Անիպեմզա գյուղը, որ նախկինում եղել է քաղաքատիպ ավան, Անի համայնքի մաս է կազմում, որի կենտրոնը Մարալիկ քաղաքն է:
Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:
Անի համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան (Նորշեն, նախկինում՝ Խարկով), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:
Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:
Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:
Անիպեմզան սահմանակից է այսօրվա Թուրքիային արևմուտքից, ինչպես նաև Խարկով, Բագրավան-Նորշեն, Թլիկ, Հակկո, Սորիկ գյուղերին:
Նախկինում, երբ այստեղ ապրում էին քրդերը, գյուղն ուներ Ղըզըլղուլա անունը:
Անիպեմզայի հեռավորությունը մարզկենտրոն Գյումրիից 45, Երևանից 100 կիլոմետր է:
Թեև Անիպեմզայի հիմնադրման թվական է համարվում Խորհրդային ժամանակաշրջանը, իրականում այստեղ մարդիկ բնակվել են ավելի վաղ, հիմնականում՝ քրդեր:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Անիպեմզայի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – տվյալներ չկան,
1873 թվական – 46 հոգի, բոլորը՝ քուրդ,
1886 թվական – տվյալներ չկան
1897 թվական – տվյալներ չկա,
1904 թվական – 101 հոգի,
1914 թվական – 107 հոգի,
1916 թվական – 129 հոգի,
1919 թվական – դատարկված,
1922 թվական – 78 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 193 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 529 հոգի, որից 503-ը՝ հայ, 25-ը՝ այլ, 1-ը՝ ռուս:
Անիպեմզայի մոտ է գտնվում Երերույքի տաճարը՝ կառուցվախ 5-րդ դարում, կարմիր տուֆով։ Անիպեմզային ափամերձ Ախուրյան գետի մյուս ափին գտնվում է Անիի ավերակները։
Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:
Կարդալ և դիտել նաև՝
Լուսանկարում՝ Երերույքի եկեղեցին, հետևում՝ Անիպեմզան
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը












