2018-ի դեկտեմբերին իմ քվեն տվել եմ Գայանե Աբրահամյանին

1110

Առաջին անգամ ընտրությունների մասնակցել եմ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին և ԱՅՈ եմ ասել Հայաստանի անկախության հանրաքվեին:

Նույն տարվա հոկտեմբերի 16-ին իմ հայրենի գյուղում, նախագահական ընտրություններում, քվեարկեցի Պարույր Հայրիկյանի օգտին: Հայրիկյանը Դովեղում 24 ձայն ստացավ: Նախագահական այդ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը ստացավ ավելի քան 83 տոկոս: Հայրիկյանը ստացել էր քվեների 7 տոկոսը:

1991-ից սկսած ես երբեք իշխանական կուսակցության թեկնածուի օգտին չեմ քվեարկել՝ լինեն նախագահական, թե խորհրդարանական ընտրությունները:

Չեմ քվեարկել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի օգտին:

Միակ դեպքը, որ ձայն եմ տվել գործող իշխանություններին, եղել է 2018-ի դեկտեմբերին: Ես քվեարկել եմ Իմ քայլի օգտին:

Ավելին ասեմ. ընտրությունների նախօրեին 200 կիլոմետր վարել եմ իմ մեքենան, հասել հայրենի գյուղ, որտեղ գրանցված եմ, վաղ առավոտյան 8-ին գնացել ընտրատեղամաս, քվեարկել Իմ քայլի օգտին, ապա 200 կիլոմետր վարել մեքենան, վերադարձել Երևան, որպեսզի ՍիվիլՆեթի ստուդիայից խոսեմ ընտրություններից:

Մի քանի դեպքեր ինձ հիասթափեցրին, և ես ընկերներիս մոտ ասում էի, որ ափսոսում եմ, որ քվեարկել եմ Իմ քայլի համար: Իսկ երբ խորհրդարանում Իմ քայլը բոլշևիկյան ձևով քվեարկեց կաշառակեր և լրատվամիջոց փակելուն օժանդակած ՍԴ անդամների օգտին, ես խորը հիասթափություն ապրեցի:

Ես ներքին կոնֆլիկտ ունեի, քանի որ չէի հարմարվում, որ ընտրել եմ Իմ քայլին: Այսօր այդ կոնֆլիկտը հաղթահարված է:

Ես իմ քվեն 2018-ի դեկտեմբերին տվել եմ Գայանե Աբրահամյանին:

Գայանեն արեց Իր քայլը և մերժեց բոլշևիկյան մտածողությունը: Նա նաև ցույց տվեց, որ ինքը հեղափոխության արժեքների ԴԱՍԱԼԻՔ չէ:

Թաթուլ Հակոբյան