Ադրբեջանն Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտին մեղադրել է, որ խաղաղապահների անգործության ֆոնին Արցախ են տեղափոխվում Հայաստանի ԶՈւ զինծառայողները։ Ադրբեջանն Իրանին բողոքի նոտա է ուղղել՝ իր տարակուսանքը հայտնելով իրանական բեռնատարների վերաբերյալ, որոնք ուղևորվում են Արցախ։
Ի՞նչ է կատարվում։ JAMnews-ը փորձել է հավաքել այս պահին առկա տեղեկությունները։ Իրավիճակը մեկնաբանել է ադրբեջանցի քաղաքական գործիչներից մեկը։
- Ինչո՞ւ են կրկին մարտեր սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Պատասխաններ Երևանից
- Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադարձությունների պատճառները։ Մեկնաբանություն Բաքվից
- Ինչպե՞ս է Ռուսաստանը խաղում Հայաստանի և Ադրբեջանի դիմակայության վրա․ մեկնաբանություն Բաքվից
Հայ զինծառայողների տեղափոխումն Արցախ
2021 թ-ի օգոստոսի 9-ին ադրբեջանական caliber.az պարբերականը, որը հայտնի է որպես իշխանամետ, սենսացիոն նյութ է հրապարակել Հայաստանի ԶՈւ զինծառայողներին Արցախ տեղափոխելու մասին։
«…Հայաստանն այնտեղ անձնակազմ է տեղափոխել տասներկու «ԿամԱԶ»-ով և երեք «Ուրալով», ինչպես նաև մի քանի «ԿՈւՆԳ»-ով (ունիվերսալ զրոյական ծավալի բեռնախցիկով բեռնատար, որով զինծառայողների են տեղափոխում)։ Բացի այդ, Հայաստանից Ղարաբաղ քաղաքացիական հագուստով զինծառայողներ են տեղափոխվում մարդատար ավտոմեքենաներով», — ասված է հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ այս գործողությունները տեղի են ունենում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լուռ համաձայնությամբ։
Խաղաղապահները հաղորդել են փոխհրաձգության մասին
Հաջորդ օրը՝ 2021 թ-ի օգոստոսի 10-ին Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության տեղեկատվական թերթիկում հաղորդագրություն է հայտնվել նրանց պատասխանատվության տակ գտնվող գոտում փոխհրաձգության մասին։
«…Օգոստոսի 9-ին ժամը 17.45-ին Շուշա բնակավայրի հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ու Ադրբեջանի զինված ուժերի միջև։
Ռուս խաղաղապահների ջանքերով հրաձգությունը դադարեցվել է, տուժածներ չկան։ Այս փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է իրականացնում»։
Բաքվում միանգամից ուշադրություն են դարձրել նրան, որ խաղաղապահները փոխել են իրենց հռետորաբանությունն Արցախում հայկական զինված ուժերի վերաբերյալ։ Նախորդ համանման հաղորդագրությունում նրանք նշվում էին որպես «Հայաստանի զինված ուժեր»։
Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրել է խաղաղապահներին
2021 թ-ի օգոստոսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման օրվանից ի վեր առաջին անգամ փաստացի մեղադրել է ռուսական կոնտինգենտին անգործության համար։
«Հայաստանի զինված ուժերի լիակատար դուրսբերումն Ադրբեջանի տարածքից լիարժեք չի ապահովվել, որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը՝ 2020 թ-ի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն։

Վերջին օրերին Հայաստանը, կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարությունը, իր զինված ուժերի անձնակազմը տեղափոխում է Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, հայկական նոր հենակետեր է տեղակայում Մուխթարքենդ, Շուշաքենդ բնակավայրերի մերձակայքում, ինչպես նաև Քելբաջարի և Լաչինի շրջանների վարչական սահմանների արևելյան ուղղությամբ։
Ադրբեջանական բանակը համարժեք միջոցներ է ձեռնարկում սա կանխելու համար։ Հայկական կողմը նպատակաուղղված կերպով նման սադրանքների է դիմում իրավիճակի սրման համար։
Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի՝ հայկական բանակի կողմից բոլոր միջոցներով ուժի կիրառման վերաբերյալ անպատասխանատու և սադրիչ կոչի ֆոնին։ Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես սադրիչ ռազմական դոկտրինով էր հանդես գալիս՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Նրա խայտառակ ճակատագիրը հայտնի է բոլորիս։
Ադրբեջանական բանակը համարժեք միջոցներ է ձեռնարկելու։
Ռուս խաղաղապահները պետք է վերջ տան Ադրբեջանի տարածքում իրենց տեղակայման վայրերում Հայաստանի ԶՈւ տեղակայմանը», — ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։
Ադրբեջանի նոտան Իրանին
Նույն օրն Ադրբեջանը նոտա է հղել Իրանի Իսլամական Հանրապետությանը։
«Ադրբեջանի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ԱԳՆ է կանչվել։
Հանդիպմանը դեսպանի ուշադրությունը հրավիրվել է ԻԻՀ-ին պատկանող բեռնատարներն ապօրինի կերպով Ղարաբաղ մեկնելու անցանկալի փաստերի հայտնաբերման վրա, որի առթիվ հակառակ կողմին նոտա է հղվել։
Դրանում ասվում է, որ վերջերս իրանական պետհամարանիշներով տարբեր նշանակության ավտոմեքենաներ ելումուտ են անում Ադրբեջանի Ղարաբաղյան շրջանից առանց պաշտոնական Բաքվի թույլտվության։
Իրանական կողմին որոշ ժամանակ առաջ բանավոր կերպով ուղղված դժգոհությունը ևս մեկ անգամ ներկայացվել է Իրանի դեսպանի ուշադրությանը։
Հանդիպմանը նշվել է նաև, որ Իրանի նոր վարչակազմը գործնական քայլեր կձեռնարկի նման տագնապալի և երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական և գործընկերային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող դեպքերի կանխման նպատակով», — ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Մեկնաբանություն Բաքվից
«Խանքենդի (Ստեփանակերտ — JAMnews) միայն մեկ ճանապարհ է տանում՝ Լաչինից, Շուշայի կողքով։ Եվ այդ ճանապարհը չի կարելի «միջանցք» անվանել, ոչ մի պաշտոնական փաստաթուղթ այն չի նշում որպես միջանցք։ Այդ պատճառով էլ այդ ճանապարհը, որը ժամանակավորապես Ռուսաստանի վերահսկողության տակ է, մենք միջանցք չենք անվանելու», — նշել է ադրբեջանցի քաղաքական գործիչ, «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նաթիկ Ջաֆարլին։
Նրա խոսքով՝ այդ ճանապարհը Ռուսաստանի լիարժեք վերահսկողության տակ է։ «Ո՛չ մեր զինվորները, ո՛չ սահմանապահները, ո՛չ մեր մաքսատունը չեն վերահսկում իրավիճակն այդ ճանապարհին, հետևաբար, մեր երկրի այդ հատվածում Ադրբեջանի ինքնիշխանությունն ապահովված չէ», — նշել է նա։
«Եվ եթե ճանապարհը վերահսկում է Ռուսաստանը, ապա վերջին օրերին Հայաստանից Խանքենդի զինվորների և սպաների տեղափոխումն իրականացվում է Կրեմլի թույլտվությամբ։
Եթե սա Կրեմլի արած գործն է, ապա այն որոշակի պլան ունի, եկեք դիտարկենք տարբերակները․
1. Թիրախը Փաշինյանն է։ Չկարողանալով Նիկոլ Փաշինյանին հաղթել ոչ ռազմական պարտության, ոչ ընտրությունների ճանապարհով, Կրեմլը մտադիր է նրան առերեսել էլ ավելի ծանր պարտությունների՝ այդպիսով վերջնականապես սպանելով Արևմուտքի նկատմամբ սերը հայ էլիտայի և հասարակության շրջանում։ Այսպիսի սցենարը կարող է նույնիսկ հանգեցնել նրան, որ հայերը համաձայնեն Ռուսաստանի կամ Միութենական պետության կազմ մտնել (դրա կազմում կլինի նաև Բելառուսը)։ Դրանից հետո մենք արդեն սահմանակից կլինենք արդեն ոչ թե Հայաստանի, այլ այդ «Միութենական պետության» հետ, Խանքենդիում այդ պետության անձնագրեր կբաժանեն, և մենք վերջնականապես կկորցնենք այդ շրջանը։
2. Թիրախն Ադրբեջանն է։ Ռուսաստանն Ադրբեջանից պահանջում է անդամակցել Եվրասիական և Մաքսային միություններին, ՀԱՊԿ-ին, Ալիևն արդարացված կերպով հրաժարվում է, և այդ պատճառով Կրեմլը հակագրոհ է պատրաստում հայերի օգնությամբ, որը կարող է մի քանի հաջող ռազմական գործողություններով պսակվել։ Եվ Ադրբեջանը ստիպված կլինի անդամակցել այդ կազմակերպություններին։ Զուգահեռաբար, Ռուսաստանը կվերականգնի իր կորցրած հեղինակությունը հայ հասարակությունում, և Հայաստանը կշրջվի դեպի իր հյուսիսային հարևանը։
3. Թիրախը Թուրքիան է։ Բոլորս գիտենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, կարելի է ասել, բախվում են ամեն քայլափոխի, և նրանք ստիպված են գոյատևել «սիրելի թշնամիների» կարգավիճակում։ Մոսկվայի համար անընդունելի է Թուրքիայի հեղինակության աճն Ադրբեջանում և Հարավային Կովկասում։ Սրելով լարվածությունը Ղարաբաղում՝ Կրեմլն ուղղակիորեն սակարկության է գնում Թուրքիայի հետ, և Ղարաբաղն ընդամենն այդ սակարկության մի մասն է դառնում։ Մոսկվան ու Անկարան լուծում են իրենց խնդիրները, իսկ մեզ մնում է միայն համակերպվել այդ համաձայնության հետ։
Այս երեք վարկածները մեզ համար վտանգի աղբյուր են, լուրջ ծուղակ։ Եվ այդ ծուղակը չընկնելու համար Ադրբեջանը պետք է անհապաղ սկսի երկրի կառավարման բարդ մեխանիզմի ստեղծում, խորհրդարանն ավելի գործուն կառույց դարձնի։ Միլլի մեջլիսը [Ադրբեջանի խորհրդարան — JAMnews] փաստաթուղթ է ընդունում, որում խաղաղապահներն «ապօրինի» կարգավիճակ են ստանում, նախագահը չի ստորագրում այդ փաստաթուղթը, այդպիսով սակարկության առարկա է ստեղծվում Մոսկվայի հետ։ Հենց այս պատճառով ենք մենք ճիշտ համարել Ղարաբաղում խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման մասին որոշումն առանց խորհրդարանի թույլտվության։ Այս փաստը մանևրելու հնարավորություններ է ստեղծում։
Որպես ազգ և պետություն մենք լուրջ քննության առջև ենք, և այս փուլից մեզ կարող է դուրս բերել միայն «Չանաքալեի» ոգին [նկատի ունի Չանաքալեի ճակատամարտը՝ Աթաթուրքի գլխավորությամբ արևմտյան օկուպանտների դեմ Թուրքիայի պայքարի վճռորոշ պահերից մեկը — JAMnews]։ Պարզ է, որ մենք չենք կարող կռվել Ռուսաստանի դեմ, պարզ է, որ Թուրքիան մեր պատճառով չի կարող պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Սակայն մի ելք կա․ երկրի կառավարման նոր մեխանիզմը։ Իլհամ Ալիևը պետք է գնա պատասխանատվության և լիազորությունների բախման և դա անի նուրբ, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել այս մարտահրավերները։ Մենք պատրաստ ենք նրան օգնել այս հարցում», — հայտարարել է Ջաֆարլին։












