Խորհրդային Հայաստանը՝ Թուրքիային և Պարսկաստանին բարեկամ․ Սարգիս Լուկաշինի զեկուցումից, 1922թ

1501

Խորհուրդների Համահայկական 2-րդ համագումարը․ ընկեր Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյան) զեկուցումը

Տեղեկանք ԱՆԻ-ի․ Սարգիս Լուկաշին/Սրապիոնյանը 1922 թվականի փետրվարի 1-ից մինչև 1925 թվականի հունվարի 30-ը եղել է Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ 

Թույլ տվեք նախ և առաջ կանգ առնել մեր փոխհարաբերության վրա հեղափոխական Թուրքիայի հետ: Մենք հրահանգ ունեինք մեր անդրանիկ բանվորա-գյուղացիական համագումարից՝ պահել ու պահպանել և խորացնել այն բարի դրացիական կապը, որ մինչև առաջին մեր համագումարը ունեինք: Դա մենք կատարել ենք ամենայն հետևողականությամբ և քաղաքական անկեղծությամբ: Մենք հաստատ համոզված էինք, որ նախ և առաջ մեզանից՝ Խորհրդային Հայաստանից է, որ պահանջվում է հեղափոխականորեն, արմատականապես քանդել այն ազգայնական-թշնամիական առեղծվածը, որ մնացել եր մեզ իբրև ժառանգություն դաշնակցական-անտանտային նախկին բուրժուական կառավարությունից:

Նաև կարևոր է այդպիսի վերաբերմունք ունենալ այն ժամանակ, երբ թուրք ժողովուրդը գերմարդկային ճիգ էր թափում իր ազատության համար իմպերիալիստական աշխարհի հանդեպ՝ մեր ուժերի չափ աջակցելով նրան այդ հեղափոխական կռվում: Եվ այսօր մենք ամենայն իրավամբ կարող ենք ասել, որ մեր փոխհարաբերությունը դեպի Թուրքիան և թուրք ժողովուրդը բարեկամական է: Մենք համոզված ենք, որ իր հերթին թուրք ժողովուրդը ևս իր հեղափոխական ազգային շարժման ընթացքում դառն փորձի բովով անցնելով, տեսավ, թե ով է իր բարեկամը և ով՝ իր թշնամին:

Ընդհանրապես, այստեղ պետք է ասեմ, որ տարած քաղաքականությունը դեպի թուրք ժողովուրդը, այսօրվա կամ վաղվա վերաբերմունք չէ միայն, այլ տևական, նա կմնա և վաղը և կիրագործվի ապագայում․․․ (երկարատև ծափեր:)

Այն վարքագիծը, որ մենք ունենք դեպի Թուրքիան և թուրք ժողովուրդը քաղաքագիտական մի լոկ երևույթ չէ, այլ հեղափոխության տևական շահերից բխող մի վերաբերմունք է, որ նպատակ ունի ազատագրելու արևելյան ժողովուրդները իմպերիալիզմի լծից և շաղկապելու նրանց սոցիալիստական հեղափոխության:

Խորհրդային Հանրապետությունների այդ բարեկամական վերաբերմունքն էր, խորհրդային բանվորագյուղացիական և թուրք ժողովրդական մասսաների հեղափոխական շահերի տևական միասնականություն էր, որ դրդեց Կովկասյան Դաշնակցային Կենտրոնական Խորհրդին և Համայն Ռուսաստանի քաղաքական կենտրոնին, բարեկամաբար դիմելու Անգորայի կառավարության, միջոցներ ձեռք առնելու նախադասել ու կասեցնել այն պրովոկացիոն երևույթը, որի անունն է կոտորած ու թալան, որ միշտ էլ զենք է ծառայել իմպերիալիզմի ձեռքին, առաջին հերթին՝ ինքնին թուրք ժողովուրդի ազատագրման դեմ ուղղված:

Մենք համոզված ենք, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առաջնորդում է թուրք ժողովրդի ազատագրումը իմպերիալիստական լծից, նույն տեսակետի է և նույն գնահատումն է տալիս:

Բայց, միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ գլխավոր մեղավորները հայ ժողովրդական լայն մասսաների տրագեդիայի և այսօր, ինչպես և անցյալում, հայ նացիոնալիստ-շովեն խմբակցություններն են և նրանց արբանյակները, առաջին հերթին հայ հակա-հեղափոխական դաշնակցություն կոչվող կուսակցությունն է դա:

Նրանք են, որ կանչվեցին պատասխանատվության մեր երկրի ներսում երեկ, նրանք են, որ պիտի պատասխանեն և վաղը մեր սոցիալիստական հայրենիքից դուրս մեր աշխատավորության կողմից:

Ինչ վերաբերում է մեր փոխ-հարաբերության Պարսկաստանի և պարսիկ ժողովրդի հետ, նա եղել է հենված Խորհրդային հանրապետությունների և մեր հանրապետության կողմից տարվող խաղաղ բարեկամական սերտ փոխադարձ տնտեսական-առևտրական հողի վրա: Մեզ անհրաժեշտ է ամեն կերպ սերտ բարեկամական հարաբերություններով կապվել պարսիկ ժողովրդի հետ:

Աջակցել և օգնել նրան թոթափելու իր ուսից իմպերիալիստական անվերջ ինտրիգները և կազմակերպելու իր ազատ ժողովրդական պետությունը, համագործակից իր հարևան արևելյան ժողովրդների և Խորհրդային երկրների հետ: Պարսիկ ժողովուրդն արդեն այս ճանապարհը բռնել է։

Խորհրդային Հայաստան, թիվ 268, Շաբաթ, 2 Դեկտեմբերի, 1922թ

Դիտել նաև՝