Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում մարտական գործողություններ են ընթանում

1465

Գիշերը ժամը 3:40-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ընթանում են տեղային մարտեր: «Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 7-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են», – ասված է հաղորդագրությունում:

«Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ավելի ուշ նախարարությունը հետևյալ հաղորդագրությունը տարածեց. – «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներն են կեսգիշերից քիչ անց գնդակոծել ադրբեջանական ուժերի դիրքերը «Քելբաջարի շրջանում», վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող: Ըստ պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանական ուժերը «համարժեք միջոցներ» են կիրառում, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: