«Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ինձ չի տվել իրավունք՝ իր անունից խոսելու, ես ՀՀ վարչապետն եմ». 13 հունիս, 2018թ

219

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ֆրանսիական միջազգային ռադիոկայանին (RFI)

RFI- Կարելի է արդյոք սպասել քաղաքականության փոփոխության հարեւան Թուրքիայի նկատմամբ՝ մինչ այժմ բացակայող դիվանագիտական հարաբերությունների պայմաններում։

Նիկոլ Փաշինյան- Ես չեմ կարծում, թե պետք է փոփոխություններ մտցվեն Հայաստանի վարած քաղաքականության մեջ, քանի որ այդ փոփոխություններն առաջին հերթին պիտի լինեն Թուրքիայի կողմից։ Հայաստանը միշտ է հայտարարել, որ պատրաստ է վերականգնել հարաբերությունները՝ առանց նախապայմանների։ Այստեղ եւս մենք կարծում ենք, որ Անկարայի հետ հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ երկրի հետ հարաբերություններից։ Թուրքիան իր պայմաններն է դնում՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած հարաբերությունների հետ։

RFI- Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա հետք ունի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը։ Սկսած 1988 թ․-ից վերջինիս Հայաստանն է ներկայացնում բանակցային գործընթացում։ Իշխանության գալով՝ հայտարարեցիք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղան։ Բաքուն ընդդիմանում է։ Ո՞րն է հակամարտության կարգավորման ձեր կախարդական բանաձեւը՝ ի հակադրություն բոլոր նրանց, որոնք չաշխատեցին 25 տարի ի վեր։

Նիկոլ Փաշինյան- Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, ինչն ամենեւին չի նշանակում, թե Հայաստանն իրավունք ունի բանակցությունների ընթացքում հանդես գալու Արցախի անունից։ 1996 թ․-ի դեկտեմբերի 6-ին Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց հակամարտության լիակատար կողմ։ Լեռնային Ղարաբաղի, ապա եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրեն իրավունք վերապահեց հանդես գալ միաժամանակ ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի անունից։ Ճիշտ նույն կերպ նաեւ Սերժ Սարգսյանը, որը եղել էր Ղարաբաղի ինքնապաշտպանության ակունքներում։ Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ինձ չի տվել իրավունք՝ իր անունից խոսելու։ Ես ՀՀ վարչապետն եմ եւ կարող եմ արտահայտվել միայն Հայաստանի անունից։ Ղարաբաղի հայերը չեն մասնակցում Հայաստանում ընտրություններին եւ իշխանության ձեւավորմանը։ Եթե մենք ուզում ենք լուծել խնդիրը, ապա հակամարտության բոլոր կողմերը պիտի լինեն ներգրավված։ Ես կարծում եմ, որ խնդրի լուծմանը հասնելու հիմնական խոչընդոտը ոչ թե եղել է կախարդական բանաձեւի, այլ հակամարտության մասնակից անհրաժեշտ կողմի բացակայությունը բանակցային գործընթացում։ Եթե Բաքուն իսկապես հետաքրքրված է խնդրի կարգավորմամբ, ապա շահագրգիռ պիտի լինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի վերադանա բանակցությունների սեղան։

Աղբյուրը՝ https://www.primeminister.am/hy/interviews-and-press-conferences/item/2018/06/13/Nikol-Pashinyan-interview-RFI/