Վերին Խոտանան. Կապանի գյուղաշխարհը

2230

«Տավերս» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է Կապանի գյուղաշխարհը՝ Վերին Խոտանան և Ներքին Խոտանան: Նյութի հեղինակ՝ «Տավերս» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր Արմինե Հովհաննիսյան։ Հղումը՝ https://www.visitkapan.am/villages/102–101-.html…#):

Խոտանան գյուղի անվանումը կապված է Վանի թագավորության Խուտուինի աստծո անվան հետ (հնարավոր է՝ պատերազմի և հաղթանակի աստվածն էր): Նման կարծիք է հայտնել արևելագետ Սերգեյ Ումառյանը: Խոտանանի մասին հիշատակություններ ունեն Ստեփանոս Օրբելյանը, Առաքել Դավրիժեցին, Ղևոնդ Ալիշանը և նույնիսկ օտարազգի գիտնականները, որոնցից է գերմանացի արևելագետ, հայագետ և լեզվաբան Յոզեֆ Մարկվարտը: Վերջինիս կարծիքով Խոտանանը եղել է դիցավայր:

Տարածված է նաև այլ ավանդազրույց գյուղի անվան հետ կապված, որի մասին իր հուշերում ներկայացնում է Խոտանան գյուղացի Արտաշես Պետրոսյանը: Ըստ նրա՝ Խոտանան բառը երկու արմատից է բաղկացած՝ արաբալեզու խուդա և նան, բառերից, որոնք թարգմանաբար կոչվում են «աստված և հաց»:

Պատմությունն այսպիսին է. 8-րդ դարում, երբ արաբները զավթում են երկիրը, մի արաբ ոստիկան, գալով այժմյան Խոտանանի տարածքը, հայտնաբերում է հացի հսկայական ամբար՝ լցված ցորենի, գարու հսկայական պաշարներով: Ոստիկանը զարմանքից բացականչում է՝ ԽՈՒԴԱ ՆԱՆ, այսինքն՝ «Աստծո հաց»:

Ըստ մեկ այլ ավանդազրույցի՝ գյուղի անվանումը կապված է եղել Խուտայի և Անոնի սիրո լեգենդի հետ: Ըստ լեզվաբան Հ. Աճառյանի՝ Անահիտ աստվածուհու անվան Ան մասնիկը փոխառություն է շումերներից և կոչվում է «երկնային մետաղ»:

Պատմական աղբյուրներում հիմնականում հիշատակվում է Խոտանանը, իսկ Վերին և Ներքին Խոտանանները սկսել են հիշատակվել 19-րդ դարից սկսած: Այդ երկու գյուղերը գտնվում են Աճանանի հովտում՝ Կապանից մոտ 12 կմ հյուսիս-արևմուտք՝ Բարգուշատ լեռնաշղթայի անտառապատ լանջին: Հինավուրց Խոտանանին համապատասխանում է Վերին Խոտանանը: Այստեղ են գտնվում դեռևս 14-րդ դարից կառուցված շինություններ, 17-րդ դարի վերաշինված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ ժամանակին կատարվել են Ավետարանի և Կանոնագիքի ընդօրինակումներ:

Երկար ժամանակ տարածքը ծառայել է որպես Սյունյաց իշխանների ամառանոց, հողերը միջնադարում եղել են Տաթևի վանական համալիրին հարկատու:

Խոտանանցիները տարածաշրջանում հայտնի են որպես «գժեր»: Երկար դարերի ընթացքում այդ պիտակը կորցրել է իր իսկական իմաստը, որ տվել էին գյուղացիներին, և ունի ծաղրելու իմաստ: Նույնիսկ խոտանանցիները կատակով ասում են, որ եկվորը, եթե խմի Խոտանանի ջուրը, հաստատ կգժվի: Ոչ բոլորը գիտեն «գիժ» բառի իրական իմաստը՝ կապված խոտանանցիների հետ:

Ինչպես Ղևոնդ Ալիշանն է գրում «Սիսական»-ում, 1724 թվականին Խոտանան գյուղից վերև՝ Հցոտ կոչվող հանդամասում, իրար են բախվում Դավիթ Բեկի զարավար Մխիթար Սպարապետի և Բարգուշատի պարսից խանի զորքերը: Հցոտը այլազգիները անվանում էին «հայերի հավաքատեղի»: Կռիվը վարում էր նշանավոր զորահրամանատար Բալի Մելիք Փարսադանյանը: Խոտանանցիները փոքրով ու մեծով զորավիգ են եղել հաղթանակին և կռվել են անձնուրաց: Տղամարդկանց հետ համահավասար կռվի էին դուրս եկել նաև կանայք: Նրանք օգնում էին զինվորներին, իրենց հայրերին և եղբայրներին, վիրավորներին դուրս բերում կռվի դաշտից: Տեսնելով կանանց կռվի դաշտում՝ խանը սարսափած գոչում է. «Սրանք դալի են (այսինքն՝ շաշ, գիժ, կապանի բառբառով ասած՝ պըլ), կնոջը ո՞նց կարելի է բերել պատերազմ»: Ասում են՝ դա առաջին դեպքն էր, որ կին արմատը հայտնվում էր կռվի դաշտում: Կռիվն ավարտվում է հայերի հերոսական հաղթանակով, իսկ խոտանանցիները կնքվեցին ԳԻԺ, ՊԸԼ մականունով: Բալի զորավարի մասին պոեմ ունի Գրիգոր Գևունցը, իրադարձության մասին գրել են Ռոբերտ Էջանանցին, Ալմարա Անտոնյանը:

Խոտանան գյուղը նշանավոր զորահրամանատարների գյուղ է համարվում: Իրենց ռազմական տաղանդով աչքի են ընկել Հայաստանի Առաջին Հանրապետության զորահրամանատար, Սիսիանի ուժերի առաջնորդ Պողոս Տեր-Դավթյանը, ռազմական գործիչ Հմայակ Տեր-Դավթյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմում ճանաչում ստացած զինվորականներ՝ գնդապետ Մուշեղ Կարապետյանը, ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ բաժնի պետ Արտաշես Ղազարյանը, փոխգնդապետ Ալեքսանդր Անտոնյանը, հայ ռազմական պատմաբան, արձակագիր, գնդապետ Հայկ Արշակի Հայրապետյանը :

Պատերազմի ժամանակ ռազմադաշտ մեկնեցին 190 խոտանանցիներ, որոնցից 81-ը՝ չվերադարձավ:

Ամենայն Հայոց 101-րդ կաթողիկոս և Հայաստանի վերջին սուրբը՝ Մովսես Գ Տաթևացին

15-17-րդ դարերը համարվում են «խավար դարեր»: Այդ ժամանակի հիմնական աղբյուրը Առաքել Դավրիժեցին է:

Հայոց երկիրը պատերազմի թատերավայր էր դարձել պարսիկների և օսմանցիների միջև: Սկսվել էին Շահ Աբասի արշավանքները, և հայ ժողովուրդը ընկել էր երկու թշնամի բանակների ճնշումների տակ: Եվ հայտնվեց մի այր, որի սրբակրոն ողորմած կյանքով ու աշխատանքով, հայրենանվեր գործունեությամբ սկսվեց հայ ժողովրդի և Հայ եկեղեցու վերազարթոնքը:

Մովսես Տաթևացին ծնվել է 1578թ-ին Սյունիքի Բաղք գավառի Խոտանան գյուղում:

Ծնողների անունները մեզ չեն հասել, սակայն հայտնի է, որ Մովսեսը բարեկամական կապ է ունեցել Տաթևի Հովհաննես արքեպիսկոպոսի հետ, որի կողմից էլ, դեռևս 15 տարեկանում, ձեռնադրվել է որպես կուսակրոն քահանա: Մանուկ հասակից բացառիկ սեր է ունեցել եկեղեցու հանդեպ: Նախնական կրթությունը ստացել է իր գավառում: Աշակերտել է Սրապիոն աթոռակից կաթողիկոսին: Նրա մանկությունն անցել է Խոտանան գյուղում, և նա հաճախ է գնացել մոտակա Տաթևի մենաստանը:

Տաթևի մենաստանում կուսակրոն քահանա օծվելուց հետո նոր ընծա Մովսես աբեղան ուսումնառության նպատակով մեկնում է Տիգրանակերտ (Ամիդ), որտեղ էլ աշակերտում է այդ տարիներին մեծ համբավ վայելող Սրապիոն Ուռհայեցուն: Այնուհետև մեկնում է ուխտագնացության՝ Երուսաղեմ, հետո՝ Եգիպտոս, որտեղ շարունակում է ուսումը ղպտիական վանքերում:

1610 թվականից Երուսաղեմում եղել է Սուրբ Հարություն տաճարի լուսարարը: Այստեղ եղած ժամանակ Մովսեսը սովորեց մոմը սպիտակեցնելու արհեստը, որի մասին իմացավ Շահ Աբբաս Մեծը: Արքայի հրավերով նա գնաց Սպահան, հիմնեց մոմի սպիտակեցման գործատուն: Շահի հետ նա ստեղծեց մտերիմ հարաբերություններ: Մովսեսի խնդրանքով Շահը վերացրեց Էջմիածնի կողմից շահական գանձարանին տրվող հարյուր թուման պարտքը, որը բռնի ուժով ամեն տարի հավաքվում էր ժողովրդից: Այդ պարտքը ժողովրդի վզին էր փաթաթել զուգաթոռ Մելիքսեթ կաթողիկոսը դեռևս 1617 թվականին՝ կալանքից ազատվելու և կաթողիկոսական աթոռը ձեռք բերելու համար:

Վերադառնալով Տաթև՝ մտնում է Սյունյաց Մեծ անապատ: Մովսեսը սկսում է շրջել Հայաստանում, վերանորոգում է կիսավեր եկեղեցիները, բացում դպրոցներ և կազմակերպում կանոնավոր դասավանդումներ: Պահոցներից դուրս են բերվում դարերի ընթացքում խունացած կրոնական գրքերն ու մատյանները: Սկսում է զբաղվել Սյունիքի վանքերի բարեկարգման աշխատանքներով: Նրա նախաձեռնությամբ ստեղծվեցին Հովհանավանքի դպրոցը, դպրոցներ Սյունիքում, Այրարատում, Գողթնում:

Դրանից հետո Մովսեսը շարունակում է իր գործունեությունը Երևանի ՍԲ Կաթողիկե եկեղեցում և վերաշինում Սբ Անանիա առաքյալ անապատը:

1623 թվականին ձեռնադրվում է եպիսկոպոս:

1629 թվականի հունվարի 13-ին նա պաշտոնապես օծվում է Ամենայն հայոց կաթողիկոս:

Մովսես կաթողիկոսին հաջողվել է շինարարական գործունեություն ծավալել հայրենի երկրամասում: Աճանան գետի վրա կառուցված քարե կամարակապ երկու կամուրջ կա, որոնցից մեկը դեռևս կանգուն է: Այն ունի պարսկերեն վիմագիր արձանագրություն, որը Ռոբերտ Էջանանցու խնդրանքով վերծանել և թարգմանել է արևելագետ Հ. Փափազյանը: Պարզվում է, որ կառուցված է 1629 թվականին, որը համընկնում է Մովսեսի կաթողիկոս դառնալու տարվան: Արձանագրության մեջ կա նաև Սաադի «Վարդաստանից» մի քառյակ.

Կապրի այս չափն ու կարգը

շատ տարիներ դեռ երկար,

Թեկուզ մարմինս անկենդան

լինի հողին հավասար…

Կառուցել է վարպետ Հակոբը (Ռ. Էջանանցի, Աճանանի հոյաշեն կամուրջը, Կապանցիներ, թերթ, 2006, N 26):

Սյունիքում պահպանվում է գեղեցիկ ավանդազրույց Մովսես Խոտանանցու հրաշագործության մասին: Պատմում են, որ Ձորքի Աթղույք գյուղի սարով Մեղրիի Կարճևան գյուղ էր գնում Մովսես Խոտանանցին: Գյուղի աղբյուրը շատ բարակ էր, և մարդիկ խնդրեցին սրբին աղոթքով ջուրն առատ դարձնել: Սուրբն աղոթք արեց, և ձորապռնկից հորդաց անուշահամ ջուրը, որը մինչ այսօր բխում է նույն ուժգնությամբ:

Երկրային կյանքին կաթողիկոսը հրաժեշտ տվեց 1632 թվականի մայիսի 14-ին իրեն շատ սիրելի Սուրբ Անանիա վանքում: Երևանցիները նրան հողին հանձնեցին Կոզեռնի գերեզմանոցում, Սուրբ Զորավոր եկեղեցու կողքին:

Մովսես Տաթևացին (Խոտանանցին) Հայոց եկեղեցու կողմից ճանաչված վերջին սուրբն է:

Վերին Խոտանան գյուղի հին գերեզմանատանն են գտնվում հին մատուռի ավերակները, որտեղ կնքվել է կաթողիկոսը մանուկ հասակում:

Խաչին աղբյուր

Խոտանան գյուղից վեր՝ մոտ 7 կմ հեռավորության վրա՝ Բարգուշատի լեռնաշղթայի ստորոտում, տարածվում է Շռանի ծօ̈ր (ձոր) կոչվող տարածքը: Լեգենդը պատմում է, որ ժամանակին այստեղով խոշոր գետ էր հոսում, որը հետագայում «անցել է հողի տակ»: Դա է վկայում նաև տարածքի անվանումը: Ականատեսների վկայությամբ՝ հիմա էլ տարածքում ջրի ուժեղ ձայն է գալիս: Այստեղ է գտնվում խոտանանցիների համար հայտնի Խաչին աղբյուրը, որի ակունքը իրականում գտնվում է բարձր ժայռի վրա, որից ջուր է բխում: Անցքն ունի 1,5 մ լայնություն և 1 մ բարձրություն, որին հասնելու համար պետք է մագլցել ժայռն ի վեր: Ներսում այցելուին դիմավորում են արդեն երկու նեղ անցքեր, որոնց հասնելու համար պետք է ծնկած գնալ: Անցքերից մեկը գնալով աստիճանաբար ընդարձակվում է, և մարդու առաջ բացվում է լճակով տեսարան: Մուտքից 7 մ խորության վրա առաստաղում երդիկանման անցք է բացվում, որից ներս են թափանցում արևի շողերը և մի հեքիաթային միջավայր է ստեղծվում, որը օրվա տարբեր ժամերին փոխում է տեսքը: Ներսում հանքային ջրի շիթերից ստալակտիդներ են ձևավորվել:

Տարածքը 1980-ականներին իր ուշադրությանն է արժանացրել քարանձավագետ Էդուարդ Սարգսյանը, որը 1989 թվականին մի քանի անգամ այցելություններից հետո հայտնաբերել է, որ այստեղ է գտնվում իր տեսակով Հայաստանում հազվագյուտ սիֆոնային քարանձավ: Սիֆոնները առաջանում են մշտական ջրի հոսք ունեցող քարանձավներում, ուր հատակը փոս ընկած է, իսկ առաստաղը կախվում է այդ փոսի մեջ առաջացած լճակի մեջ:

Հայաստանում քարանձավներ, հատկապես կարստային, շատ կան, բայց Խաչին աղբյուրի տակ գտնվող սիֆոնային քարանձավը իսկական հայտնություն էր երկրի համար: Սա եղավ Հայաստանում հայտնաբերված առաջին սիֆոնային քարանձավը:

Քարանձավագետների համար այդ ժամանակ սիֆոնային քարանձավներ գտնելու միտք ծառայեց Սատանի կամրջի տակ գտնվող քարանձավի գոյության փաստը, որը գտնվում է, կարելի է ասել, աշխարհագրական մի գծի վրա: Հետագա ուսումնասիրությունները պարզեցին, որ Տաթև-Խոտանան գծի արանքում գտնվող Տանձավերը հարուստ քարանձավային համալիր ունի, նույնիսկ գյուղի մոտակայքում գտնվում են ձագարանման քարային անցքեր, վիհեր, որոնց տակ են գտնվում կարստային քարանձավները: Սրանցից մեկը ունի 10 մ տրամագիծ և 3 մ խորություն: Գյուղացիները անցքը փակել են քարերով, որպեսզի անասուն չընկնի մեջը: Վերևից պարզ լսվում է վարար գետի ձայնը: Քիչ հեռվում գտնվում է Սառցատներ կոչվող տեղանքը:

Էդվարդ Սարգսյանը իր արշավախմբի աշխատանքների ու հայտագործությունների մասին պատմում է 1989 թվականին հրատարակված «Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները» գրքում: Թե ինչպես հայտնաբերեցին Խաչին աղբյուրի սիֆոնային քարանձավը, քարանձավագետը պատմում է, որ առաջին սրահը մտնելուց հետո նրանք հանդիպեցին լճակի, իսկ վերևի մասում երկու անցք կար, որոնցից մեկից ջուր էր թափվում լճակի մեջ: Էդվարդը անցքով լապտերը գցում է ջրի մեջ, և լույսը թափանցում է հեռուն: Այդ ժամանակ նա հասկանում է, որ իր դիմաց բացվում է սիֆոնը (ջրով լի լճակ): Արշավախմբի անդամները մեծ դժվարությամբ են հաղթահարում առաջին, հետո նաև երկրորդ սիֆոնները, սակայն ներսում տիրող ահավոր ցուրտը և ջրի ուժեղ հոսքը թույլ չեն տալիս նրանց ավելի առաջ գնալու:

Սիֆոնների հատակները ծածկված են մանր լճակներով, որոնք իրարից բաժանված են պատնեշներով: Հավանաբար ջրերի վարարման ժամանակ լճակները միանում են իրար և վերածվում մի ընդհանուր լճակի: Առաջին սրահի լիճը սիֆոնին միացնող նեղ անցքով ահռելի ուժով դուրս է ժայթքում մի ջրվեժ, որը հաղթահարելու համար պետք է լողալ ջրի միջով: Նրանք այդ ջրվեժին տվեցին Ոռնացող ջրվեժ անվանումը, որի շառաչյունից խլանում է ամեն տեսակ ձայն: Քարանձավագետը իր հուշերում պատմում է, թե ինչպես իրենցից մեկը փորձ արեց ջրվեժի միջով սուզվել և անցնել առաջին սիֆոնը, բայց ջրի ուժը նրան պարզապես դուրս շպրտեց: Այդ ժամ նրանք փայտի միջոցով փորձեցին չափել հատակը: Պարզվեց, որ սիֆոնի հատակը մեկ մետր է:

Սիֆոն մտնելու ամենահարմար պահը աշունն է, երբ ջրերը սակավանում են: Այնտեղով, որտեղով դուրս էր ժայթքում Ոռնացող ջրվեժը, աշնանը մի բարակ ջուր է ծլլում: Քարանձավագետները սիֆոնի հատակին հայտնաբերեցին քարանձավաբնակ մարդու կողմից պատրաստված ուլունք, կավե խեցու կտորներ և եկան այն եզրակացության, որ տարածքը եղել է մեր նախնիների համար սրբավայր, և նրանք նվերներ են գցել ջրի մեջ: Ջրի մեջ մանրադրամ կամ այլ առարկաներ գցելու սովորույթը այսօր էլ տարածված է մարդկության մեջ, որի ակունքները գալիս են հնից:

Երկու սիֆոնները հայնաբերելուց հետո արշավախմբի անդամները եկան եզրակացության, որ տարածքը ունի միջանցիկ ելքեր: Բացի այդ՝ նրանք հայտնաբերեցին, որ քարանձավի տակով ստորգետնյա մեծ գետ է հոսում, որի մասին խոտանանցիները երևի չեն էլ պատկերացնում:

Ինչպես վերը նշվեց, տարածքում առկա է նաև Սառցատուն (քարանձավ, որ ավելի շատ նման է սառցե պալատի և ունի ուղղահայաց պատեր) որը ավելի շատ մոտ է Տանձավերի տարածքին, և այնտեղից ամռան տապին կարելի է սառցաբեկորներ հանել: Այն ունի 25 մ ընդհանուր խորություն:

Քարանձավագետները Սառցատունը ուսումնասիրելիս հայտնաբերեցին այնտեղ մարդկությանը դեռևս անհայտ բուսականություն և աշխարհում իր տեսակով հազվագյուտ սպիտակ ճիճուներ, որոնց անվանում են նաև ստորերկրյա ձկներ: Դրանք ունեն մինչև 15 սմ երկարություն: Ուղղահայաց հորի միջով ցած իջնելուց հետո պարզվեց, որ ներքևում ստորերկրյա գետ է հոսում և էլի սիֆոն կա:

Եվ ամփոփելով այս ամենը՝ կարելի է նաև եզրակացնել, որ Խաչաղբյուրը հնում տեղաբնիկների համար ծառայել է որպես սրբատեղի և կապված է եղել ջրի պաշտամունքի հետ:

Կոտրած լեռան լեգենդը

Ներքին շենը կամ Քյոհնա շենը, որը դարեր առաջ գտնվում էր երկու՝ Վերին և Ներքին Խոտանաների միջակայքում, ունի նաև այլ անվանումներ՝ Սըռեն խոտ, Կոտրած, Օսի յամանջ, Կըռվենե, Ղոնաղ զամի, Հինոտ, Ծիծինոտ, Մըծ կետ (գետ), Կուճի կետ, Մուլի մարաք, Վանքեն կալ և այլն…Այդ միջակայքում է գտնվում Կոտրածը, որի մասին ժողովուրդը ժամանակի ընթացքում լեգենդներ է հյուսել:

Դեպի Կոտրածը ճանապարհն անցնում է Սըռեն արտ կոչվող արտատեղով: Դրա սահմանների մոտ հանգրվանած են հսկա ժայռաբեկորներ, որոնք գտնվում են ճեղքված հողի խորխորատներում: Ժամանակի ընթացքում այդ հսկա լեռը փուլ է ելել՝ մասնատվելով հսկա ժայռաբեկորների: Ավանդազրույցը պատմում է, որ լեռն այնքան բարձր է եղել, որ նրա գագաթից նշմարվում էր Արարատը, որ նրա գագաթին միայն գյուղի երաժիշտ Մադին (Մարտիրոս) էր կարողանում բարձրանալ և իր դուդուկով գեղեցիկ մեղեդիներ նվագել արտերում աշխատող գյուղացիների համար:

1931 թվականի ուժեղ երկրաշարժի ժամանակ փուլ եկավ հսկա լեռը, որի խոշոր ժայռաբեկորները հասան Սըռեն արտի բլրալանջի հակադիր կողմը: Մարդիկ այն կոչեցին Կոտրած: Ավանդազրույցը պատմում է, որ եթե մահամերձի սիրտը սառույց է ուզում ամռան տապին, նրա համար սառույցը հանում են Կոտրած լեռան խորխորատներից:

Կոտրած լեռան մոտ իր մահկանացուն կնքեց Մեծ հայրենականի տարիների երաժիշտ Մադու կինը՝ Արևհատը: Մադին սովորական երաժիշտ չէր, նա համամիութենական մրցույթների հաղթող էր: Նա շուտ մահացավ՝ կնոջ խնամքին թողնելով վեց փոքրիկերին: Սովից երեխաներին փրկելու համար Արևհատը որոշեց ուղևորվել Վերին Խոտանան՝ ազգականների մոտ, ուտելիք խնդրելու: Բայց հետդարձի ժանապարհը ճակատագրական եղավ նրա համար: Փետրվար ամիսն էր, և կինը՝ ուտելիքով բեռնված, ընկավ ձյունամրրիկի մեջ և չկարողացավ գյուղ հասնել: Մի օր անց նրան գտան սառած՝ Կոտրած լեռան մոտ: Որբուկների հոգսն իրենց վրա վերցրին համագյուղացիներն ու ազգականները:

(Ավանդապատումի ստեղծման գործում մեծ ավանդ ունի վաստակաշատ մանկավարժ, բանահավաք երջանկահիշատակ Ալմարա Անտոնյանը)։

Քոռ աղբյուր

Երկու գյուղերի՝ Ներքին և Վերին Խոտանաների միջակայքում է գտնվում Քյոհնա (Կապանի բարբառով՝ հին) շեն կամ Մեչի շեն հին գյուղատեղին, ուր տեղ-տեղ հազիվ նշմարվում են բնակատեղիների ավերակներ, ջրատար խողովակներ:

Ասում են, դարեր առաջ այս հայաբնակ գյուղը՝ Խոտանանը, բազմիցս ենթարկվել է թուրք-պարսկական ասպատակությունների, գյուղը տեղահանվել և կրկին վերաբնակեցվել:

Ժամանակի ընթացքում, հանգամանքների բերումով, գյուղը երկու մասի է բաժանվել, որի մասին փաստում է մի հետաքրքիր ավանդազրույց:

Քյոհնա շենը գտնվում էր ճահճուտ, համարյա հողազուրկ տարածքում, որի մի կողմում եղեգնուտն էր, մյուս կողմում էլ՝ Մթեն ծորը: Բարենպաստ, լավ վարելահողերը զավթել էին թուրք բեկերն ու պարսիկ խաները: Այս տարածքում մեծ ու գեղեցիկ այգի ուներ թուրք Շխալի բեկը: Նրա այգու ջրառատ առուն անցնում էր Քյօ̈հնա շենի կողքով: Գյուղի երեխաները ամռան տապին սիրում էին խաղալ առվի եզրին: Մի օր էլ խաղով տարված երեխաները չեն նկատում, որ առվի ջուրը թեքել էր ուղղությունը: Կատաղած թուրք այգեպանը գալով-տեսնելով, որ երեխաներն են ջրի հետ խաղում, իսկույն լուրը հասցնում է թուրք բեկին: Շխալի բեկը հասնում է այստեղ: Բոլոր երեխաները վախից փախչում-թաքնվում են, միայն 9-10 տարեկան մի աղջնակ չի փախչում՝ մտածելով, որ բեկը նրանց տանը շատ է հաց կերել, և մայրը նրան քիրվա է ասում: Բայց այս հանգամանքը չի կանգնեցնում կատաղած բեկին: Նա աղջկա երկար ծամերը կապում է ձիու պոչից և քարշ տալիս: Աղջկա աղեկտուր ճիչերը չեն ազդում գազազած բեկի վրա: Երբ ճիչերը դադարում են, բեկը հետ է նայում և սարսափում՝ հանդիպելով անմեղ աղջկա քարացած հայացքին: Աղջիկը ավանդում է հոգին:

Այդ մասում ( գտնվում է Ներքին Խոտանան գյուղի առաջամասում՝ ընդարձակ դաշտավայրում) մի սառնորակ աղբյուր է հոսում, որին ժողովուրդը հետագայում Քոռ անվանեց, որովհետև, ըստ պատումի, չտեսավ ու չլվաց թափված անմեղ արյունը, իսկ ձորը՝ Շխլվի ձոր: Գյուղացիները ըմբոստացան և բեկից պահանջեցին անմեղ աղջկա արյան գինը: Սարսափահար բեկը նրանց զիջեց իր ընդարձակ վարելահողերը՝ մինչև ներկա Ներքին Խոտանանի տարածքը:

Այդ օրվանից գյուղը բաժանվեց երկու մասի: Մինչ այժմ էլ պահպանվել են ազգակցական կապերը երկու գյուղերի միջև:

Դարից դար անցնող ավանդազրույցին որպես փաստ եկավ լրացնելու 1960-ականների մի դեպք: Կառավարության որոշմամբ գյուղի առաջամասի խորդուբորդ, խոտհարքային դաշտավայրը դարձրին խնձորի այգի: Գյուղի մեխանիզատոր Փայլակի տրակտորի խոփը հողային աշխատանքների ժամանակ դեմ առավ մի կոշտ իրի: Որպես օգնական ուժ եկած գյուղացիները սկսեցին քլունգով փորել հողը՝ արգելքը վերացնելու համար: Շուտով նրանք հողից մի տապանաքար հանեցին՝ աղջկա որմնաքանդակով: Աղջիկը պատկերված էր շրջազգեստով, երկար հյուսերով, ձեռքերը՝ կրծքին խաչած: Այն կանգնեցվեց գյուղի առաջամասում, որից քիչ ներքև Քոռ աղբյուրն է: Այսօր քարը կորցրել է իր նախնական տեսքը, քանդակը քամուց, արձրևից քայքայվել է ու մաշվել, բայց պահպանվել են ավանդազրույցն ու աղբյուրը:

(Ավանդապատումի ստեղծման գործում մեծ ավանդ ունի վաստակաշատ մանկավարժ, բանահավաք երջանկահիշատակ Ալմարա Անտոնյանը)։

Գայլախեղդ Ավագը

1940-50-ական թվականներին գյուղում ապրում էր Ավագ Բալասանյանը, որը հաղթանդամ, ուժեղ երիտասարդ էր : Համագյուղացիները նրան հիշում են որպես սուրաչք և սրականջ մարդ:

1946 թվականին գյուղում մի արտասովոր դեպք տեղի ունեցավ, որը հետագայում համագյուղացիների համար վերածվեց լեգենդի:

Երբ սկսվում է խոտհունձի շրջանը, գյուղի երիտասարդները մանգաղներով և գերանդիներով զինված, բարձրանում են գյուղի գլուխը, Քյարքի կոչվող տարածքը, որտեղ տարածվում են բերրի արոտավայրեր, խիտ անտառներ: Տղաների վրա հանկարծակի գազազած հսկա գայլ է հարձակվում: Հետագայում պարզվում է, որ նա Խոտանանի տարածք եկել-հասել էր Նախիջևանից, վիրավոր վիճակում, գազազած՝ ճանապարհին կծելով և վնասելով հանդիպած մարդկանց: Գայլը հոշոտում և սպանում է տղաներից մեկին, մի քանիսը ստանում են մարմնական ծանր վնասվածքներ: Մնում են Ավագն ու նրա ընկեր Հակոբը: Հակոբը փորձում է համոզել Ավագին փախչել: Բայց Ավագը հրաժարվում է, որովհետև նրանց հետևից գալիս էին նրանց երկու զավակները: «Եթե փախչենք, այս գազազած կենդանին կվնասի մեր երեխաներին, ավելի լավ է մենք սրա հարցերը լուծենք»,- ասում է ընկերոջը Ավագը և մենամարտի բռնվում գայլի հետ: Կատաղած գայլը շատ ուժեղ է լինում, և պայքարը տևում է ավելի քան կես ժամ:

Ավագը, գայլին գամելով գետնին, ծունկը դնում է երախին, ձեռքը մտցնում բերանը, քաշում, դուրս է հանում լեզուն, պատռում երախը: Գայլը սատկում է:

Այդ դեպքից հետո Ավագը ծանր ապրումների մեջ է ընկնում: Նա երկար ժամանակ պառկում է հիվանդանոցում, բուժվում կատաղություն կոչված հիվանդության դեմ: Հետագայում պարզվում է, որ այդ ողջ տարածաշրջանում, ում գայլը կծել էր, բոլորը մահացել էին: Նրա տղաներից Սեյրանը կատակով հիշում է, որ տարիներ անց, երբ գյուղում հորը շուն էր կծել, սատկել էր: Ավագը ապրեց 85 տարի: Նա գյուղում շատ հարգված մարդ էր:

Տարիներ անց մենամարտի տեղը նրա տղաները հուշաքար են կանգնեցնում, որի վրա պատկերված է Ավագը՝ գայլի հետ մենամարտելիս: Տարածքը դարձել է մի յուրօրինակ ուխտատեղի համագյուղացիների համար:

(Ավանդապատումի ստեղծման գործում շնորհակալություն եմ հայտնում Սեյրան և Գրետա Բալասանյաններին)։

Խոտանանի բնական և պատմական հուշարձանները

  1. Գերեզմանատան ներսում գտնվող միանավ սրահով մատուռի ավերակներ, որտեղ մկրտվել է Հայաստանի 101-րդ կաթողիկոս Մովսես Խոտանանցին:
  2. Սբ Աստվածածին եկեղեցի՝ եռանավ բազիլիկ, 17-18-րդ դդ., գտնվում է գյուղի կենտրոնում: Խորհրդային Միության տարիներին ծառայել է գյուղի համար որպես ցորենի և կարտոֆիլի պահեստ: Այստեղ երկար տարիներ բոլշևիկներից ցորենի մեջ թաքցվել է նշանավոր զորավար, Նժդեհի զինակից Պողոս Տեր Դավթյանի մահարձանը, որը 1950-ականներին միայն տեղափոխվեց գերեզմանատուն:
  3. 17-18-րդ դդ. Հին գերեզմանատուն ՝ եկեղեցու շուրջը
  4. Հուշարձան՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտում զոհված խոտանանցիներին
  5. Գյուղից 1-1.5 կմ հեռավորության վրա, վերևում «կախված» է մի մեծ լեռնազանգված, որին գյուղացիները տվել են Քյոշկի քար (այսինքն՝ քաջքերի քար, որովհետև նրա վրա կանգնելուց մարդկանց թվում էր, թե քաջքերը նրան կտանեն ներքև, ՀՀ կառավարության 2006 թ. որոշումով վերանվանվեց՝ Ապարանք)
  6. Գյոլ կոչվող տարածք գյուղի գլխամասում, որտեղ հավաքվում են ձնհալքի ջրերը և մնում մինչև աշուն:
  7. Գյոլից հետո գալիս է Խութի չիմանը (մարգագետին)՝ հեկտարներով տարածք, որտեղ տարածված են մշահամուկը, ղանթափան, ուրցը և այլ դեղաբույսեր
  8. Խութի չիմանից դեպի ձախ բացվում է Քյարքի հանդամասը, որը գյուղի հիմնական խոտհարքն է
  9. Ալամլու տարածքը, որտեղ գտնվում է Շռանի ձորը: Այնտեղ է գտնվում Խաչին աղբյուրը և Հայաստանում իր տեսակով եզակի սիֆոնային քարանձավը
  10. Սառցարաններ, որոնք գտնվում են Խաչին աղբյուրից 1.5 կմ հեռավորության վրա
  11. Չհասած գյուղ՝ Վանքի կալ(այդպես են անվանում , որովհետև տարածքը պատկանում էր Տաթևի վանական համալիրին և վանքին տրվող հացահատիկը այս տարածքում էին մշակում) կոչվող տարածքն է, որտեղ աճում են միայն կաղնիներ և կենտրոնում կանգնեցված է հուշաղբյուր՝ Մեծ հայրենականում զոհված խոտանանցիների պատվին
  12. Խոտանանից վերև դեպի Նոր Առաջաձոր (Չայ Զամի- Գետին արտ) տանող ճանապարհի 7-րդ կմ հատվածում գտնվում են Ղալաբոյնի (Վանդաբերդ ) ամրոցի ավերակները
  13. Թխպուն աղբյուր
  14. Քոսաղբյուր (գտնվում է Վ.Խոտանանից վերև, Նոր Առաջաձորի լճի մոտ,անտառում)
  15. Նավ (աղբյուր)
  16. Ներքին ջուր (աղբյուր)
  17. Գետի (աղբյուր)
  18. Մխկեշեն կալեն (աղբյուր)
  19. Ղզոն (ՀՀ կառավարության 2006 թ. որոշումով վերանվանվեց՝ Կուսանաց աղբյուր)
  20. Շարուն քար
  21. Կապք (քարանձավ Ներքին Խոտանանում )
  22. Սառնատներ (քարանձավ Ներքին Խոտանանում )
  23. Սպիտակջուր ( աղբյուր Ներքին Խոտանանում )
  24. Տավերսի խութ

Լուսանկարում՝ Վերին Խոտանանի դպրոցի շենքը 1932 թվականին (լուսանկարը՝ Գուրոսի)