Սյունիքի մարզում Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի որոշ հատվածների Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո այլընտրանքային ճանապարհների կառուցումը նոյեմբերի 18-ին կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել է չպլանավորված աշխատանք, որ այժմ իրականացվում է և ըստ նախատեսված ծրագրի պետք է ավարտվի 2022 թվականին, հաղորդում է Ազատությունը։
«Փաստացի մենք ունենք յոթ ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում ենք։ Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է, որը համարում ենք ավարտված է, բավական ժամանակ երթևեկելի է, նորմալ է։ Եվ նշել ենք այդ մասին, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում։ Հիմա երկու շերտն է տեղադրված, գարնանը, եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք, երրորդ շերտը կտեղադրվի»,- ասել է Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով, Տաթև-Աղվանի ճանապարհը արդեն գրեթե պատրաստ է։
«Մյուս վեց հատվածներում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան։ Այդ վեց հատվածներից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որ ինն ու կես կիլոմետր է։ Ճանապարհի մի մասը՝ 3,5-4 կիլոմետրը արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքները իրականացվել են, և մյուս հատվածներում շարունակվում են»։
Հաջորդ՝ Տանձավեր-Շուռնուխ 13 կիլոմետրանոց ճանապարհը ևս կառուցվում է, այն պետք է անցնի անտառով, ինչի պատաճռով աշխատանքներն ավելի բարդ են։
Պատաստ է Որտան-Խոտ ճանապարհի 10 կիլոմետրից 5-ը, շարունակությունը կառուցվում է։ Սանոսյանը տեղեկացրեց, որ շարունակում են կառուցել նաև Տաթև-Լծեն ճանապարհը։
«Եվ երկու ճանապարհահատված ունենք՝ Կապան-Ճակատեն և Կապան-Գեղանուշ- Ճակատեն։ Օրեր առաջ սկսվել էր Գեղանուշ – Ճակատեն հատվածի շինանարությունը, երեկվանից սկսել ենք նաև խճապատման աշխատանքները, որոշակի թեքություններ կան։ Եվ երկու-երեք օրվա ընթացքում խճապատման աշխատանքները կավարտենք, ճանապարհը ավելի հեշտ ու անցանելի կլինի»,- ասել է Սանոսյանը։
Ըստ նախարարի, Կապան-Ճակատեն նոր ճանապարհը կձգվի հին ճանապարհին գրեթե զուգահեռ. «Ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնել, երբ որ ավարտական տեսքի բերենք»։
Ըստ վարչապետի և Տարածքային կառավարման նախարարի, այս բոլորը ճանապարհները ամբողջովին պետք է պատրաստ լինեն 2022 թվականին։
Լուսանկարում՝ Գորիս-Որոտան ճանապարհի ոլորապտույտ հատվածը, որն անցել է Ադրբեջանին 2020թ պատերազմից հետո












