Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է ՀՅԴ երևելի դեմքերից մեկի՝ Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գիրքը, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցութիւնն Անելիք Չունի Այլեւս» զեկուցագիր-գրքի:
Դաշնակցության «նոր ժամկոչը»
V
– «Հրաժարի՛մք ի սատանայէ, բացականչում է դաշնակցականը, լսելով բոլշևիկի անունը»:
– «Հրաժարի՛մք ի սատանայէ, բացականչում է բոլշևիկը, լսելով դաշնակցականի անունը»:
«Զո՜ւր բացականչություններ, ընկերներ,- ասում է Քաջազնունին,- հրաժարվել չեք կարող, դա ձեր ցանկության կամ ընտրության խնդիրը չէ»:
«Դաշնակցությունը վարել է հայ քաղաքական դատը ու բերել է քաղաքականապես ազատագրվող հայ ժողովուրդը, հասցրել է մինչև մի որոշ տեղ: Այստեղ իրեն փոխարինելու է՝ մինչև հետևյալ կայանը, հայ բոլշևիկը
Այս է պատմության ընթացքը»:
Այսպիսով, երկու հիմնական պատճառներից մեկը, որոնց շնորհիվ Դաշնակցության «հին ժամկոչ»-ն իր անելիքն ամբողջությամբ պետք է փոխարինի Դաշնակցության «նոր ժամկոչ»-ին, այս է: Իսկ երկրորդ պատճառը Քաջազնունին ձևակերպում է այսպես.
«… Ամենից գլխավորն այն է, որ այսօր մենք գործ ունենք Խորհրդային Ռուսաստանի հետ: Սա ամենամեծ ու վճռական ուժն է՝ մեր հանդեպ կամ մեր կողքին:
«Անցյալում մենք մի րոպե միամտություն ունեցանք կարծելու, թե կարող ենք ազատագրվել ռուսական հեգեմոնիայից ու հենարան գտնել Արևմուտքում: Այսօր այդպիսի հույսերով տարվելու իրավունք չունենք այլևս: Մեր միակ հենարանն այսօր Խորհրդային Ռուսաստանն է: Կռվել նրա դեմ չենք կարող ու եթե կարողանայինք էլ, չպիտի կռվեինք, որովհետև նա պետք է մեզ, պետք է ո՛չ իբրև սոցիալական կամ պետական ռեժիմ (կոմունիզմ ու դասկարգային դիկտատուրա), այլ իբրև քաղաքական ուժ:
«Հայաստանը պիտի դաշնակցի Խորհրդային Ռուսաստանի հետ. ուրիշ ելք չունի այլևս»:
Իսկ այս դաշնությունը, ըստ մեր հեղինակի, կարող են կռել միայն բոլշևիկները.
«Հայ բոլշևիկներն են, որ պիտի դաշնակցեն Ռուսաստանի հետ, իսկ Հ. Յ. Դաշնակցությունը պետք չէ Հայաստանին:
«Ահա թե ինչ մտքով մեր կուսակցությունը վերջացրել է իր առաքելությունը, անելիք չունի այլևս և վերջ պիտի դնի իր գոյությանը»:
Մենք, մի քիչ ի չարը դնելով ուրիշների խոսքերը կրկնելու իրավունքը, այսքան ընդարձակ մեջբերումներ ար[եց]ինք Քաջազնունու գրքույկից, որպեսզի նրա հիմնական մտքերը հնարավոր հստակությամբ կարողանանք ձևակերպել:
Արդ, կասկածից դուրս է, որ Քաջազնունու տեսակետների աշխարհում հարցն իր ամբողջության մեջ հետևյալ կերտվածքն ունի ստացած:
Տանք այդ կերտվածքի հիմնական գծերը:
Ա. Դաշնակցության «եկեղեցու» գոյության իմաստը հայ[կական] անկախ պետությունն է:
Բ. Բոլշևիկյան «եկեղեցու» գոյության իմաստն էլ՝ «կամա-ակամա», նորից հայ անկախ պետությունն է:
Գ. Դաշնակցության «ժամկոչ»-ը կատարել է իր գործն ու սպառել իրեն, վարել է հայ քաղաքական դատը ու բերել մինչև մի որոշ կայան, որտեղից իրեն փոխարինելու պիտի գա մեկ ուրիշը:
Դ. Բոլշևիկյան «ժամկոչ»-ն է այդ փոխարինողը, որ պետք է տանի այդ դատը մինչև հերթական կայանը:
Ե. Որովհետև մինչև հերթական կայանը գնալու համար «միակ հենարանն այսօր Խորհրդային Ռուսաստանն է», որի հետ կարող է դաշնակցել միմիայն հայ բոլշևիկը:
Զ. Եվ այս բոլորն ասելուց հետո, Քաջազնունին, այնուամենայնիվ, գտնում է, որ իր հիմնական մտածումի մեջ ոչինչ չի փոխվել, որ ինքն այսօր նոր պաշտամունք չունի, չի կառուցել նոր կուռքեր, այլ մնում է հավատարիմ իր դավանած հին աստվածներին:
Այլ խոսքով՝ Դանտոնի պես իր հետ կրելով «իր հայրենիքը»՝ Դաշնակցության «եկեղեցին», Քաջազնունին ժխտում է միմիայն դաշնակցական «կազմակերպության» գոյության իրավունքը:
Թեև ոչ դյուրությամբ, սակայն կարողացանք (այսպես, համենայն դեպս, թվում է մեզ) միանգամայն հարազատորեն դուրս բերել մտածողության «ավերակների կույտից ու անձև քաոս»-ից, կրկնենք իր իսկ խոսքերն այս գրքույկի մասին (ասված, սակայն, ոչ գրքույկի մասին, այլ մեկ ուրիշ առիթով), հիմնականը՝ զատել երկրորդականը գլխավորից և առաջնության պատիվը տալ մտքի այն զենքերին, որոնցով Քաջազնունին փորձում է ընդմիշտ թաղել Հ. Յ. Դաշնակցության «հին ժամկոչ»-ին՝ նրա «կազմակերպություն»-ը և զինել նրա «հաջորդին»:
Մենք տվ[եց]ինք Քաջազնունու մտածողության կառուցվածքի ամբողջական պատկերը, առժամանակ հանգիստ ձգելով այն մեղադրանքները, որոնք վերաբերում են անցյալում մեր կուսակցության գործած «սխալանքներ»-ին:
Դժվար է ասել, թե մեր նախկին կուսակցի գաղափարական նոր շենքի ո՞ր մասն է ավելի խաթարված:
Սխալ է նրա հիմ[ք]ը, անտրամաբան[ական]՝ նրա զարգացումը և թերի՝ ավարտը:
Անընդունելի են թե՛ շենքն իր ամբողջության մեջ և թե՛ նրա առանձին մասերը զատ-զատ:
Որովհետև Քաջազնունին իրապես անընդունելի էր իբրև դաշնակցական անցյալում, իբրև այդպիսին անընդունելի է նա այսօր և անընդունելի պետք է մնա իբրև դաշնակցական նաև ապագայում: Նա դաշնակցական չի եղել, դաշնակցական չէ և դաշնակցական չի կարող լինել:
Մի քիչ հանգամանորեն կանգ առնենք սակայն Քաջազնունու թեզերի վրա, որպեսզի միանգամայն պարզ ու հստակ լինեն այն հակասությունները, որոնց մատնվել է մեր հեղինակը, իր հետևից բռնազբոսիկորեն քարշ տալով նաև հայ կյանքի «նոր ժամկոչ»-ին: