Արծվանիկ գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան

1216

Արծվանիկ գյուղը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, խոշորացված Կապան համայնքի մաս է կազմում: Գտնվում է մարզկենտրոն Կապանից 14 կմ հեռավորության, ծովի մակարդակից ավելի քան 1100 մետր բարձրության վրա, Բարգուշատի լեռների ճյուղերից մեկի լանջին: Ըստ Սյունիքի մարզպետարանի տվյալների՝ այսօր գյուղն ունի 572 բնակիչ:

Արծվանիկը հնում կոչվել է Երեց կամ Երեցվանիկ և մտել է Մեծ Հայքի Սյունիք
աշխարհի Բաղք (Քաշունիք) գավառի մեջ, այնուհետև՝ Արծեվանիկ գյուղ՝
Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառում, Կապանի ոստիկանական
շրջանում։ Ըստ հին հարկացուցակի՝ Տաթևի վանքին տալիս էր 12 միավոր հարկ։
Նախկին գյուղը, որը գտնվել է Արծվանիկից մոտ 1 կմ հարավ-արևմուտք, ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Երեց կամ Երեցվանիկ է կոչվել վանահայր և հետո՝
Սյունյաց եպիսկոպոս Երիցակի անվամբ, որն այստեղ շինել է Երիցվանքը (6-րդ
դար)՝ իր հարակից եկեղեցիով և ճգնավորի մատուռով։ Այստեղ են գտնվում Ագռավի տապան միջնադարյան կառույցը և հնագույն ամրոցի (մ.թ.ա. 4-1 դար) ավերակները։
Գյուղի տարածքում կան դամբարանադաշտեր (մ.թ.ա. 2-1 հզմ), գերեզմանոցներ՝
տապանագիր խաչքարերով, հին գյուղատեղիներ, եկեղեցիներ։ Արծվանիկում Դավիթ Բեկի ժամանակներում տեղի է ունեցել ճակատամարտ, որում զոհվել է Չավանդուրի իշխան Թորոսը։ Գյուղում 1881թ. եղել է Րաֆֆին, որը նյութեր է հավաքել Դավիթ Բեկի մասին։

Արծվանիկի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 143 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 534 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 855 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 933 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 921-ը՝ հայ, 11-ը՝ իսլամ, 1-ը՝ պրավոսլավ,

1904 թվական – 1072 հոգի,

1914 թվական – 1319 հոգի, բոլորը՝ հայ, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 872 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 954 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 779 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 778-ը հայ, 1-ը՝ թուրք,

1931 թվական – 899 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Արծվանիկն ունեցել է.

1939 թվական – 861 հոգի,

1959 թվական – 667 հոգի,

1970 թվական – 712 հոգի,

1979 թվական – 639 հոգի,

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝