Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը՝ փակման վտանգի առաջ

517

Ստամբուլում հրատարակվող ամենահին հայկական «Ժամանակ» օրաթերթը իր 114-ամյակը նշել է տխուր խմբագրականով, գրում է Ազատությունը: Թերթը ահազանգում է՝ ֆինանսական դժվարին կացության մեջ է և փակման վտանգի առաջ է կանգնած:

Վերջին մեկ տարում թերթի միջոցները գնալով պակասում էին, վարչությունն ու խմբագրակազմը ամեն կերպ հետաձգում էր իր տագնապի բարձրաձայնումը, սակայն հիմա ստիպված են օգնության դիմել՝ վիճակը օրհասական է: Վերջին շրջանում Թուրքիայում գնալով խորացող տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև տպագիր մամուլի հանդեպ հետաքրքրության նվազումը բացասաբար են անդրադարձել թերթի գործունեության վրա:

Ժամանակի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Ազատության» հետ զրույցում նշել է նաև մեկ այլ կարևոր հանգամանք՝ վերջին տասնամյակում պոլսահայ համայնքի խիստ պառակտումը. «Համավարակի շրջանում առաջացած տնտեսական դժվարությունները, նաև այս վերջին տարիներին Թուրքիայի տեղական արժույթի և տարադրամի սակագների միջև եղած ահավոր տատանումները տնտեսական ծանր բեռ են առաջացրել: Ոչ հեռավոր անցյալում 10-12 տարվա բավականին ցնցումային շրջան ունեցավ թուրքահայ համայնքը: Ներքին ցնցումների, ալեկոծումների մեջ ահավոր բևեռացումներ և պառակտումներ են առաջացել մեր համայնքի մեջ, և այս իրավիճակում հազար ափսոս, որ որոշ շրջանակներ սկսեցին թիրախավորել «Ժամանակ» օրաթերթը»:

Ավելի քան մեկ դար թուրքահայության կյանքի կարևոր դրվագները, Հայաստանի և Սփյուռքի առանցքային զարգացումները լուսաբանող պարբերականի գործունեության ամենակարևոր սկզբունքը անկախությունն է: Գոչունյանը շեշտում է՝ «Ժամանակը» ոչ մեկից կախում չունի և այս բարդ շրջանում էլ օգնություն ակնկալելիս ձգտում է հավատարիմ մնալ իր դավանած արժեքներին:

«Սփյուռքի սակավաթիվ անկախ լրատվամիջոցներից մեկն է, և այս պահին ես այս ահազանգը որ հնչեցնում եմ, այդ ահազանգի արձագանքներն արժևորելիս միշտ թերթը ուզում է շեշտել, որ ինքը բոլոր լուծումները որոնում է այն նպատակով, որ ցանկանում է գոյատևել, ցանկանում է շարունակել որպես անկախ լրատվամիջոց», – ասել է նա:

Գոչունյանը նշել է, որ պարբերականի ֆինանսական միջոցները ձևավորվում են բացառապես Թուրքիայի հայության միջոցներով, և հենց այդ եկամուտների նվազումն է հանգեցրել նման ցավալի իրավիճակի: Հույս ունի, որ խնդիրները ժամանակավոր են, իրենց ահազանգը լսելի կդառնա, և հայությունը չի զրկվի համազգային արժեք ներկայացնող Պոլսո «Ժամանակից»:

Թերթի ղեկավարությունը ճգնաժամից դուրս գալու համակարգային լուծումներ է փնտրում, առաջնային նպատակն է ապահովել գոնե առաջիկա մեկ տարվա անխափան գործունեությունը: Ակնկալում են, որ հիմնական աջակցությունը պետք է լինի տեղական համայնքային կառույցներից, բայց հուսով են նաև, որ աշխարհասփյուռ հայությունը ևս անարձագանք չի թողնի իրենց զորակցության կոչը. «Ուզում ենք ապահովել թերթի առաջիկա մեկ տարվա բյուջեն, և եթե մենք առաջիկա մի տարին շահենք, այն իմաստով, որ ավելի միջնաժամկետ և երկարաժամկետ որոնումների արդյունքով ինչ որ կկարողանանք մենք ունենալ, բնականաբար, լավատես հաշվարկների մասին է խոսքը, խնայել, և առաջիկա տարվա տնտեսական եկամուտն էլ, որ հիմա չենք իմանում` ինչ պիտի լինի, դա էլ իր հերթին առանց ծախսելու դնենք և գոյացնել միջոց, որով կկարողանանք «Ժամանակ» օրաթերթի ապագան կազմակերպել»:

Ամենահամեստ հաշվարկներով պարբերականի մեկ տարվա բյուջեն՝ տարածքի վարձակալության, տպագրության և աշխատակազմի ծախսերը, մոտ 150 հազար դոլար է կազմում: Գոչունյանի կարծիքով՝ սա մեծ գումար չէ, և համատեղ ուժերով հնարավոր է հոգալ այս ծախսը և փրկել թերթը փակումից. «Մենք պետք է հաշվենք, որ «Ժամանակ» օրաթերթի ամսական բյուջեն շուրջ12 հազար դոլարին համապատասխանող գումար է, որոշ ընթացիկ ծախսերի շուրջ մենք նաև զարգացման որոշ ծրագրեր պետք է առաջ տանենք: Այս պահին հիմնական ակնկալիքները մոտավորապես, ըստ էության, 180 հազար ԱՄՆ դոլարի համապատասխան գումարի մասին է խոսքը, որը անհավատալի գումար չէ, ըստ երևույթին»:

Պոլսո «Ժամանակի» արդեն չորրորդ սերնդի խմբագիր Արա Գոչունյանի համոզմամբ` չնայած տպագիր մամուլը գնալով կորցնում է իր նշանակությունը, բայց անաչառ և ճշգրիտ լրատվությունը միշտ էլ պահանջված է լինելու: Խմբագիրը հույս ունի, որ «Ժամանակը» դեռ հարյուրամյակներով շարունակելու է իր առաքելությունը: