Խորհրդային շրջանում Ձագիկավան գյուղը, որ մինչև 2017 թվականը կրում էր Մուսալլամ անունը և մինչև 1988-ը բնակեցված էր ադրբեջանցիներով, Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղխորհրդի կազմում էր՝ Կաթնառատ, Ղովշուտ, Փուխրուտ բնակավայրերի հետ:
Ձագիկավան (Ձագեձոր, Ձագիկձոր, Մուսաշաղ, Մուսալամ) գյուղը այսօր խոշորացված Քաջարան համայնքի մաս է կազմում: Գտնվում է Ողջի գետի աջ ափին, Քաջարան-Կապան ավտոմայրուղու վրա, ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա, Քաջարան քաղաքից 9․5 կմ հյուսիս-արևելք։ Գյուղում կա 11-13-րդ դդ․ կիսավեր եկեղեցի և հին գերեզմանոց։
Քաջարան խոշորացված համայնքն ընդգրկում է Քաջարան քաղաքը և հետևյալ 20 գյուղական բնակավայրերը՝ Անդոկավան, Աջաբաջ, Բաբիկավան, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Լեռնաձոր, Կաթնառատ, Կավճուտ, Կարդ, Կիցք, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ, Քաջարանց, Քարուտ: Ընդհանուր բնակչության թիվը ավելի քան 8 հազար է:
Ձագիկավանը 1988 թվականից հետո վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած հայերով։ Գյուղի տարածքում կան հին գերեզմանոցներ, խաչքարեր։ Սյունիքի մարզպետարանի տվյալներով, այսօր գյուղում 76 հոգի է բնակվում:
Մուսալլամ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – չի նշվում,
1873 թվական – չի նշվում,
1886 թվական – չի նշվում,
1897 թվական – 34 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,
1904 թվական – չի նշվում,
1914 թվական – չի նշվում,
1919 թվական – չի նշվում,
1922 թվական – 36 հոգի, բոլորը՝ բոլորը՝ թրքո-թաթար,
1926 թվական – 44 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք,
1931 թվական – 105 հոգի, որից 104-ը՝ թուրքական խումբ, 1-ը՝ հայ:
Խորհրդային տարիներին Մուսալլամն ունեցել է՝
1939 թվական – 114 հոգի,
1959 թվական – 154 հոգի,
1970 թվական – 449 հոգի,
1979 թվական – 390 հոգի:
Այսօր, ըստ Սյունքի մարզպետարանի տվյալների, Ձագիկավանում բնակվում է 76 հոգի:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Դիտել և կարդալ նաև՝











