Հայաստանյան առաջատար դրամատներից ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը և ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբը 2025 թվականի հուլիսի 3-ին կնքել են նվիրաբերության պայմանագիր, համաձայն որի 2025-2026թթ մրցաշրջանում ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու սահմանային, մարզային մանկապատանեկան ֆուտբոլին:
«Մեր ակումբը գործունեության 8 տարիների ընթացքում ԻՆԵԿՈԲԱՆԿ-ից չորրորդ անգամ է ստանում նման աջակցություն, ինչի համար, մեր սաների, ծնողների, մարզիչների և ակումբի անունից երախտիքի խոսքեր ենք ուղղում բանկին և նրա ղեկավարությանը: ԻՆԵԿՈԲԱՆԿ-ի աջակցությունը կազմելու է մեր գալիք տարվա ընդհանուր բյուջեի շուրջ 40 տոկոսը: Առանց այդ օժանդակության մենք կդժվարանայինք հանդես գալ ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունում»,- ասել է ԴՈՎԵՂ ՖԱ-ի ղեկավար Թաթուլ Հակոբյանը:
ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբ են հաճախում 7-ից 14 տարեկան դպրոցականներ Նոյեմբերյան խոշորացված համայնքի շուրջ 10 սահմանային, գյուղական բնակավայրերից, ինչպես նաև Լոռու մարզի Օձուն և Դսեղ գյուղերից:
ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբ ՀԿ
16 հուլիսի, 2025թ













