Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին. Ադրբեջանը խաչը հանում է և պղծում, Հայաստանը՝ խստիվ դատապարտում

1054

Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Արցախում ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ «վանդալիզմի և սրբապղծման գործողությունները»։

«Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է և Արցախն առանց հայերի ու հայկական հետքի թողնելու հետևողական քաղաքականության շարունակությունը», – ասվում է Հայաստանի ԱԳՆ խոսնակի տարածած հայտարարությունում:

Արցախում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների «դեմ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը»: «Նշյալ դեպքը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի պնդումներն առ այն, որ հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ»,- նշել է ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ ադրբեջանական իշխանամերձ լրատվական գործակալությունները գրել էին, որ ապրիլի 27-ին «Հադրութում նշվել է Զատիկը»՝ հրապարակելով նաև Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ։

«Լուսանկարների ուսումնասիրությունը հստակ ի ցույց է դնում, որ եկեղեցուց հանվել է խաչը։ Բացի այդ, ադրբեջանցիները՝ հետևելով Ադրբեջանի նախագահի՝ հայկական եկեղեցիների գրությունները ջնջելու հորդորին, ջնջել են եկեղեցու մուտքի արձանագրությունը առ այն, որ եկեղեցին վերանորոգվել է Միխայիլ Բաղդասարովի ֆինանսական աջակցությամբ»,- գրում է karabakhrecords.info կայքը։

Սպուտնիկ Արմենիան տեղեկացնում է, որ Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1621 թվականին, վերանորոգվել է 1819 թվականին, հենց այդ ժամանակ էլ տեղադրվել է եկեղեցու գմբեթը։ Սուրբ Հարություն եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1999 թվականին՝ Բաղդասարովի ֆինանսական օժանդակությամբ։ Պատերազմից առաջ Սուրբ Հարությունը գործող եկեղեցի էր, ռազմական գործողությունների ընթացքում չէր տուժել։
Հայտնի է, որ պատերազմից հետո ադրբեջանցիները պղծել են Մատաղիսի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, 1892-1898 թվականներին կառուցված Սուրբ Եղիշե Առաքյալ եկեղեցին, գետնին հավասարեցրել Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ավերել Շուշի քաղաքի` ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Կանաչ ժամը։
Լուսանկարում՝ Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին 2015 թվականին