Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2016-ին հակամարտության կողմերին կարգավորման երեք փաթեթ է ներկայացվել, որոնցում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ դրույթ չի եղել։ Հայաստանի վարչապետը պնդել է, որ 2016-ին առաջարկված փաստաթղթերով՝ Արցախի կարգավիճակի ճշգրտման հարցը Մինսկի խմբից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի տիրույթ էր տեղափոխվում։
«Էստեղ լուծվելու էր մի հարց, որ մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լինելն, ի վերջո, թեկուզ միջանկյալ կարգավիճակով, Ղարաբաղը որ երկրի մաս է կազմում։ Երբ որ սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում է, սա դառնում է շատ կանխատեսելի մի լուծում, ինչո՞ւ, որովհետև 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որտեղ ասվում է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Ասել է հետևյալը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը»,- վարչապետի խոսքերը մեջբերում է Ազատությունը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018-ին իշխանության գալով իրենք հենց այսպիսի բանակցային ժառանգություն են ստացել։ Ըստ վարչապետի՝ հայկական կողմը բանակցությունների ողջ ընթացքում արել է ամենը, որ հարցի վերջնական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթում լինի։
«Դիվանագիտական ամենամեծ հաջողություններից մեկը համարվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվեց և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, մնացած միջազգային կառույցները, ըստ էության, մեկուսացվեցին հարցից, և մեկ էլ բանակցային գործընթացում՝ 2016 թվականին, հարցը նորից կտրտվում է, բաժանվում է մասերի և վերադարձվում է կարգավիճակի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տիրույթ»,- նշել է նա։
Վարչապետը մանրամասնել է՝ 2011-ին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթն ու սկսեց մեծ ծավալի ռազմամթերք գնել, հաջորդող տարիներին էլ ռազմական էսկալացիայի առաջին նշույլներն իր հայտ եկան և 2016-ի հունվարին՝ ապրիլյան պատերազմից առաջ միջնորդները կարգավորման նոր փաթեթ ներկայացրին, առանց Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին դրույթի, առաջարկը Հայաստանը մերժեց, ինչից ամիսներ անց պատերազմ սկսվեց։
«Պատերազմից հետո՝ հուլիսին ըստ էության նույն առաջարկը ներկայացվում է, հայկական կողմը մերժում է նաև այս առաջարկը։ 2016 թվականի օգոստոսին արդեն ներկայացվում է այն փաթեթը, որտեղ ներառված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի իմ ասած աղետաբեր և իմ համոզմամբ ու ակնհայտորեն աղետաբեր ձևակերպումը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պնդմամբ՝ և՛ 2016-ին, և՛ 2020-ին պատերազմը կարելի էր կանխել այդ առաջարկներն ընդունելով։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը դեռ չի արձագանքել վարչապետի այս հայտարարություններին։












