Անցյալ տարվա սեպտեմբերին էր, որ Հայաստանի ծայրագավառներից մեկում նախաձեռնվեց իրագործել մի մեծ միտք, որի սկզբնավորությունը տեսնելիս երբեք չէր կարելի երևակայել, որ նա մի տարի հետո կստանա այժմյան մեծ ծավալն ու նշանակությունը վերածնվող Հայաստանի համար:
Երկար տարիներ հայտնի ֆիրմաներում պատասխանատու գործեր վարող մի ճարտարապետ, մոռացության տալով անձնական ու տնտեսական հանգամանքների հակադիր և աննպաստ դասավորումը, նախաձեռնում է մեր մթնոլորտում, առանց դրամագլխի հիմնել մի էլեկտրական կայան 60 անձերի ընկերակցությամբ, որոնք բացի աշխատավոր ձեռքերից և մի քանի մասնագետներից, ոչինչ չունեին: Փորձը հաջող անցավ. Դիլիջանի գավառի Կողբ գյուղում հիմնվեց կուլտուրա-տնտեսական արտելը, որը նոյեմբերի 1-ին մեծ ոգևորությամբ կատարեց պաշտոնական բացումը իր էլեկտրական կայարանի շենքում էլեկտրական լուսավորությամբ:
Արտելի 60 անդամների մի տարվա ընթացքում կատարած աշխատանքը պատկերացնելուց առաջ պիտի հիշել որ նրանց տնտեսական դրությունը եղել է շատ աննախանձելի, նույն տարվա ընթացքում շատերը սոված են եղել: Կազմված վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր արտելի ընտանիքը ունեցել է միջին թվերով նույն տարում ցանած հող 1,34 դեսյատին, իսկ խոշոր եղջյուրավոր անասուն 4,12, մանր եղջյուրավոր՝ 5,60: Հակառակ այդ փոքր տնտեսության աշխատանքները եղել են գերազանցորեն հարուստ և պերճախոս:
Այսօր փաստ է, որ արտելը ունի մի էլեկտրական կայարան, որի շինության գեղեցկությունն ու հրապույրը բավական է, որ ամեն անդամ բարոյապես անխզելի կապերով կապված լինի իր արտելի հետ. հապա էլեկտրական լույսը, որ առաջին անգամ է տեսնում անդամների մեծամասնությունն ու տավարագեղցիի հետամնաց մութ ծմակները, իսկ իր աղմկող սղոցարանի անընդհատ ու հարատև դղրդոցը, որը օրական բազմաթիվ ատաղձեղեն է արտադրում՝ ազդարարելով կուլտուրայի փառապանծ մուտքը նախապատմական ավանդությունները անկեղծ պահած մութ ու խորը ձորերում:
Այսօր, սեփական բազուկների մի տարվա չարքաշ աշխատանքից հետո, արտելը ունի 300 սաժենից երկար, տեղ-տեղ մինչև 3-4 սաժեն խորությամբ և մի սաժեն լայնությամբ ջրանցք, 20 արշին խորությամբ ցեմենտով պատած ջրամբար, լճակի նման իր դահանակը և Պավիլոն Դ՛Վերսայլի նմանողությամբ շինված էլեկտրական կայարան, որոնք արժել են 8000-ից ավել բանվորական օր և մոտ 2000 օրվա սայլի աշխատանք:
Կողբի բնության ամենագեղեցիկ մի մասում՝ Կոզմանում, վերջին ամսվա ընթացքում վարած ու պատրաստված է 4 դեսյատին այգեստանը, որը պիտի ունենա մոտ 2500 ազնիվ տեսակի ծառեր:
… [Արտելի] բացումից մի քանի որ հետո որոշվում է կառուցանել ձեթի և ամանեղենի 2 գործարաններ, առաջինը պատրաստ կլինի մի ամիս հետո, իսկ երկրորդը 1923 թվի մարտին կկատարի յուր բացումը, այժմ արտելի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է շուտով հնարավորություն ունենալ շահագործելու գործարանի մոտ գտնող կրակադեմ հողը, որից կարելի է պատրաստել ամենաընտիր տեսակի ամանեղեն, նույնիսկ ֆորֆորե:
Արտելը համոզված է, որ նույն գործարանը ոչ միայն Դիլիջանի գավառի, այլև ամբողջ Հայաստանի տնտեսության համար ունի մեծ նշանակություն, քանի որ նրա արտադրությունները կարելի է արտահանել մեծ քանակությամբ հարևան պետություններ: Եռանդով, ոչ մի զոհողության առաջ առանց կանգնելու, հակառակ ձյունի և ցրտի, հետզհետե բարձրանում է նոր գործարանի պատերը…
Արամ Դավթյան
* Ծ. Խմբ: Այս թղթակցությունը փոստը ուշացրել էր: Լուր է ստացվել, որ Կողբի արտելի էլեկտրակայանը պայթել է դեռ մեզ անհայտ պատճառներով: Տնտեսական նարկոմատները և խմբագրությունս ցավակցական հեռագիր են ուղղել Կողբի արտելի ընկերներին և խոստացել իրենց աջակցությունը կործանվածը վերականգնելու:
Խորհրդային Հայաստան, թիվ 268, Շաբաթ, 2 Դեկտեմբեր, 1922թ
Լուսանկարում՝ Կողբ գյուղը 1946 թվականին
Դիտել նաև՝













