1992-ից ի վեր ԱՄՆ-ն 3 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը. Բենջամին Բըրնս

461

Տնտեսական լրագրողների ակումբի Սուսան Տոնոյանի հետ զրույցում Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան տնտեսական և կոմերցիոն հարցերով պատասխանատու Բենջամին Բըրնսը ասել է.

– 1992 թվականից ի վեր ԱՄՆ կառավարությունը տրամադրել է մոտ 3 միլիարդ դոլարի աջակցություն հայ ժողովրդի կյանքի բարելավման համար՝ այսպիսով աջակցելով Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը: ԱՄՆ մի քանի գործակալություններ և գերատեսչություններ իրենց ներդրումն են ունեցել այս նախաձեռնություններում: Օրինակ, Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան ժամանեցին 1992 թվականի ձմռանը: Այդ ժամանակից ի վեր Խաղաղության կորպուսի ավելի քան 1100 կամավորներ ծառայել են Հայաստանի գյուղերում և քաղաքներում:

Ներկայումս աջակցում ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջխաղացմանը, օրենքի գերակայության խթանմանը, տնտեսական բարգավաճմանը և մարդասիրական օգնության տրամադրմանը:

Պետդեպարտամենտը ավելի քան 50 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանին՝ ուղղված իրավապահ համակարգի բարեփոխումների աջակցմանը և հակակոռուպցիոն նոր ինստիտուտների ստեղծմանը: Հպարտ ենք, օրինակ, պարեկային ոստիկանության նոր ծառայությանը ցուցաբերած մեր աջակցությամբ և Հայաստանի կառավարության խնդրանքով շարունակում ենք օգնել պարեկային ոստիկանության նոր աշխատակիցների վերապատրաստմանն ու վերազինմանը։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը օգնություն է ցուցաբերել մի քանի ոլորտներում, այդ թվում՝ ուղղակի օգնություն է ցուցաբերել Հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանման համար: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նաև ապահովել է պաշտպանական և անվտանգության կարողությունների զարգացում: ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային դեպարտամենտը նույնպես ներդրել է մոտ 27 միլիոն դոլար՝ չօգտագործված ռադիոակտիվ աղբյուրների անվտանգ և ապահով վերացմանն աջակցելու համար: ԱՄՆ Պետդեպարտամենտի արտահանման վերահսկման եւ սահմանային անվտանգության ծրագիրը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել ՀՀ մաքսային ծառայությանը սարքավորումների նվիրատվության եւ վերապատրաստումների տեսքով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ