Վաղատուր գյուղի բնակչությունը 1831-2011 թվականներին. Գորիսի շրջան

2231

Վաղատուր գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 37 կմ, մարզկենտրոն Կապանից 102 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1550 մետր բարձրության վրա: Այսօր մաս է կազմում խոշորացված Տեղ համայնքի: Մինչև 1969 թվականի մայիսի 7-ը ունեցել է Բայանդուր անունը:

Վաղատուրի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 101 հոգի, բոլորը՝ իսլամ, 

1873 թվական – 514 հոգի, բոլորը՝ թաթար, 

1886 թվական – 869 հոգի, բոլորը՝ այլ, 

1897 թվական – 153 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1908 թվական830 հոգի, 

1914 թվական – 409 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1916 թվական – չի նշվում

1919 թվական – 427 հոգի,

1922 թվական – 387 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 429 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 533 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Վաղատուրն ունեցել է.

1939 թվական – 541 հոգի,

1959 թվական – 611 հոգի,

1970 թվական – 566 հոգի,

1979 թվական – 444 հոգի,

1989 թվական – 428 հոգի:

2001 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով Վաղատուրն ունեցել է 458, 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 336 հոգի:

«Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական խումբը 2019 թ. հոկտեմբերի 25-ին և 31-ին այցելել է Վաղատուր և հրապարակել հետևյալ տեղեկատվությունը:

Մատենագիտության մեջ հիշատակվում է նաեւ Բայանդուր, Բայանդուր առաջին, Բայանդուր երկրորդ, Բայենդուր, Բայընդուր, Բայնդուր, Գալախ, Հալախ, Պայանդուր: Գյուղը բաժանվում է երկու թաղի՝ Ներքին Բայանդուր, Վերին Բայանդուր:

Նախաքրիստոնեական շրջանի նյութական ժառանգությամբ հայտնի հայկական այդ գյուղը գրավոր աղբյուրներում հիշատակվում է 13-րդ դարից: 20-րդ դարասկզբին թուրքաբնակ էր: 1918 թ. այդ կողմերում մարտական թեժ գործողություններ են տեղի ունեցել:

Վաղատուր-Խոզնավար-Խանածախ-Տեղ-Կորնիձոր ճակատում էր վճռվում ոչ միայն Գորիսի, այլեւ ամբողջ Սյունիքի ճակատագիրը: Գյուղը հայերով բնակեցնելու խնդիրը վաղուց էր դրված: Ըստ «Մշակ» թերթի 1906 թ. N 61 –ի մի հրապարակման՝ Զեյվա հայաբնակ գյուղի բնակիչները պատրաստվում էին իրենց գյուղը փոխանակել Բայանդուր թուրքաբնակ գյուղի հետ:

Սակայն պատմությունն այլ ընթացք ունեցավ: 1918-ին Բայանդուրը մի պահ դատարկ էր: Եվ այդտեղ բնակության տեղափոխվեցին Մինքենդ, Հին Զեյվա, Հալաք, Հոչաս գյուղերի հայերը: Հալաքից եկածները համեմատաբար շատ էին եւ  բնակվեցին գյուղի մի ամբողջ թաղամասում՝ կոչելով այն Հալաք (այդ գյուղը համապատասխանում է Աղահեճք գավառի՝ Հագարի գետի վերին հոսանքի աջ կողմում գտնվող Հայելյակ գյուղին):

Վաղատուր գյուղի միջով է հոսում Բայանդուր գետակը (Հագարիի աջակողմյան վտակ Զաբուխի (վերին հոսանքում՝ Աղօղլան կամ Ահմեդլու) աջ օժանդակը): Մայր գետին է միանում Վաղատուր գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք, երկարությունը՝ 14 կմ:

Վաղատուրում հայտնի է ձորի թթու ջուրը, որն օգտագործելու քանի-քանի նախաձեռնություններ մնացել են անկատար:

1935-ին գյուղում կաթ մշակելու գործարան է հիմնվել, որ գործում է մինչեւ հիմա:

Գյուղի հյուսիս-արեւմտյան մասում բրգաձեւ լեռն է՝ Դադմելիքը՝ առանց խորխորատների, 2062 մ բարձրությամբ։

Ըստ ավանդազրույցի՝ հնում մի մելիք իր բատրակին միշտ ծեծել է: Չտանելով տիրոջ բռնությունները, բատրակն իրեն այդ սարից նետել է ցած` բացականչելով «դադ-մելիք», որտեղից էլ իբր սարը կոչել են Դադմելիք:

Նույն ավանդազրույցի մի այլ տարբերակի համաձայն՝ այդ զարզանդ մելիքն ինքն է անհնազանդ գյուղացիներին գլորել սարից, եւ վերջիններս էլ բացականչել են «դադ-մելիք» (վայ մելիք):

Վերին թաղի կամ Վերին Բայանդուրի եկեղեցին, որ նաեւ Հալաքի վանք է կոչվում

Հավանաբար վերաշինվել է 17-րդ դարում: Կառուցվել է անմշակ քարերով ու կրաշաղախով: Անունը հայտնի չէ: Պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում հիշատակվում է Հալաքի վանք անվամբ:

Այդպես է կոչվում այն պատճառով, որ գտնվում է գյուղի Հալաք անունը կրող թաղամասում: Հալաքի բնակիչները, ինչպես նշեցինք, Բայանդուր են տեղափոխվել 1918-ին, իսկ եկեղեցու մասին հիշատակություն կա դեռեւս 1211-ին (վերակառուցվել է 17-րդ դարում): Եկեղեցու մերձակայքում կան խաչանախշ ու խոնարհ գերեզմանաքարերի բեկորներ:

Ներքին թաղի կամ Ներքին Բայանդուրի եկեղեցին

Կոչվում է նաեւ Բայանդուրի հին եկեղեցի: Փլուզման ստույգ վտանգի առջեւ հայտնված այդ սրբավայրը, դատելով ներքին ճարտարապետական լուծումներից, շատ հին է:

Կարելի է նույնիսկ փաստել՝ Սյունիքի հնագույն եկեղեցիներից է: Ներսի լուծումներով շատ նման  է Տաթեւի Գյունեյ հանդի եկեղեցուն, որը, ինչպես նշել ենք մեկ այլ առիթով, Ցուրավանքն է:

Նման է նաեւ Երիցվանքում կիրառված ճարտարապետական հնարքներին:Մինչդեռ հին եկեղեցու մոտ պահպանված խաչքարերի վրա գրված են ՌԲ եւ ՌԱ (1552 եւ 1553 թվականներ):

Թթու ջուր (հանքային ջուր) տեղանքի խաչքարը

2004 թվականից այդ վայրը, շնորհիվ մի չքնաղ խաչքարի, յուրօրինակ սրբավայր է դարձել: Խաչքարն այդ վայր է տեղափոխվել գյուղի հարավ-արեւելյան հատվածում գտնվող այգիներից, որ ի հայտ էր եկել հողային աշխատանքների ժամանակ:

Խաչքարը գտնվում էր Կոլյա Աղաջանյանի այգում: Այդ տարածքը, կարելի է ասել, նոր կերպարանք էր առել 1961-ի հայտնի սողանքից հետո, երբ Փառանձեմ Սահակյան կինը մնացել էր հողի տակ:

Այգիների այդ տարածքը գյուղում հայտնի դամբարանադաշտի (դեպի արեւելք ձգվող) շարունակությունն է: Այդ վայրում է գտնվել նաեւ հնամենի մի աղորիք, որ նույնպես տեղափոխել են Թթու ջրի տարածք:

Եվ խաչքարը, եւ աղորիքը Թթու ջրի մերձակա տարածք է տեղափոխվել Քաջիկ Բաբաջանյանի նախաձեռնությամբ:

Սուրբ քարը, որ գտնվում է Արամայիս Բաբաջանյանի տնամերձում

Արծվաքիթ հիշեցնող հսկա քարը, գյուղի տարեցների վկայությամբ, տարիներ շարունակ մատաղատեղի եւ  աղոթատեղի է եղել բայանդուրցիների համար:

Լուսանկարը և տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Դիտել նաև՝

 

Գորիսի շրջանի գյուղերը 1831 թվականին