Թեհրան. հույս ունենք՝ Ռուսաստանը կարձագանքի Հարավային Կովկասում սահմանների հնարավոր փոփոխությանը

627

Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, այլև՝ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո, հաղորդում է Ազատությունը։

Լավրովը նշել է, թե իրանական կողմը դրական է արձագանքել այս երկրների մասնակցությամբ 3+3 ձևաչափով նոր հարթակ ստեղծելու նախաձեռնությանը։ Պնդելով, թե առաջարկին կողմ են նաև Ադրբեջանում և Թուրքիայում, Լավրովն ասել է՝ հայ գործընկերների հետ դեռ աշխատում են այս ուղղությամբ։

Իրանի արտգործնախարարը երեկ Մոսկվա ժամանելուն պես հայտարարել էր՝ հույս ունեն, որ Ռուսաստանը կարձագանքի Հարավային Կովկասում սահմանների հնարավոր փոփոխությանը։

«Մենք մտահոգություններ ունենք և քննարկել ենք այդ հարցը Լավրովի հետ», – այսօր բանակցություններից հետո հայտարարել է Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Մանրամասներն ու ռուսական կողմից արձագանքը, սակայն, նա չի մանրամասնել։