Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Սուրբ Լեոն Հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել «Հերոսների ճամփորդությունը. զորավար Անդրանիկ և Վաղարշակ Շահինյան» (The Journeys of Heroes: General Antranig, Vagharshag Shahinian) հատորի շնորհանդեսը՝ հովանավորությամբ 8 հայկական կազմակերպությունների:
Գիրքը ԱՄՆ-ում հրատարակության է պատրաստել Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը: Հատորի խմբագիրը Թաթուլ Հակոբյանն է, թարգմանիչը՝ Հեղինար Մելքոմ Մելքոմյանը: Առաջաբան են գրել Ռիչարդ, Քեն և Քարոլ Սարաջյանները, ինչպես նաև առաջաբան ու ներածություն՝ Փոլ Շահինյանը:
Հայագիտական արժեքավոր այս աշխատությունը ներառում է երկու առանձին պատմություն՝ Եղիշէ Քաջունու Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը օրագրությունը և Սարդարապատի հերոսներից Անդրանիկ Շահինյանի հարցազրույցը, որ արվել է նրա կյանքի մայրամուտին՝ 1953-ին, ԱՄՆ-ում:
2015 թվականին ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել էր զորավարի գրագիր Եղիշէ Քաջունու օրագրությունը, որը Անդրանիկ Օզանյանի՝ 1918 թվականի ապրիլից մինչև 1919 թվականի ապրիլ Հայաստանում անցկացրած մեկ տարվա մանրամասն պատմությունն է:
Վաղարշակ Շահինյանը 1918-ին իր 1100-հոգանոց աշխարհազորային բանակով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Նա ծնվել էր 1889-ին, Վանում: 1910-ին մեկնել էր ԱՄՆ, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել, մտել զինվորական ծառայության և մասնակցել առաջին աշխարհամարտին:
Հետագայում նա կրկին մեկնել է ԱՄՆ՝ ծավալելով բիզնես գործունեություն: Մահից հետո՝ 1976 թվականին, նրա աճյունից մի բուռ հող բերվել և ամփոփվել է Սարդարապատի հուշահամալիրի արծիվների ճեմուղու առաջին արծվի մեծադիր քանդակի մերձակա հատվածում:
Դեկտեմբերի 9-ի երեկոյան Նյու Ջերսիի Սուրբ Լեոն հայկական եկեղեցում կայացած միջոցառմանը ներկա էին Եղիշե Քաջունու և Վաղարշակ Շահինյանի ընտանիքի անդամները: Խոսք ասացին Վաղարշակ Շահինյանի թոռներից Փոլ Շահինյանը և Եղիշե Քաջունու թոռներից Քեն Սարաջյանը: Երեկոն վարում էր Նյու Ջերսիից հասարակական գործիչ Արա Արազը:
Այս ձեռնարկը հովանավորել և ֆինանսավորել էին հայկական հետևյալ կառույցները՝
Ararat-Eskijian Museum,
Armenian Democratic Liberal Party-Ramgavars,
Armenian Network of America-Greater NY,
Family of Vagharshag Shahinian,
Family of Yegishe Catchouny,
Knights of Vartan-Bakradouny Lodge,
National Association for Armenian Studies and Research, NAASR,
St. Leon Armenian Church.
Առաջիկայում այս հատորը կթարգմանվի արևելահայերեն և հասանելի կլինի Հայաստանի ընթերցողի համար:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն













