավեր շինությունները դրվեցին այնպիսի վիճակի մեջ, որ մեր երկաթուղու և փոստ-հեռագրական հաղորդակցությունը կանոնավորվեց մեր երկրի զանազան մասերում, նորից լսվեցին մուրճի ու սղոցի ձայները և մեր տարրական ու միջնակարգ դպրոցների թիվը հասավ աննախընթաց չափերի:

1919թ. աշունքից մինչև 1920թ. աշունը մեր երկիրն ապրեց տնտեսական վերածնության մի հոյակապ շրջան: Շնորհիվ ֆինանսական և երկրագործական նախարարությունների ձեռք առած միջոցների՝ սերմնացուի հայթայթում, դրամական օժանդակություն, անհատական և համայնական նախաձեռնությունների խրախուսում և այլն, և այլն, մեր երկրում, կարելի է ասել, չցանված արտ չմնաց, բանջարաբուծությունը հսկայական զարկ ստացավ և այգեգործությունը վերակենդանացավ:

Հողագործության վերակենդացմանը զուգահեռ, թեև ոչ նրա պես ուժեղ թափով, գնում էր և արդյունագործությունը կամ, ավելի ճիշտ ասած, արհեստագործությունը: Այս տնտեսագործության մղիչ ուժերն էին ոչ միայն պետական վարչությունները՝ խնամատարական նախարարության աշխատանքի բաժանմունք, հաղորդակցության նախարարություն և զինվորական նախարարություն, այլև համայնական հաստատությունները: Սարիղամիշի և Դիլիջանի սղոցարանները տախտակ էին քաշում և փայտեղեն պատրաստում: Խնամատարական նախարարության ատաղծագործարանները այդ փայտեղենից կահավորություն էին շինում և մատակարարում պետական-հասարակական հաստատություններին, իսկ ջուլհականոցները հարյուրավոր աղքատ կանանց աշխատանք տալով՝ մեր երկրի բամբակն օգտագործում էին որբերի և գաղթականների մերկությունը ծածկելու համար: Ռազմական նախարարության փամփուշտի գործարանները, հրետանու և հրացանների նորոգության արհեստանոցները, հաղորդակցության նախարարության գարաժները, դեպոները և գործարանները, ուր նորոգվում էին մեր ջարդ ու փշուր եղած ինքնաշարժները, շոգեմեքենաները, վագոնները, հեռագրական գործիքները և շինվում ավերված կայարանների փայտեղեն մասերն ու կահավորությունը, այս բոլորը մի չտեսնված եռուզեռ էին ստեղծել մեր պետական կյանքում: Հապա Երևանի, Ալեքսանդրապոլի և մյուս վայրերի համայնական վարչությունները, որոնք մեր քաղաքների մեջ գտնված ամեն տեսակի աղտեղություններով լիքը ավերակներից շատերը նորոգել և վեր էին ածել կոշիկի, թանաքի, սապոնի արհեստանոցների և փոքրիկ գործարանների: Հապա մեր արհեստավոր դասակարգը, որ քաղցի և անապահովության մղձավանջից ազատված՝ բացել էր իր փակ արհեստանոցներից շատերը և անհատական նախաձեռնության հողի վրա իր բաժին աշխատանքն էր բերում մեր երկրի վերաշինության համար…

Արհեստագործության հետ միասին և նրանից էլ ավելի մեծ չափով մեր երկրում վերակենդանացել էր առևտուրը: Իտալիայից, Ամերիկայից, Պոլսից և Թիֆլիսից սկսեցին գալ ապրանքներ, որոնց երեսը երկա՜ր ժամանակից ի վեր չէր տեսել հայ ժողովուրդը: Այդ ապրանքները դեպի քաղաքային շուկաները քաշեցին գյուղատնտեսական արտադրությունները՝ յուղ, պանիր, ձուկ, մսացու և այլն, որոնք գյուղացու համար իբրև փոխանակության միջոց էին ծառայում, որով քաղաքների պարենավորման գործը դյուրացավ: Դրա հետ միասին արժեք ստացան գյուղացիների մոտ փտող մեր հում նյութերը՝ բուրդ, բամբակ, կաշի և այլն, որոնք արտասահմանից ներմուծվող ապրանքների գլխավոր փոխարժեքն էին:

Այս և այսօրինակ երևույթների մասին 1919 թվի սկզբին երազել անգամ չէր կարելի: Սակայն 1920 թվի աշնանը նրանք արդեն կատարված իրողություններ էին:

Սակայն միայն մեր երկրի տնտեսակայն կյանքը չէր այս հսկայական փոփոխությունը ներկայացնում, այլև քաղաքական կյանքը: 1920 թվին մեր ժողովուրդն այլևս անկողին չէր մտնում այն ծանր մտահոգությամբ, թե վաղվա օրն ի՛նչ պետք է բերի իր համար, ի՛նչ նոր ներքին ապստամբությունների կամ հակապետական շարժումների արհավիրքներ, որովհետև այդ ժամանակ Հայաստանի բոլոր հակապետական տարրերը չեզոքացված կամ զսպված էին: Մեր երկրի մահմեդականները, որոնք չէին ուզում ճանաչել հայկական իշխանությունը կամ հաշտվել մեր պետականության հետ՝ քշվել էին երկրի սահմաններից դուրս, իսկ նրանք, որ մնացել էին մեր պետության սահմաններում՝ ինչպես Ուլուխանլուն, Երևանի, Աղբաբայի և Կարսի նահանգի սակաթիվ թուրքությունը, ենթարկվում էին մեր պետական կարգերին և մեզ համար այլևս որևէ վտանգ չէին ներկայացնում: Հեռացել էին մեր երկրից նաև ռուս պաշտոնյաները, որոնք անկախ իրենից քաղաքական դավանանքից, բոլշևիզմի գլխավոր նեցուկն էին, որովհետև նրա մեջ իրավամբ տեսնում էին աշխարհակալ Ռուսաստանը, իսկ ռուս գյուղացիները այլևս չէին համարձակվում նախկին արհամարական վերաբերմունքը ցույց տալ մեր պետության հանդեպ:

Ներքին ապահովության այս վերականգնումը իր հերթին հսկայական զարկ տալով մեր երկրի տնտեսական կյանքին, կազդուրելով մեր ժողովուրդը բարոյապես և ֆիզիկապես, և արտակարգ չափով բարձրացնելով մեր զորքի վիճակը, Հայաստանի Հանրապետության համար ստեղծել էր այնպիսի մի վարկ, որ նրան ստիպված էին հաշվի առնել ոչ միայն օտար ազգերն ու պետությունները, այլև մեր արտասահմանյան Ռամկավարները՝ Ազգային Պատվիրակության գլխավորությամբ: Բացի այն, որ մեր անկախությունը de facto կամ de jure (փաստորեն կամ իրավաբանորեն) ճանաչված էր շատ պետությունների կողմից՝ ուշագրավ էր և այն հանգամանքը, որ սրանց ներկայացուցիչներն այլևս մեզ հետ չէին խոսում այն «խնամակալական» տոնով, ինչպես նրանք խոսում էին Քաջազնունու կառավարության հետ, կամ ինչպես ռուս բոլշևիկները խոսում են Հայաստանի այսօրվա վարիչների հետ: Բոլոր պաշտոնական խոսակցությունների և բանկցությունների մեջ զգացվում էր, որ նրանք լիովին գիտակցում են, որ իրենց դեմ կանգնած է մի ուժ, որին հաշվի չառնել այլևս չի կարելի՝ Հայաստանին վերաբերող այս կամ այն խնդիրը կարգադրելիս: 1918 թվի ամռանը Քաջազնունու կազմած կառավարությունը Թիֆլիսից պիտի մեկներ Հայաստան: Վրաց կառավարությունը տեղյակ էր այդ բանին: Սակայն նա ոչ միայն մի հատիկ պաշտոնյա չէր ուղարկել կայարան՝ հարևան երկրի կառավարությանը ողջերթ մաղթելու համար, այլև չէր բարեհաճել կարգադրել, որ փոքր-ինչ վայելուչ գնացք դնեն նրա տրամադրության տակ: 1920 թվականի ամառը նույն այդ վրաց կառավարությունը բոլորովին այլ վերաբերմունք էր ցույց տալիս Հայաստանից Թիֆլիս գնացող հայ նախարարների և մինչև իսկ ավելի ցածրաստիճան պաշտոնյաների հանդեպ: Գալով մեր արտասահմանյան Ռամկավարներին՝ նրանք 1920 թվի աշնանն այլևս չէին հանդգնի ժխտել մեր Հանրապետության իրավասությունը Թուրքահայկական խնդրում և մանավանդ, չէին հանդգնի կոալիցիոն կառավարություն կազմելու համար առաջադրել մեր պետական-պառլամենտական կարգերին չներդաշնակող պայմաններ, ինչպես այդ անում էին 1919 թվին…

Այս վերաշինական, տնտեսակայն և քաղաքական վերելքը՝ ընդամենը 18-20 անսվա ընթացքում, իսկական հեղաշրջում էր առաջ բերել հայ ժողովրդի ֆիզիկական և հոգեկան վիճակի մեջ:

1920 թվի աշնանը դուք այլևս անպատսպար որբեր չէիք տեսնի մեր քաղաքներում ու գյուղերում, որոնց լացն ու կականը սիրտ էին կտրատում: Նրանց աղիողորմ ճիչերին փոխարինել էին բոյ սկաուտների կորովի քայլերգը և ֆուտբոլիստների աղմուկն ու քրքջոցը Երևանի Անգլիական այգում և Ալեքսանդրապոլի պոլիգոնում: Դրա հետ միասին՝ դանակով կտրածի պես՝ դադարել էր մուրացկանությունը: Նախկին մուրացկանությունը, որոնք յուրաքանչյուր քայլափոխում կտրում էին մարդու ճանապարհը՝ ցրվել էին Զանգիբասար, Վետիբասար և Շարուր՝ թուրքերի լքած գյուղերի մեջ, իրենց համար տնտեսություն հաստատելու համար:

Նույն այդ ժամանակ դադարել էին Հայաստանում տարափոխիկ հիվանդությունները, բացի մալարիայից (ջերմատենդ), որ մեր երկրի հին ցավն է և որն արմատախիլ անելու համար տասնյակ տարիների աշխատանք է հարկավոր: Այն հիվանդանոցները, որոնք 1919 թվին բերնեբերան լիքն էին հիվանդներով և մեծ մասամբ գերեզմանատան ճանապարհին ընկած կայանի դեր էին կատարում միայն, 1920 թվին կանոնավոր հիվանդանոցների վիճակ էին ստացել և հաջողությամբ մաքառում էին սովորական հիվանդությունների դեմ: Բեկված, աշխատանքի ընդունակությունը կորցրած, ուրվականի պես շարժվող մարդիկ, որոնցով առաջ լիքն էր մեր երկիրը, այլևս շատ քիչ անգամ էին պատահում: Ամենուրեք զգացվում էր ֆիզիկական կազդուրման և վերածնման թարմ շունչը: